News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը խոսում է Հայաստանի արտաքին քաղաքականության մասին եւ մեղմ ասած խոսում է ոչ անաչառ: Այդ մասին հայտնել ԱԺ հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը` մեկնաբանելով Վարդան Օսկանյանի` «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցը:

«Այսպես օրինակ, ըստ նրա, վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերությունները անկում են ապրում, փոխայցելություններում սառնություն է նկատվում եւ ընդհանուր առմամբ, զրկված են բովանդակությունից: Չեմ վախենա հայտարարել, որ պարոն Օսկանյանը մեծապես սխալվում է եւ կպնդեմ, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը եւ դաշնակցային փոխգործակցությունը ամուր է քան երբեւէ եւ մեր համագործակցության պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակին է հասել»,- նշել է Սահակյանը:

Վերջինիս խոսքով, հայտնի է, որ որեւէ երկու երկների հարաբերություններում բարձրաստիճան պաշտոնատար անձանց փոխայցելությունների ամենաբարձր աստիճանը համարվում է պետական այցը: «Պարոն Օսկանյանին հիշեցնեմ, որ ոչ նրա պաշտոնավարման տարիներին, ոչ էլ նրանից առաջ Ռուսաստանի նախագահի պետական այց Հայաստան չի եղել: Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը պետական այցով Հայաստան է այցելել 2010թ-ին: Ոչ պարոն Օսկանյանի պաշտոնավարաման տարիներին, ոչ էլ նրանից առաջ Հայաստանի նախագահի պետական այց չի եղել Ռուսաստան: Հայաստանի նախագահ Սարգսյանը պետական այցով Ռուսաստան է այցելել 2011թ-ին:  Ես ընդամենը փոխայցելությունների հարցում անդրադարձա հայ-ռուսական հարաբերություններին, սակայն չկա մեր երկու երկրների համագործակցության ոլորտ, որտեղ վերջին տարիների ընթացքում առաջընթաց չգրանցվի»,- նկատել է Սահակյանը:

Պատգամավորն արձանագրել է, որ պարոն Օսկանյանը դժգոհ է  Հայաստանի արտաքին քաղաքականությունից: «Երկու խոսքով նրա մոտեցումը կարելի է այսպես բնութագրել. իմ ժամանակ ամեն ինչ շատ լավ էր, ինձնից հետո ամեն ինչ փչացավ: Կրկին պիտի չհամաձայնեմ նրա հետ. Հայաստանի արտաքին քաղաքականությունը այսօր շատ ավելի բազմաշերտ եւ շատ ավելի ընկալելի՝ միջազգային հարաբերությունների կարեւոր խաղացողների համար, քան երբեւէ: Դիտարկենք օրինակ հայ-ամերիկյան հարաբերությունները: Մինչ 2010թ-ը,  վերջին անգամ ԱՄՆ պետաքարտուղարը Հայաստան էր այցելել հեռավոր 1992թ-ին: Հետաքրքիր է, ինչու օսկանյական տաս տարիներին որեւեիցե ԱՄՆ պետքարտուղար չգնահատեց կոպլեմենտարիզմը եւ չեկավ Հայաստան։ Նախորդ պետքարտուղարը երկու անգամ ՝ 2010թ-ին եւ 2012-ին Երեւան այցելեց:

Կամ վերցնենք Եվրամիության հետ հարաբերությունները: Հայաստանը եվրաինտեգրման ճանապարհին այնքան առաջ է գնացել, որ համարվում է այսօր Արեւելյան գործընկերության «գերազանցիկներից» մեկը՝ Վրաստանի եւ Մոլդովայի հետ միասին»,- նշել է Սահակյանն ու հավելել. «Այսօր Հայաստանը հանդիսանում է վստահելի եւ կայուն գործընկեր ամբողջ միջազգային հանրության համար: Մեր արտաքին քաղաքականությունը ընկալելի է թե Արեւմուտքի թե Արեւելքի, թե Հյուսիսի թե Հարավի համար: Այն հասել է մի մակարդակի, որ ինչպես նշել էր Վրաստանի վարչապետ Իվանիշվիլին, լավ օրինակ է ծառայում մյուս երկների համար:

Իհարկե, Վարդան Օսկանյանը Հայաստանի դիվանագիտության մեջ ավանդը չպետք է ուրանալ, բայց նա, հավանաբար կարծում է, որ եթե նա չէ մեր դիվանագիտության ղեկին, ապա մեր երկրի արտաքին հարաբերությունները պիտի անկում ապրեն: Բարեբախտաբար, փաստերը եւ զարգացումները տրամագծորեն հակառակն են ցույց տալիս»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ