News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը


Մայիսի 20-ին ժամը 19.00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն 12-րդ երեխան ունեցած Խարբերդի 41-ամյա բնակչուհի Արմենուհի Մանուկյանը մտադիր է դեռ 5 տղա էլ ունենալ, եթե, իհարկե, առողջությունը թույլ տա:

«Կորցրել եմ իմ 12 ընկերներին եւ որոշել եմ 12 տղա ունենալ, ունեցել եմ 7 տղա, 5 աղջիկ, Աստծուն խնդրում եմ առողջություն տա, որ կարողանանք ունենանք իմ զոհված ընկերներին, իրենց անունները դնենք, միգուցե դրանով մխիթարվեմ»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 12 երեխաների հայր, «Արաբո» գումարտակից Արցախյան ազատամարտի մասնակից, այժմ 2-րդ կարգի հաշմանդամ Գագիկ Հովհաննիսյանը:

Ընտանիքն ունի 7 տղա եւ 5 աղջիկ: Ավագը` Ռաֆայելն է, որը ծնվել է մինչ արցախյան հերոսամարտը, նրան անվանել են պապիկի անունով: Նրանից հետո ծնվել են Ռոբերտը, Սեւադան, Քնարիկը, Ջիվանը, Համլետը, Տաթեւիկը, Տիգրանը, Տիգրանուհին, Մելինեն, Էմանուելը, իսկ երկու օր առաջ` Անահիտը: Մոտ 7 ամիս առաջ էլ ամուսինները թոռնիկ են ունեցել: Գագիկ Հովհաննիսյանը նշեց, որ կցանկանար, որ կինն եւ հարսները միասին գային հիվանդանոց, մեկը իրեն թոռ պարգեւեր, մյուսը` երեխա: «Հիմա 12-րդն եմ ունեցել, գիտեմ` նոր եմ ամուսնացել, նորապսակ եմ, ինձ լավ եմ զգում, շատ երիտասարդ, թարմ»,- ասաց Գագիկ Հովհաննիսյանը:

Երեխաները միջնակարգ կրթություն ունեն, աշխատում են շինարարությունում` որպես բանվոր, «հազիվ հասցրել ենք միջնակարգ կրթություն տալ մեծ դժվարությամբ, բայց եթե պետական աջակցություն լիներ, կսովորեին, մեծ բաների կհասնեին»:  Ընտանիքը, որպես բազմազավակ, պետությունից որեւէ աջակցություն չի ստանում, իսկ որպես պատերազմի մասնակից, թոշակ է ստանում, Պաշտպանության նախարարը եւս ժամանակ առ ժամանակ օգնում է: «Հացը չենք գնում, ալյուր ենք առնում, կինս թխում է, ընկերների խանութից պարտքով վերցնում ենք, հետո տալիս ենք»,- նշեց նա:

Բազմազավակ մայրը` Արմենուհի Մանուկյանը հավելեց, որ ինքը եւ ամուսինը կատարել են իրենց ուխտը, ունեցել են 12 երեխա, մնում է պետությունը գոնե բազմազավակ ընտանիքների մասին օրենք ստեղծի:

Կինը պատմեց, որ ամուսնու հետ ծանոթացել է տրանսպորտում, 16 տարեկան էր, սեր էր առաջին հայացքից, երկու ամիս ընկերություն անելուց հետո փախել են, քանի որ ինքը տան փոքրն էր, ծնողները դեմ կլինեին ամուսնությանը: Արդեն 25 տարի է` զբաղվում է երեխաների դաստիարակությամբ: «Ես ցանկանում էի ունենալ մեծ ընտանիք` տեգեր, տալ, բայց որ կունենամ 12 երեխա, նրանց խնամքով կզբաղվեմ 17 տարեկանից չեմ պատկերացրել: Դժվարությունները միայն ֆինանսների հետ են կապված, չեմ զլացել ոչ մի երեխաների տակը փոխելուց, ոչ ձեռքով  լվացք անելուց, ոչ սառը ջրով լվացք անելուց, անգամ հաց թխելուց, ոչ մի բանից, ինքս սիրում եմ տնական ամեն ինչ, որպեսզի երեխաներս ուտեն ավելի առողջ սնունդ: աշխատում եմ անել այնպես, որ հասցնեմ ամեն ինչ»,- ասաց Արմենուհի Մանուկյանը:

Բազմազավակ մոր երազանքը խաղաղ Հայաստան տեսնելն է, որ իր երեխաները երբեք չտեսնեն պատերազմ, ինչպես իրենք, ինչպես նաեւ ցանկանում է, որ նրանք ֆինանսական խնդիրներ չունենան:

Ինգա Մարտինյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ