News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում  պատգամավորների եւ կառավարության անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել գազի սակագնի բարձրացման հետ կապված քննարկում:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն իր ելույթում անդրադարձել է գազի ներկրման գնի ձեւավորմանը՝ զուգահեռներ անցկացնելով միջազգային շուկայում տիրող իրավիճակի հետ եւ տեղեկացնելով, որ գազի գինը ամբողջ աշխարհում թանկացման միտում ունի: Նա զեկուցել է նաեւ, որ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանի վրա ձառքբերվող գազի գնի վերաբերյալ, ինչը կկազմի 270 դոլար, որը տարածաշրջանում կշարունակի մնալ ամենացածրը: Բանակցությունները դեռ շարունակվում են մեր պետության կողմից արդեն իսկ հայտարարված 30 տոկոս փոխհատուցման մասով, որի արդյունքում գազի գինը 270 դոլարից կիջնի 189 դոլար: Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ սոցիալապես անապահով խավերի համար լրացուցիչ փոխհատուցում կլինի եւ նրանց համար գազի գինը կմնա նույնը: Նա նաեւ հավելել է, որ ՀՀ կառավարությունը փորձում է խնդիրը լուծել այնպես, որ պետական բյուջեի վրա լրացուցիչ բեռ չառաջանա:

Նախարարը հերքել է շրջանառվող այն լուրերը, թե իբր Իրան-Հայաստան գազատարը փոքր տրամաչափ ունի այլընտրանքային դառնալու համար: Նրա խոսքով՝ այդ գազատարը  բավարարում է երկրի գազասպառման պահանջները, բայց ավելի նպատակահարմար է գազ գնել Ռուսաստանից, քանի որ  Իրանի գազի վաճառքի գինը ավելի բարձր է:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը տեղեկացրել է, որ «Հայռուսգազարդը» հանձնաժողովին էր դիմել՝ առաջարկելով մինչեւ 10 հազար խմ ծախսող բաժանորդների համար սահմանել 221 հազ. դրամ, այսինքն՝ 1 խմ գազի գինը  սահմանել 221 դրամ՝  նախկինում գործող 132 դրամի փոխարեն: Սակայն քննարկումների արդյունքում, հաշվի առնելով պետության կողմից 30 տոկոս փոխհատուցման փաստը եւ սահմանի վրա 189 ԱՄՆ դոլար գինը, ինչպես նաեւ «Հայգռուսգազարդի» ներկայացրած կապիտալ ներդրումների եւ այլ ծախսերի հետ կապված  հաշվարկների իջեցումը հանձնաժողովի կողմից,  որոշվել է մինչեւ 10 հազար խմ սպառողների համար 1 խմ գազի վաճառքի սակագին սահմանել 156 դրամը: Ռոբերտ Նազարյանը տեղեկացրել է, որ գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն 8 դրամով, այսինքն՝ բնակիչ բաժանորդների համար 1 կվ էլեկտրաէներգիան կարժենա 38 դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ