News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսյանի հարցազրույցը NEWS.am գործակալությանը:

Ի՞նչ հիշողություններ ունեք կապված Շուշիի ազատագրման հետ:

Շուշիի ազատագրումը վաղուց էր ծրագրված եւ տարբեր օրեր էին նշանակվում` ապրիլի 15, ապրիլի 24, մայիսի 1. այդ ժամանակ ձյուն եկավ: Ի վերջո, վերջնական որոշում կայացվեց Շուշին մայիսի 7-ին ազատագրելու վերաբերյալ: Մայիսի 7-ի վաղ առավոտյան ազատամարտիկները եկան խաչերի հետեւից. շղթաներով խաչերը բոլորին չբավականացրեց եւ այդ ժամանակ մենք պարզապես բաժանեցինք խաչեր, որոնք ամրանում են հագուստին` մոտ 300 հատ: Դա էլ բավարար չէր: Դրանից հետո զինվորները սկսեցին իրենց մարտական հագուստի վրա խաչեր նկարել` հայտարարելով, որ դա անում են մարտադաշտում առանձնանալու համար: Դա նման էր յուրօրինակ խաչակրաց արշավանքի:

Ավելի ուշ ես հասկացա, որ Երուսաղեմում երկնքում Տիրոջ Խաչի Հայտնության իրական օրը մայիսի 7-ն է: Այժմ այդ տոնը շարժական է եւ ամեն տարի նշվում է տարբեր օրերի: Սակայն առաջին անգամ դա տեղի է ունեցել մայիսի 7-ին, եւ կարծեց խաչը հայտնվեց ու ուղղորդեց մեր մարտիկներին խաչ ունենալ` պաշտպանված լինելու համար: Նույն օրը երեկոյան 18:00-ին շտաբում մենք օրհնեցինք բոլոր սպաներին ու զինվորներին` նրանց հաղթանակ մաղթելով: Գիշերը սկսվեց Շուշիի ազատագրման մարտը: Հատկանշական է, որ բոլոր զինվորներն ասում էին, որ քաղաքի գրավումից հետո հանդիպման վայրը Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոցն է, եւ եթե նրանք բոլորն այնտեղ հավաքվեն, ապա դա կնշանակի , որ Շուշին ազատագրված է:

Որոշում կայացվեց, որ հաղթանակից հետո կպարենք Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց  տաճարի բակում: Շուշիի ազատագրման օրը տղաները հաղթական տրամադրություն ունեին` չնայած որ ճակատային գիծը երկար էր, յուրաքանչյուրն էլ ցանկություն ուներ մասնակցելու Շուշիի ազատագրմանը: Վիրավորվում էին, երբ այդ օրն իրենց ուղարկում էին ճակատի այլ գիծ: Բոլորը համոզված էին, որ Շուշին ազատագրվելու է: Երբ զրուցում էին Կոմանդոսի հետ, նա ասաց, որ զինվորները պետք է բարձրանան պատասխանատու բարձրունքով եւ զոհերը շատ են լինելու: Մենք պետք է պատրաստ լինեինք 500-600 զինվորների կորստի, 600-700 հոգի կվիրավորվի` ռազմական տեխնիկայի համաձայն: Իրականում մենք կորցրինք 33 զինվոր: Դա ոչ միայն աստծո կամքն էր, այլեւ մեր զինվորների` հայրենիքի մի մասն ազատագրելու ձգտումը, կամքը եւ քաջությունը: Այդ ամենը հանգեցրեց հաղթանակի, որը ռազմական եւ հոգեբանական բեկում մտցրեց պատերազմում: Դա ապացուցեց, որ կարող ենք անել անհնարինը, իսկ ադրբեջանցիները հասկացան, որ անգամ զբաղեցնելով լավագույն դիրքերը` կարող են հպարտություն կրել:

Հիշու՞մ եք Ձեր զգացողությունները, երբ լսեցիք Շուշիի ազատագրման լուրը:

Դա իմ կյանքի ամենաուրախալի պահերից էր: Շուշիի ազատագրումը մեզ համար ճակատագրական էր: Եթե Շուշին չազատագրվեր, գրեթե անհնար կլիներ պահել Ղարաբաղը: Շուշիի ազատագրմամբ մենք հույս ունեիքն, որ կմիավորվենք հայրենի Հայաստանին, իսկ պատերազմի պայմաններում դա մեզ համար նոր հորիզոններ էր բացում: Ուրախությունն աննկարագրելի էր, իսկ ամբողջ Արցախը, Հայաստանն ու Սփյուռքը զգում էին այդ ուրախությունը: Մինչ օրս, ամեն տարի Շուշիի ազատագրման օրը քաղաքի ազատամարտիկները եւ ղարաբաղյան պատերազմի մասնակիցները հավաքվում են Շուշիում: Օրինակ Գեորգի Պետրոսյանը ամեն տարի մայիսի 8-ին գալիս է Շուշի, մոմ է վառում Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարում, ծաղիկներ է դնում զոհված մարտական ընկերների գերեզմաններին:

Շուշին փոխվում է օր օրի, ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել քաղաքը:

Պատերազմից հետո Շուշին մեռյալ քաղաք էր: Թեեւ քաղաքն այդպիսի տպավորություն էր թողնում, մենք սիրում էինք եւ սիրում ենք մեր պատմական Շուշին: Ցանկանում եմ պատասխանել բարոնուհի Քերոլայն Քոքսի խոսքերով. Ես Շուշիի վերականգնումը տեսնում եմ իբրեւ կինոկադր: Շուշին փոխվում է աչքիս առաջ, քաղաքի տարբեր թաղամասերում շատ նորակառույցներ կան, վերանորոգված շենքեր:  Մնում է բոլորը համախմբել՝ ընդհանուր պատկեր ստանալու համար. Քաղաքում նորմալ վիճակում գտնվող շատ օազիսներ կան: Քաղաքը վերածնվում է, սկսում է ժպտալ բնակիչներին:

Մեր ձեռքբերումը, Շուշիի ազատագրումից եւ Արցախի անկախացումից բացի, մեր երիտասարդ սերունդն է: Նոր սերունդ է մեծացել՝ անկախ Արցախի սերունդը, որը չգիտի՝ ինչ է Ադրբեջանը, ովքեր են թուրքերն ու ադրբեջանցիները, սա նոր որակի սերունդ է: Մեզ մնում է միայն ճիշտ դաստիարակել նոր սերնդին: Այն մեր սերնդի համեմատ առավելություն ունի, այն պատերազմի արհավիրք չտեսած սերունդն է, ժպտացող մարդկանց սերունդը:

Սակայն ես կասկածի նշույլ իսկ չունեմ, որ եթե Աստված չանի, պատերազմական գործողություններ սկսվեն, նրանք զենքը ձեռքին կպաշտպանեն հայրենիքը:  Նրանց աչքերում այնքան ինքնավստահություն կա, այնքան կրակ ու գիտակցում: Շուշեցիները երազում են տեսնել քաղաքը վերականգնված ու նույնիսկ մայրաքաղաքի կարգավիճակում։

Շուշիում մահմեդական պատմական հուշարձաններ են մնացել, հիմնականում՝ մզկիթներ, քաղաքի վերականգնման ընթացքում դրանք եւս կվերականգնվե՞ն:

Շուշիում մահմեդական մզկիթներ են մնացել, հիմնականում՝ իրանական: Ես անձամբ դիմել եմ իրանական կողմին, որ եթե ցանկություն ունեն, սեփական միջոցներով վերականգնեն մզկիթները: Իհարկե, մենք էլ կարող ենք վերականգնել դրանք, բայց մինչ այդ պետք է վերականգնենք հարյուրավոր հայկական եկեղեցիներ: Թեեւ մեկ փոքր մզկիթ վերականգնել ենք, իսկ մեծը պատշաճ տեսքի ենք բերել: Մենք, ի տարբերություն մեր հարեւանների, հանգիստ ենք վերաբերվում մեր պատմությանը:

Զրուցեց Մարիա Ասատրյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ