News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտների օրհնության օրվա առթիվ:

Շնորհավորանքում ասվում է.

«Լուսո խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական սիրով ողջունում եւ մեր օրհնությունն ենք բերում ուսումնական հաստատությունների շրջանավարտներին «Վերջին զանգի» տօնական առիթով:

Սիրելի շրջանավարտներ,

Ավարտելով ուսումնառության շրջանը` դուք այսօր Տիրոջ կամքով կյանքի մի նոր հանգրվանի եք հասել: Ձեր առջեւ բացվում են լայն ճանապարհներ, որոնցով դուք` երիտասարդներդ պիտի ընթանաք դեպի իրագործումը նվիրական Ձեր իղձերի ու երազանքների: Նոր հաջողությունների ու ձեռքբերումների ճանապարհներին ձեր առջեւ հառնելու են նաեւ նոր խնդիրներ, գուցեեւ` դժուարություններ: Ահա թե ինչու բոլոր այդ ճանապարհների համար սաղմոսերգուն պատվիրում է Տիրոջ խոսքով առաջնորդվել. «Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, եթե ոչ Քո խօսքերը պահելով» (Սաղմոս 118:9):

Մեր աղոթքն է, որ Ամենակարող Տերը զորացնի Ձեզ հավատքով եւ իմաստությամբ շնորհազարդի` գտնելու կյանքի ճշմարիտ ճանապարհները, լինելու ազնիվ զավակներն ու արժանավոր քաղաքացիները մեր երկրի ու ժողովրդի: Մաղթում ենք ձեզ բարի եւ լուսավոր ապագա, արդար ու քաջարի գործեր:

Հայրապետական մեր սերն ու գնահատանքն ենք բերում նաեւ կրթության ոլորտի երախտավոր մշակներին եւ ծնողներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել մեր ժողովրդի զավակներին կրթելու եւ բարձր արժանիքներով դաստիարակելու համար:

Տիրոջ շնորհները, սերը եւ աստվածային սրբարար զորությունը թող լինեն ամենքիդ հետ այսօր եւ միշտ. Ամեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ