News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թեթեւ արդյունաբերությունը առաջիկայում կներառվի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարական ծրագրում՝ որպես գերակա ուղղություններից մեկը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Այդպիսով՝ գերակա ոլորտների թիվը կհասցվի 8-ի: Դրանք են՝ դեղագործությունը, ադամանդագործությունը (ներառյալ ոսկերչությունն ու ժամագործությունը), ճշգրիտ մեքենաշինությունը, կոնյակագործությունը, գինեգործությունը, սննդի վերամշակումը (հանքային ջրեր, հյութեր, պահածոներ), թեթեւ արդյունաբերությունը, ոչ մետաղական հանքաքարի վերամշակումը:

«Թեթեւ արդյունաբերությունը վերազինման ընթացքում է, շատ ծրագրեր կան, ծավալներն են մեծանում: Այն նաեւ սոցիալական կարեւոր ուղղություն է, քանի որ փոքր ներդրումներով կարելի է շատ աշխատատեղեր ստեղծել, այդ թվում՝ կանանց համար»,- ասաց Տ. Դավթյանը:

Նրա խոսքով՝ մի քանի թեթեւարդյունաբերական ընկերություններ արդեն իսկ հաջողությամբ աշխատում են. «ՎԿՍ», Չարենցավանում իտալական La Perla S.R.L-ի արտադրության կազմակերպումը, Գյումրիում ընդլայնվում է «Գեւորգ եւ Վահան» ընկերությունը, Վանաձորում՝ «Գլորիան»: Տ. Դավթյանը նշեց նաեւ, որ Երեւանի հայտնի «Լյուքս» ֆաբրիկան (կոշիկի արտադրություն) եւս զգալի ավելացրել է արտադրանքը: Միջազգային շուկայում ակտիվացել է նաեւ «Մեգերյան կարպետ» ընկերությունը: Թեթեւ արդյունաբերության առավելություններից մեկն էլ, նախարարի խոսքով, մարզերում տեղաբաշխումն է:

Ընդհանուր առմամբ՝ այս տարվա 2 ամսում թեթեւ արդյունաբերությունում սպասվում է մոտ 30% աճ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ