News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Տաթեւ-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենայի` ձորում հանգստի տաղավարում գտնվողների վրա գլորվելու դեպքի վերաբերյալ: Գորիսի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լեւոն Հարությունյանը  պատմեց, որ «ԳԱԶ 2410» մակնիշի 62 ՏԼ 928 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ձորում կառուցված հանգստի տաղավարում հանգստացող մարդկանց վրա: «Մոտ հարազատներ էին, գնացել էին քեֆի, ձորում նստած էին, մեքենան, որի մեջ 9 հոգի է եղել, անցնում էր վերեւով, ընկել է ձորը, քեֆ անողների վրա, բոլոր փախել են, մեկը չի հասցրել,  ընկել է իր վրա, նա տեղում մահացել է, 4 հոգի էլ մեքենայի ուղեւորներից են մահացել: Այդ պահին մեր վիրաբույժներից մեկը Տաթեւից վերադառնում էր Գորիս, անմիջապես իջել է ձոր, գնացել օգնություն ցուցաբերել եւ կազմակերպել նրանց տեղափոխումը»,-պատմեց փոխտնօրենը:

Փաստորեն, պատահարի հետեւանքով տեղում մահացել է 5-ը, եւս հինգ հոգի տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց, որոնցից մեկը, սակայն, այնտեղ է մահացել:

Նա նշեց, որ իրենց հիվանդանոց տեղափոխված  5 անձանց երկուսի վիճակը ծայրահեղ ծանր էր: Հետազոտությունների ընթացքում երկու տուժածների մոտ հայտնաբերվել է փայծաղի վնասում եւ անմիջապես երկուսին վիրահատել են: «Նրանցից մեկն ուներ նաեւ գանգուղեղային վնասվածք, գիտակցության խանգարումով, վիրահատության ընթացքում պարզվեց, որ փայծաղը ուղղակի տեղից պոկվել էր, 3 լիտր արյուն կար օրգանիզմում, մինչեւ վիրահատության ավարտը նա մահացավ, չհասցրինք: Երկրորդ տուժածի վիրահատությունն ավարտվել է  բարեհաջող, պետք է ամեն ինչ նորմալ լինի իր մոտ»,- ասաց նա:

Բժշկի խոսքով՝ տուժածների մեջ մի կին կա, որի վիճակը եւս ծայրահեղ ծանր է, գիտակցություն չունի, գանգուղեղային  սալջարդով, քթից, ականջներից արյուն է հոսում, ունի աղիքի պատռվածք որովայնում, հնարավոր է` նրան տեղափոխեն Երեւան: Այս պահին նրան վիրահատում են, թեեւ բժիշկները քիչ հույսեր են տալիս:

Մյուս երկու տուժածները բաց կոտրվածքներ եւ պոլիտրավմաներ ունեն, բժիշկների հավաստմամբ` նրանց վիճակը կայուն է:

Նա նշեց, որ տուժածների ինքնությունը ճշտվում է, նախնական տեղեկություններով` մահացածները հիմնականում Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչներ եւ նրանց հարազատներ են, մահացածների մեջ էլ մի հոգի կա` Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղից:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին, ժամը 16.58-ին ահազանգ էր ստացվել, որ Տաթեւ-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել. կան տուժածներ: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել էր, որ  «ԳԱԶ 2410» մակնիշի 62 ՏԼ 928 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել մոտակա ձորում կառուցված հանգստի տաղավարում հանգստացող մարդկանց վրա: Ըստ նախնական տվյալների՝ կա 6 զոհ եւ 3 տուժած: Ճշտվել է երկու զոհի ինքնությունը՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ Հայկ Մարտիկյան (40 տ.) եւ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ Վրույր Ղազարյան (37 տ.):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ