News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Քաղաքաշինության ոլորտում արձանագրված խախտումների վերաբերյալ քրեական գործը շարունակվում է քննվել Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրանք գործի ընթացքի վերաբերյալ որեւէ մանրամասն չհաղորդեցին` պատճառաբանելով, որ այն նախաքննության փուլում է:

Փորձեցինք մանրամասներ ճշտել այդ գործով վկա անցնող Քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանից: Վերջինս NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը մեկ անգամ է հարցաքննվել, շարունակվում է մնալ որպես վկա: «Այդպես մնացել է: Քննության ընթացքում է, ես ոչ մի բանից տեղյակ չեմ»,- նշեց Վարդան Վարդանյանը:

Հարցին, թե ինչով է  զբաղվում այժմ նախկին նախարարը, նա պատասխանեց, որ հանգստանում է: Հարցին, թե բիզնեսո՞վ եք զբաղվում, կուսակցական գործունեությա՞մբ, ավագանու ընտրություններին ներգրավվա՞ծ եք կուսակցական աշխատանքներում, թե՝ ոչ, նա արձագանքեց «Հանգստանում եմ, կուսակցության հետ էլ սերտ կապերի մեջ եմ»:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե  ՀՀ գլխավոր դատախազությունը կրկին Հատուկ քննչական ծառայություն է ուղարկել քաղաքաշինության ոլորտում բացահայտումների փաստով հարուցված քրգործերից մեկը, որը դատախազություն էր գնացել փակելու միտումով:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2012թ. սեպտեմբերի 25-ին հարուցվել էր քրեական գործ` Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական եւ առեւտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:

Քրեական գործի քննությունը հանձնարարվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում Քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը հրավիրվել էր հարցաքննության` որպես վկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ