News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Նախորդ տարիների ինտենսիվ աշխատանքի արդյունքում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալները զգալիորեն մեծացել են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, Մոսկվայում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:

Նալբանդյանը Մոսկվա է մեկնել պաշտոնական այցով: Ռուսաստանի ԱԳՆ ընդունելությունների տանը տեղի է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որն այնուհետեւ շարունակվել է  պատվիրակությունների մասնակցությամբ՝ ընդլայնված ձեւաչափով:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Վերջին հինգ տարիների ընթացքում մեր երկրների ղեկավարները շուրջ հինգ տասնյակ հանդիպումներ են ունեցել: Բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ինտենսիվությունը բնորոշ է երկու երկրների դաշնակցային փոխհարաբերություններին, ինչն արտացոլվում է արտաքին քաղաքական գերատեսչությունների սերտ համագործակցությամբ»:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը անդրադարձել են առավել քան 200 փաստաթղթերից բաղկացած իրավապայմանագրային դաշտի արդիականացման ու ընդլայնման հարցերին: Այս համատեքստում քննարկվել են նոր պայմանագրային նախագծերի շուրջ ընթացող աշխատանքները, որոնք ստորագրման կներկայացվեն բարձր մակարդակի առաջիկա հանդիպումների ընթացքում:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը անդրադարձել են ռազմական եւ ռազմատեխնիկական բնագավառներում առկա սերտ համագործակցությանը:

Նախարարները կարեւորել են միջխորհրդարանական կապերը, երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության հանձնաժողովի գործունեությունը:

Կարեւորվել է հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի դերակատարությունը, որի 3-րդ նստաշրջանը նախատեսված է անցկացնել այս տարվա ընթացքում: Անդրադարձ է կատարվել այս տարվա ընթացքում նախատեսված խորհրդատվությունների ժամանակացույցին:

Բանակցությունների օրակարգում են եղել ՄԱԿ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՀԿ եւ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերը:

Եվրոպայի խորհրդում եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ստանձնելիք նախագահության համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել այդ կառույցների օրակարգային հարցերին։

Նրանք հանգամանալից զրույցել են Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր եւ Միջին Արեւելքում զարգացումների, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ընթացող բանակցային գործընթացի շուրջ, անդրադարձել Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:

Հանդիպմանն առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էր ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը: Այս համատեքստում Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների մշտական ջանքերի համար:

Նախարարների հանդիպմանը հետեւել է համատեղ մամուլի ասուլիսը:

Տպել
Ամենաշատ