News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, այսօր՝ մայիսի 30-ին, ընդունել է ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին, ով Երեւան է ժամանել մասնակցելու ԵԽԽՎ Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի նիստերին:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով պարոն Մինյոնի առաջին այցը Հայաստան` Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այն տեղի է ունենում Հայաստանի համար շատ կարեւոր իրադարձության` ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ընթացքում: «Եվրոպայի խորհրդում Հայաստանի առաջին նախագահությունը նշանակալի իրադարձություն է մեր երկրի համար: Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար իր ներդրումն ու մասնակցությունն ունենալ անդամ երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության, համամարդկային արժեքների տարածմանն ուղղված Եվրոպայի խորհրդի օրակարգի ձեւավորման գործում»,-ասել է ԱԺ նախագահը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակել խաղաղ ճանապարհով խնդրի լուծմանն ուղղված իր ջանքերը: Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ հայկական կողմը հիմնախնդրի լուծումը տեսնում է միայն Մինսկի խմբի ձեւաչափում խաղաղ բանակցային ճանապարհով` հիմնված հայտնի երեք սկզբունքների` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման վրա: «Ադրբեջանը, սակայն, իր ռազմատենչ կեցվածքով գործընթացը տանում է փակուղի, եւ նրա այս դիրքորոշման պատճառով է, որ առաջընթաց չի գրանցվում»,-ասել է ԱԺ նախագահը:

ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը կարեւորել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները` այս համատեքստում բարձր գնահատելով խորհրդարանի դերը: Շնորհավորելով Հայաստանին ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ` ԵԽԽՎ նախագահը նշել է, որ Հայաստանի համար կարեւոր եւ պատմական հնարավորություն է ստեղծվել առաջ մղելու ԵԽ քաղաքական օրակարգը եւ հավաստիացրել է, որ իր աջակցությունը կցուցաբերի Հայաստանի նախագահության ընթացքում նախաձեռնությունների իրականացմանը: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ Մինյոնը նշել է, որ այն պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում եւ մադրիդյան սկզբունքների հիման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ