News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ապրիլի 23-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Անդրկովկասում պապական նվիրակ Նորին Սրբազնություն Մարեկ արքեպիսկոպոս  Սոլչինսկիին, վերջինս Գարեգին Բ-ին է փոխանցել Հռոմի Ֆրացիսկոս պապի նամակը:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ նամակում Սրբազան քահանայապետը շնորհակալություն է հայտնում Գարեգին Բ-ին իր ընտրության առիթով հղված շնորհավորական գրության, ինչպես նաեւ գահակալության արարողությանն անձնապես ներկա գտնվելու համար: «Առանձնակի ուրախություն էր ինձ համար կարողանալ ողջունել Ձեզ Հռոմում իմ առաքելության գահակալությանը…: Ակնկալում ենք շարունակել զորացնել այն բարեկամությունը, որ մենք մի քանի տարի արդեն վայելել ենք», - ասված է Ֆրացիսկոս պապի նամակում:

Իր խոսքում շնորհակալություն հայտնելով ջերմ գրության համար` Ամենայն հայոց կաթողիկոսը վերհիշել է իր հանդիպումները Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ ինչպես Արգենտինայում նրա առաջնորդության շրջանում, այնպես եւ Վատիկանում: Նորին Սրբությունը պապական նվիրակի միջոցով Հռոմի պապին փոխանցեց եղբայրական իր ողջույնները եւ արդյունաշատ գահակալության բարեմաղթանքները:

Զրույցի ընթացքում նաեւ անդրադարձ է կատարվել Հայ առաքելական եկեղեցու եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ջերմ հարաբերություններին, մասնավորապես Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Վատիկանի միջեւ ձեւավորված սերտ համագործակցությանը:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ