News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Սույն թվականի փետրվարի 14-17-ը  ԻտալիայիՄիլան քաղաքում տեղի ունեցավ Միջազգային տուրիզմի հերթական ցուցահանդեսը: Եվ այս տարի, առաջին անգամ,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայանում էր Հայաստանից զատ՝ ցուցադրելով գրքեր, հոլովակներ, գինի, կոնյակ եւ այլ նյութեր: Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը բաղկացած էր 4 անդամներից՝ Պատմական միջավայրի պահպանության եւ կառավարության զբոսաշրջության բաժնի տնօրեն Սերգեյ Շահվերդյանի գլխավորությամբ:

Միլանում գործող նորաստեղծ  «Փյունիկ» տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ, Ադրբեջանի տաղավարը գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացնող տաղավարի համարյա հարեւանությամբ: Ազերիները այս անգամ էլ  սեփական պարտությունը «արդարացնելու» համար ընկան ինքնախաբեության գիրկը` չկարողանալով անտեսել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղն իր առանձին տաղավարն ունի եւ աշխարհին է ներկայանում որպես ինքնուրույն միավոր:  Ցուցահանդեսի սկսվելուց հետո հաշված ժամեր անց Ադրբեջանի ներկայացուցիչներից մեկը մոտենում է ԼՂՀ-ի տաղավարին  եւ գոռոզամտորեն հայտարարում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին տաղավար ունենալը  չի համապատասխանում միջազգային իրավական նորմերին: Նա պահանջում է  լքել տաղավարը եւ դադարեցնել Արցախի մասին թերթոնների բաժանումը: Չբավարարվելով միայն հայտարարութուններով, ազերիները նույն   գիշերվա ընթացքում (փետրվարի 15-ին) ներխուժում են ԼՂՀ-ն ներկայացնող տաղավար,  առեւանգում են  գրքույկներ եւ մեծ պաստառը, որի վրա գրված էր «Լեռնային Ղարաբաղ»:

Հարցին միջնորդում է Միլանում գործող Հայաստանի Հանրապետության Պատվո հյուպատոսարանը: Պատվո կոնսուլ Պիետրո Քոչուկյանը, որը այս ամենի ականատեսն ու վկան էր,  Շահվերդյանի հետ միասին դիմում են Ցուցահանդեսի մենեջեր Էմանուելա Ֆոռլինին՝ պատմելով կատարվածի մասին եւ խնդրում են օգնել՝ կանխելու համար ապագա անախորժությունները:

Սակայն պատմությունը այս ամենով չի վերջանում... Հենց հաջորդ օրը Անվտանգության գլխավոր պատասխանատուն  Քուչուկյանին եւ Շահվերդյանին իր գրասենյակ է հրավիրում, որտեղ նրանց էին սպասում  4 ադրբեջանցիներ, այդ թվում` Հռոմից ժամանած Ադրբեջանի նախկին դեսպանը: Ազերիները, առաջ բերելով բազմաթիվ անհեթեթ պատճառաբանություններ, շարունակում են պնդել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  տաղավարի առկայությունը իրավական խախտման արգասիք է: Երկար վիճաբանութունից  հետո, երբ   Անվտանգության գլխավոր պատասխանատուն հասկանում է ադրբեջանական կողմի անհեթեթ պահվածքը, զայրացած դիմում է  վերջիններիս   նշելով, որ ադրբեջանցիները  ճիշտ վայր չեն ընտրել նման քնարկումներ անցկացնելու համար: Ավելին` նման վարքագծի շարունակությունը կարող է հանգեցնել   նրան, որ հաջորդ տարվա  ցուցահանդեսում ադրբեջանցիները կզրկվեն  տաղավար ունենալու հնարավորությունից:

Հաջորդ օրը ազերիները, մոռանալով թե ինչի համար են եկել միլանյան ցուցահանդես, իրենց տաղավարում  նոր պաստառներ են փակցնում` հետեւյալ մակագրություններով.

«1 միլիոն ազերի փախստականներ», «Հայերը ներխուժել են Ղարաբաղ» եւ այլն: Պր. Կուչուկյանը անմիջապես դիմում է Էմանուելա Ֆոռլինին, որը խոստանում է  միջամտել:

Ցուցահանդեսի փակման օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությանը այցելեցին նաեւ իտալահայ գաղութի մի շարք անդամներ՝ Իտալիայի Հայոց հոգեւոր հովիվ Հայր Թովմա աբեղա Խաչատրյանի գլխավորությամբ: Հոգեւոր հովվի այցին ի պատասխան, ֆիերայի փակումից հետո, պատվիրակությունը այցելեց նաեւ Միլանի Սուրբ Քառասուն մանկուք եկեղեցի, որտեղ միասնական աղոթք բարձրացրեցին մեր Հայրենիքի զորացման եւ մեր ազգի բարօրության համար: Հանդիպման վերջում Հայր Թովման Հայրենիքից ժամանած հյուրերին փոխանցեց իր բարեմաղթանքներն ու շնորհակալությունը՝ մեր Հայրենիքի պատիվը բարձր պահելու եւ քառօրյա քրտնաջան աշխատանքի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ