News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ցուցահանդեսները, որոնք առաջիկա երեք օրերին կկազմակերպվեն Հայաստանում, թեեւ ողբերգական իրադարձություններ են արտացոլում, այնուամենայնիվ, հիասքանչ են: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին «Հետքերով որբերի հայոց» խորագիրը կրող լուսանկարների բացվելիք  ցուցահանդեսի առթիվ հրավիրված մամուլի ասուլիսում ասել է ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը:

Դեսպան Հեֆերնն առաջին հերթին շնորհակալություն է հայտնել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանին, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի հիմնադրամի խորհրդի անդամ Շանթ Մարտիրոսյանին՝ նախաձեռնության շրջանակում համագործակցության, ինչպես նաեւ ցուցահանդեսի կազմակերպման գործում ունեցած ավանդի համար:

«Լուսանկարներում ցուցադրվածը ամերիկյան ժողովրդի առատաձեռնության եւ հայ ժողովրդի խիզախության լավագույն համադրումն է, որն էլ հենց օգնել է բազմաթիվ մարդկանց կյանքեր փրկել», - նշել է դեսպանը:

Ըստ Հեֆերնի՝ այդ պատմական էջը հայ եւ ամերիկացի ժողովուրդների միջեւ սերտ հարաբերությունների հաստատման առաջին փուլն է եղել: «Հայ ժողովրդին աջակցող այդ նախաձեռնությունը նաեւ պատմական էր՝ հաշվի առնելով, որ այն ԱՄՆ-ի կառավարության կողմից տրամադրված մարդասիրական ամենաառաջին մեծ օգնությունն էր», - ասել է դեսպանը՝ ընդգծելով, որ կան հստակ փաստեր, ըստ որոնց՝  Օսմանյան Թուրքիայի գոյության վերջին տարիներին  1,5 միլիոն հայեր դարձել են ցեղասպանության եւ բռնագաղթի զոհ:  «Եվ ամերիկացի ժողովուրդն անտարբեր չի նայել հայ ժողովրդի դժբախտությանը, սկսվել է դրամահավաք, հազարավոր հայ որբեր են փրկվել», - եզրափակել է Ջոն Հեֆերնը:

Նշենք, որ «Նարեկացի» արվեստի միության  նախաձեռնությամբ եւ Մերձավոր Արեւելքի հիմնադրամի, ինչպես նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ կազմակերպվում է «Հետքերով որբերի հայոց» խորագիրը կրող  լուսանկարների ցուցահանդես: Բացումը տեղի կունենա մայիսի 25-ին՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, բացման խոսք կասի Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը: Նման ցուցահանդեսներ կբացվեն նաեւ մայիսի 26-ին՝ Երեւանի «Նարեկացի» արվեստի միության շենքում, եւ մայիսի 27-ին՝ Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատանը: Երեք ցուցահանդեսներն էլ գործելու են մինչեւ հունիսի 8-ը, մուտքն անվճար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ