News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Նախնական հաշվարկներով՝ Հայաստանի բնակչությանը մատակարարվող գազի սակագինը 1 խմ-ի համար կկազմի 156 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: Այս մասին մայիսի 23-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը:

Ըստ նրա՝ այս թիվը ստացվում է «ՀայՌուսգազարդի»՝ գազի սակագինը վերանայելու հայցն ուսումնասիրելու  արդյունքում՝ նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը երեսուն տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը:

Հարցին, թե ինչու է Հայաստանի գնած 1000խմ գազի գինը Պետեկամուտների կոմիտեի տվյալով կազմում 240 դոլար, այն դեպքում, երբ կառավարությունը 189 դոլար է նշում, Բաղրամյանը պատասխանեց, որ հայցի հետ նրանք նաեւ ներկրման մասին պայմանագիր են ստացել, որտեղ նշված էր, որ 2013թ. ապրիլի 1-ից Հայաստանը գազը գնում է 240 դոլարով: Իսկ հարցին, թե հնարավոր չէր արդյոք գազի գինն իջեցնել «ՀայՌուսգազարդի» շահույթի կրճատման հաշվին, Բաղրամյանը պատասխանեց, որ ընկերության մաքուր եկամուտը կազմում է ութ տոկոս, ինչը նման ծավալի ներդրումներ ապահովող ընկերության համար նվազագույն ցուցանիշ է:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք գազի սակագնի թանկացումն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառ կդառնա, Բաղրամյանը նշել է, որ դա էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման պատճառներից մեկն է միայն: Սակայն կան նաեւ բազմաթիվ այլ գործոններ, ինչպիսիք են ազգային արժույթի փոխարժեքի փոփոխությունը, համակարգում կապիտալ ներդրումները եւ այլն:  Բաղրամյանն ընդգծել է, որ այսպես թե այնպես էլեկտրաէներգիայի գները վերանայվելու էին: Նա նաեւ տեղեկացրել է, որ գները կբարձրանան մոտավորապես 27%-ով:

Իր հերթին Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նշել է, որ այդ թանկացումը ծանր հարված կհասցնի քաղաքացիների գրպանին, ինչպես նաեւ  կարող է փոքր բիզնեսի սնանկացման պատճառ դառնալ, որն առանց այդ էլ աշխատում է ցածր եկամուտով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ