News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կարբի գյուղն ահուսարսափի մեջ պահող եւ «հրեշի» համբավ ունեցող 37-ամյա Վարդան Վարդանյանը հոգեբուժարանում ընդամենը 2 օր է մնացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ծաղկալանջի գյուղապետ Մանվել Մկրտչյանը:

Նա նշեց, որ բժիշկները անհրաժեշտ չեն համարել վերջինիս երկար ժամանակ պահել հոգեբուժարանում, քանի որ նրա վիճակը լավ է, իրեն հանգիստ է պահում: Նրանք դեղեր են նշանակել, եւ այժմ Վարդան Վարդանյանը բուժում է ստանում տնային պայմաններում:

Գյուղապետն ասաց, որ վերջինս գտնվում է Երեւանում` եղբոր տանը` նրա խնամքի եւ հսկողության ներքո: Եղբայրն ասել է, որ հնարավոր է այլեւս չթողնի նրան վերադառնալ գյուղ: Վարդան Վարդանյանը այժմ Երեւանում աշխատում է, առեւտրով է զբաղվում:

Նշենք, որ Վարդան Վարդանյանը ամուսնալուծվել է 2-3 տարի առաջ, երեխաներից մեկն իր մոտ է, մյուսը` կնոջ մոտ: Նրա մոտ հոգեկան խնդիրները ի հայտ են եկել տարիներ առաջ տեղի ունեցած ավտովթարի արդյունքում, սակայն հարազատների, մտերիմների աչքաթող անելու, ուշադրություն չդարձնելու հետեւանքով դրանք կամաց-կամաց սրվել են: Նախորդ տարի որոշ ժամանակ նա պառկել է հոգեբուժարանում, բուժվել եւ դուրս է գրվել:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս է, ինչ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում խուճապ էր։ Գյուղացիները պատմում էին ինչ-որ «հրեշի» մասին, որը մութն ընկնելուն պես հարձակվում է մարդկանց վրա, մորթում է փողոցի շներին եւ բակերից գողացված իրերը շաղ է տալիս փողոցներով մեկ: Խուճապն ու անհանգստությունն այն աստիճանի էին հասել, որ կանայք ու աղջիկները մութն ընկնելուն պես վախենում են տնից դուրս գալ, իսկ տղամարդիկ բահերով ու լոմերով են դուրս գալիս: Կարբի գյուղի «հրեշին» ոստիկանները ապրիլի 18-ի երեկոյան բերման էին ենթարկել: Պարզվել էր, որ նա Ծաղկալանջ գյուղի բնակիչ 37-ամյա Վարդան Վարդանյանն է: Վերջինս չի աշխատում, զբաղվում էր գյուղատնտեսությամբ: Նա նախկինում մարզիկ է եղել` ըմբշամարտիկ: Կարբի գյուղում «հրեշի» հայտնաբերման դեպքի առթիվ իրավական գործընթաց չի սկսվել, քանի որ նախ, որեւէ բողոք չկա, ոչ մի տուժող չկա, եւ հետո, բոլորն էլ հասկանում են, որ նա հոգեկան շեղումներ ունի:

Տպել
Ամենաշատ