News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Մի քանի տասնյակ մարդիկ, այդ թվում` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ակտիվիստներ, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրեր, հավաքվել են  Հայաստանի կառավարության շենքի դիմաց՝ Նոյեմբերյանի զորամասում ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության դեպքի կապակցությամբ: NEWS.am-ի թղթակիցը Կառավարության շենքի մոտից հաղորդում է, որ ցուցարարները պահանջում են հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, սակայն առայժմ պարզ չէ` վարչապետը կընդունի նրանց, թե՝ ոչ: Ցուցարարները հայտնեցին, որ իրենք պահանջում են պատժել այն անձանց, ովքեր մեղավոր են խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությունը պետք է կայանար այսօր, սակայն ծնողները որոշել են Երեւան բերել իրենց որդու դին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից իրական պատճառը լսելու եւ մտադիր են կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնել:

Ճանապարհին՝ Երեւան-Սեւան մայրուղում բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները: Դեպքի վայրից NEWS.am-ին հայտնել են, որ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել: Զինվորի հարազատները զինվորականների մեքենաների պատնեշը հաղթահարելու համար ջարդել են նրանց մեքենաները:

Հարազատների հետ հանդիպման են գնացել ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը եւ Ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը: Ավելի ուշ դեպքի վայր են ուղեւորվել Սեյրան Օհանյանն ու ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը, ովքեր զրուցել են զինվորի հարազատների հետ: Դրանից հետո երկու նախարարները զինվորի հարազատների հետ միասին վերադարձել են նրա հայրենի գյուղ` Վերին Գետաշեն, որպեսզի մասնակցեն Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությանը:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Դ.Խաչատրյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ