News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մարտի 22-ին Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւը (Prevention of genocide):

Հայաստանը մշտապես ՄԱԿ-ի շրջանակներում հանդես է եկել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ նախաձեռնություններով, ներկայացնելով բանաձեւերի նախագծեր: Այդ նախաձեռնությունների արդյունքում Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից 1998 թվականին ընդունվել են «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիայի 50-ամյակին նվիրված», 1999 եւ 2001 թթ.` «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին» բանաձեւերը: 2008 թվականին Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունվել է ՄՑեղասպանության կանխարգելման մասին» բանաձեւը: Նշված բոլոր բանաձեւերն ընդունվել են կոնսենսուսով` վայելելով անդամ պետությունների լայն աջակցությունը:

Հայաստանի կողմից առաջարկվող բանաձեւերը նպատակ ունեին համաշխարհային հասարակության մշտական ուշադրության կենտրոնում պահել «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին» կոնվենցիան, դրան առնչվող այլ փաստաթղթերը եւ դրանց կիրառման հետ կապված խնդիրները` նպատակ ունենալով ընդգծել ցեղասպանության հանցագործության վերացմանն ուղղված` պետությունների համատեղ ջանքերի անհրաժեշտությունը:

Բանաձեւի նախագծի նախապատրաստման ընթացքում ՀՀ պատվիրակությունն անցկացրել է բազմաթիվ երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ, որոնց արդյունքում հաջողվեց հասնել կոնսենսուսային տեքստի շուրջ համաձայնության:

Այսօր ընդունված բանաձեւի տեքստում արտացոլվում են այն բոլոր հիմնական զարգացումները, որոնք տեղի են ունեցել աշխարհում ցեղասպանության կանխարգելման համատեքստում՝ նախորդ՝ 2008 թվականի բանաձեւի ընդունումից ի վեր: Բանաձեւում առաջին անգամ անդրադարձ է կատարվում ցեղասպանության կանխարգելման հարցում ճշմարտության իրավունքի վերաբերյալ զարգացումներին` կարեւորելով ճշմարտության խրախուսումը ցեղասպանության կանխարգելման առումով եւ քաջալերելով պետություններին համագործակցել ճշմարտության, արդարադատության, վերականգնման եւ չկրկնման երաշխիքների խթանման հարցերով հատուկ զեկուցողի հետ: Բանաձեւում վերահաստատվում է Համընդհանուր պարբերական դիտարկման մեխանիզմների կարեւորությունը` հրավիրելով պետություններին իրենց ազգային զեկույցներում ներկայացնելու տեղեկատվություն ցեղասպանության եւ այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Հատուկ ուշադրություն է դարձվում ցեղասպանության կանխարգելման գործում կրթության, մասնավորապես կանխարգելիչ նշանակություն ունեցող կրթական ծրագրերի եւ նախագծերի իրականացմանը, կառավարությունների եւ ՄԱԿ-ի համապատասխան գրասենյակների կողմից տեխնիկական աջակցությանը:

Որպես կանխարգելիչ միջոցառում բանաձեւը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրների կառավարություններին սահմանել անցյալում կատարված ցեղասպանությունների զոհերի հիշատակի ազգային օրեր` որպեսզի նման սոսկալի հանցագործությունները երբեք չմոռացվեն:

Բանաձեւի ընդունումը նաեւ խորհրդանշական է այն առումով, որ այս տարի լրանում է ցեղասպանության կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիայի 65-ամյակը: Ընդունված բանաձեւի համաձայն 2014 թ. ՄԻԽ 25-րդ նստաշրջանի ընթացքում կազմակերպվելու է բարձրաստիճան քննարկում` պետությունների, ՄԱԿ համապատասխան կառույցների եւ այլ շահագրգիռ մարմինների մասնակցությամբ:

ՄԱԿ-ի Ժնեեւյան գրասենյակում ՀՀ ներկայացուցիչն իր ելույթում նշել է. «Ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն անցյալում կատարված ցեղասպանությունների զոհերի հիշատակի հարգանքի տուրք է եւ չկրկնման երաշխիք: Բանաձեւը մեր բոլորի ընդհանուր ներդրումն է այդ նպատակին հասնելու համար եւ անցյալից քաղած դասերի հիման վրա անվտանգ ապագա կառուցելու մեր կոլեկտիվ հանձնառության ապացույցը: Չի կարող լինել ցեղասպանության զոհ մեկ ժողովուրդ, ազգ կամ խումբ` եթե կատարվում է ցեղասպանություն, ապա մենք բոլորս ենք զոհ, քանի որ դա մարդկության դեմ կատարված հանցագործություն է: Այնպես ինչպես չի կարող լինել ցեղասպանության համար մեղավոր կամ պատասխանատու մի կառավարություն կամ որեւէ մեկ անձ, մենք բոլորս ենք կիսում պատասխանատվությունը` կանխելու պատասխանատվությունը, պաշտպանելու պատասխանատվությունը»:

Բանաձեւը լայն աջակցություն է ստացել, դրան համահեղինակել են ՄԻԽ բոլոր տարածաշրջանային խմբերը ներկայացնող պետություն: Բանաձեւը համահեղինակելու համար բաց կմնա դեռեւս երկու շաբաթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ