News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ հունիսի 5-ին, այցելել է ԱՄՆ Կոնգրես, ուր հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի մի շարք անդամների հետ՝ համանախագահներ Ֆրենք Փալոունի ու Մայք Գրիմի գլխավորությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նալբանդյանը շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին իրենց գործունեության համար, կարեւորել է Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի դերը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում:

Կոնգրեսականները ներկայացրեցին հանձնախմբի աշխատանքները եւ առաջիկա ծրագրերը եւ նշեցին, որ շարունակելու են իրենց գործունեությունը՝ ի նպաստ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ բարեկամության զարգացման:

Կոնգրեսականների խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը, անդրադարձավ տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին:

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ղեկավար Դանիել Յոհանեսի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը քննարկեց կորպորացիայի կողմից Հայաստանում ծրագրերի վերսկսման հնարավորությունը:

Էդվարդ Նալբանդյանի վաշինգտոնյան այցի օրակարգում էր նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթը Միացյալ Նահանգների մայրաքաղաքի առաջատար քաղաքագիտական կենտրոններից մեկում՝ Միջազգային եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնում:

Նախարարի ելույթին ներկա էին պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ դեսպաններ, քաղաքագետներ, վերլուծաբաններ եւ Վաշինգտոնում հավատարմագրված դիվանագետներ:

Նախարար Նալբանդյանն իր ելույթում եւ հարցերին պատասխաններում ներկայացրեց հայ-ամերիկյան հարաբերությունները, Միացյալ Նահանգներ իր այցելության նպատակներն ու արդյունքները, Եվրախորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Վաշինգտոնում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը առանձին հանդիպումներ ունեցավ նաեւ Հայ Դատի հանձնախմբի եւ Ամերիկայի Հայկական համագումարի ներկայացուցիչների հետ։

Ավարտելով այցելությունը` նախարար Նալբանդյանն ուղեւորվեց Վիեննա, ուր հունիսի 6-ին նախատեսված է նրա ելույթը ԵԱՀԿ մշտական խորհրդում՝ որպես Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ