News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գյումրիում ապրիլի 23-ին Հարություն Խաչատրյանի («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանի («Շեկո») դեմ ուղղված կրակոցները դիտավորյալ սպանության նպատակ են հետապնդել: Այս մասին, այսօր` ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը: Նրա խոսքով, ոչ ոք անպատիժ չի մնալու: Սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով, նա  մանրամասներ չի հաղորդել:

«Դեպքի հանգամանքներ պարզելուց հետո նոր հնարավոր լինի մանրամասներ  հայտնել»,- ավելացրել է Շիրակի մարզի դատախազը՝ միաժամանակ վստահեցնելով, որ այն անձիք ովքեր ուղղակի կամ անուղղակի առնչություն են ունեցել սույն գործին, ենթարկվելու են քրեական պատասխանատվության:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել է:

Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով:  Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաձիգի 4 պարկուճ, «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ եւ 1 կրակված գնդակ:

Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված Հարություն Խաչատրյանի բաճկոնի գրպանից հայտնաբերվել եւ առգրավվել է «Մակարով» ատրճանակի 1 փամփշտակալ՝ 7 փամփուշտներով:

Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկված Կոլյա Ղուկասյանը, ով Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր՝ Գեւորգ Ղուկասյանի որդին է, ձերբակալված է: Դեպքի հնարավոր ականատեսներ հայտնաբերելու նպատակով հարցաքննվել են վկաներ: 

NEWS.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն, այս պահին ոստիկանությունում է Վարդան Ղուկասյանը: Նրա հարազատների բնակարաններում խուզարկություններ են կատարվում:

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մասնավորապես, գյումրեցիների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն` փետրվարի 10-ին Վարդան Ղուկասյանի եղբորորդի Նիկոլայ Ղուկասյանին գլխին երկաթե ձողով հարվածել է հենց «Քավոր Հարութի» որդին: Իսկ «Քավոր Հարութի» ընտանիքը մոտ հարաբերությունների մեջ է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ: Մասնավորապես «Քավոր Հարութը» տարիներ առաջ սպանված քրեական հեղինակություն «Ավտոկայանի Սերոբի» քավորն է եղել: Իսկ «Ավտոկայանի Սերոբը» ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբայրն է:

Ասում են, որ «Քավոր Հարութը» շատ հայտնի է Գյումրիում:

Վարդան Ղուկասյանը NEWS.am-ին հայտնել էր, որ «դա փողոցային խոսակցություն է»:

Տպել
Ամենաշատ