News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՊԵԿ-ի եւ Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) համատեղ նախաձեռնությամբ ապրիլի 22-26-ին Երեւանում մեկնարկել է «Տրանսֆերային գնագոյացման հարցեր» խորագրով երկու հաջորդական միջազգային ուսումնական դասընթացը:

Եվրոպայի եւ ԱՊՀ 24 պետությունների հարկային մարմինների 80 փորձագետներ հայ գործընկերների հետ կքննարկեն տրանսֆերային գնագոյացման հարցերի կարգավորման իրենց երկրների փորձը:

Ողջունելով դասընթացի մասնակիցներին` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ Հայաստանի հարկային ծառայությունն արդեն երրորդ տարին է, ինչ միացել է Հարկային մարմինների ներեվրոպական կառույցին, ինչը մեզ համար դարձել է միջազգային լավագույն փորձի փոխանակման յուրօրինակ հնարավորություն. «Հայաստանի հարկային ծառայությունը շահագրգռված է ապահովել իր մասնագետների մասնակցությունը Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության միջոցառումներին: Ուսումնական գործընթացների բարձր արդյունավետությունը կնպաստի Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության անդամ երկրներում ավելի ներդաշնակ եւ կանխատեսելի հարկային դաշտի ձեւավորմանը: Ակնկալում ենք, որ այս դասընթացը կծառայի որպես միջազգային լավագույն փորձի փոխանակման հարթակ՝ նպաստելով մեր երկրներում տրանսֆերային գնագոյացման խնդիրների կարգավորման արդյունավետության բարձրացմանը»:

Տրանսֆերային գնագոյացման կանոններն արագ փոփոխվում են ամբողջ աշխարհում եւ այդ պատճառով հարկային մարմինները մեծ ուշադրություն են ցուցաբերում այս ոլորտին: Ակնկալվում է, որ դասընթացը հատկապես օգտակար կլինի Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը ներկայում մշակում է տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ իր օրենսդրությունը: Պատասխանելով լրագրողների հարցին` ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ընդգծել է, որ միջոցառումը կարեւոր նշանակություն ունի մեզ համար. «Տրանսֆերային գնագոյացման հարկման հիմնահարցերը կարգավորելու ուղղությամբ առաջին քայլերն ենք անում եւ այս միջազգային խորհրդաժողովը մեզ համար ուղղորդիչ կարող է լինել` նախանշելու ոլորտի հիմնական ուղղությունները: Մյուս կողմից էլ գործնական քննարկումները հնարավորություն կտան զինել մեր մասնագետներին, որպեսզի նրանք կարողանան ճիշտ կողմնորոշվել միջազգային կազմակերպությունների հարկման հարցերում»:

IOTA-ի ներկայացուցիչ Եվգենիուս Սոլդատկովասն ընդգծել է, որ այսպիսի ձեւաչափով միջազգային ուսումնական դասընթաց երկրորդ անգամ է կազմակերպվում Հայաստանում, ինչը հիանալի հնարավորություն է, որպեսզի կազմակերպության անդամ երկրները գործնական քննարկումների միջոցով կատարելագործեն տրանսֆերային գնագոյացման հարցերի վերաբերյալ իերնց օրենսդրությունը. «Այս միջոցառումը հիանալի հնարավորություն է նաեւ, որպեսզի խթանենք համագործակցությունը ՊԵԿ-ի հետ ու աջակցենք ոլորտին առնչվող օրենսդրության ստեղծմանը»:

Տպել
Ամենաշատ