News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 29
USD
478.54
EUR
529.17
RUB
7.98
Տեսնել լրահոսը

Կառավարությունն, ինչպես հայտնի է, ձեռնամուխ է եղել աշխատավարձերի աճը խթանելու քաղաքականության: Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամն է, որ կառավարությունը ծրագրային պարտավորություն է ստանձնում ապահովել աշխատավարձերի համակարգված աճ: Մինչ այսօր Հայաստանում աշխատավարձերի աճը միշտ էլ «վազել է» գնաճի հետեւից, ու միշտ չէ, որ կարողացել է հասնել դրան: Այդպես էր, օրինակ, 2010-11 թ.թ. ճգնաժամային տարիներին, երբ միջին աշխատավարձերի աճը որոշակիորեն հետ էր մնում գնաճի տեմպից (իրական աշխատավարձը նվազում է): Այս համամասնությունը հօգուտ աշխատավարձի աճի փոխվեց միայն 2012 թ., սակայն էական բեկում, այս առումով, չկա: Իսկ երբ աշխատավարձի աճը հետ է մնում գնաճից` նշանակում է մարդկանց կենսամակարդակն անկում է ապրում: 1994 թվականից հետո առաջին անգամ Հայաստանում 2010 եւ 2011 թ. պաշտոնապես գրանցվել է իրական աշխատավարձի անկում (2-3%-ի շրջանակներում): Նշենք սակայն, որ 1991-94 թ.թ. իրական աշխատավարձի անկումը տեղի էր ունենում տարեկան 40-60%-ի սահմաններում: Իրական աշխատավարձի ամենաբարձր աճ արձանագրվել է 1995 թ.` 46.3%, որից հետո աճի տեմպը սկսել է կտրուկ նվազել, սակայն երկար տարիներ դեռ արտահայտվում էր երկնիշ թվով: Նախաճգնաժամային 2008 թ. իրական աշխատավարձի աճի տեմպն արդեն միանիշ էր` ընդամենը 8%:

Հարկ է նշել, որ համաշխարհային ճգնաժամը աշխատավարձերի վրա ազդել է ողջ աշխարհում: Ըստ ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության զեկույցի` 2008 եւ 2009 թ.թ. ողջ աշխարհում էլ տեղի է ունեցել աշխատավարձի աճի տեմպի համարյա կրկնակի անկում: Ավելին` նշվել է, որ մինչ ճգնաժամն էլ արդեն իսկ նկատվում էր աշխատավարձի աճի տեմպի նվազում, ու դա ինչ-որ չափով նպաստել է ճգնաժամի առաջացմանը` պահանջարկի անկման պատճառով: Մեկ այլ խնդիր էլ առաջացնում է աշխատավարձերի անհավասար բաշխումը` ցածր աշխատավարձ ստացողների թվի աճն առաջացնում է սոցիալական լարվածություն ու պահանջարկի անկում նույնիսկ այն դեպքերում, երբ բարձր աշխատավարձ ստացողների հաշվին միջին աշխատավարձի աճ է գրանցվում: Այդ պատճառով էլ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը ուշադրություն է հրավիրում հետեւյալի վրա` աշխատանքի արտադրողականության աճին նպաստում են կոլեկտիվ պայմանագրերն ու ցածր աշխատավարձ ստացողների թվի նվազումը (այսինքն` այս 2 ուղղությունները պետք է միասնաբար գործեն): Կոլեկտիվ պայմանագրերը, մասնավորապես, նպաստում են տվյալ կազմակերպության ներսում աշխատավարձերի անարդարացի համամասնությունների վերացմանը: Հայաստանում կոլեկտիվ պայմանագրերի մշակույթ ձեւավորված չէ, ու առաջիկայում հազիվ թե ձեւավորվի: Հավանաբար այդ պատճառով` կառավարությունը շեշտը դրել է նվազագույն աշխատավարձի բարձրացման քաղաքականության վրա:

Ի՞նչ է տալու նվազագույն աշխատավարձի բարձրացումը: Բոլոր այն դիտարկումները, թե այն ռիսկեր է պարունակում, բավականաչափ հիմնավորված չեն: Բավականաչափ հիմնավորված չեն նաեւ չափից ավելի լավատեսական գնահատականները: Խնդիրն այն է, որ մենք ունենք աշխատավարձային մեծ ստվեր, ու նվազագույն աշխատավարձի բարձրացումը պարզապես ստիպելու է ստվերային աշխատավարձերի մի մասը օրինական ձեւակերպել: Իսկ դա առաջացնում է հարկային լրացուցիչ պարտավորություն, ու գործարարների դժգոհությունները հենց այդտեղից են գալիս: Այսինքն` փաստացի մարդու աշխատավարձը կարող է եւ չբարձրանալ, ընդամենը ձեւակերպումների փոփոխություն կլինի:

Սխալ են նաեւ այն ենթադրությունները, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը տնտեսական համակարգում անմիջապես համատարած միջին աշխատավարձերի աճ կառաջացնի: Ընդհակառակը` գազի, էլեկտրաէներգիայի ու տրանսպորտի թանկացումը ամենուրեք ինքնարժեքի թանկացման կբերի, իսկ դա նշանակում է, որ գործարարների մոտ ռեսուրսներ չեն լինի աշխատավարձ բարձրացնելու համար: Միայն պետական հատվածում, թերեւս, տեղի կունենա աշխատավարձերի որոշ աճ, սակայն այստեղ էլ հարկավոր է նշել, որ քաղծառայողների բազային դրույքի մեծությունը 45 հազ. դրամ է, ու դեռ հայտնի չէ` երբ է կառավարությունը պատրաստվում վերանայել այդ դրույքը:

Այնուամենայնիվ` նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը իր հետեւից վաղ թե ուշ տանում է աշխատավարձերի համակարգային աճի: Հայաստանում «նվազագույն աշխատավարձ» հասկացությունը ներդրվել է 1991 թ., ու այն ժամանակ կազմում էր ընդամենը 75 խորհրդային ռուբլի: 2014 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանվեց 110 դրամ, ու երկար տարիներ այն փոխկապված չէր տնտեսական համակարգի աշխատավարձերի հետ` ծառայելով զուտ որպես հաշվարկային մեծություն: Միայն 2004 թ. այս առումով կատարվեց լուրջ քայլ` նվազագույն աշխատավարձը 5000 դրամից բարձրացվեց միանգամից մինչեւ 13 հազ. դրամ, հետեւաբար` նվազագույն աշխատավարձը արդեն ձեւական ու զուտ հաշվարկային բնույթ չէր կրում: Հենց այդ տարիներին էլ ձեւավորվեց նվազագույն աշխատավարձի ու միջին աշխատավարձի որոշակի կայուն համամասնություն` 1/3.3: Դատելով այս համամասնությունից` միջին աշխատավարձը Հայաստանում, 45 հազ. դրամ նվազագույն աշխատավարձի պարագայում, կարող է բարձրանալ մինչեւ 150 հազ. դրամ: Սակայն պարտադիր չէ, որ դա տեղի ունենա անմիջապես:

Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը աշխատավարձային ճյուղային անհամամասնությունների վերացումն է: Բանկային համակարգում միջին աշխատավարձը բարձր է 500 հազ. դրամից, իսկ առեւտրի եւ մշակույթի  ոլորտներում այն 60 հազ. դրամի սահմաններում է: Եկամուտների նման անհավասարաչափ բաշխումը թույլ չի տալիս մակրոտնտեսական պահանջարկը հավասարաչափ բաշխել: Պատահական չէ, որ որոշ երկրներում օրենսդրական սահմանափակումներ կիրառվեցին ֆինանսական կառույցներում բոնուսները վերացնելու կամ կարգավորելու համար: Հարկավոր է, որ աշխատավարձերը բարձրանան իրական հատվածում, ոչ թե ֆինանսական, միայն այդ դեպքում կառավարությունը կարող է դրական հետեւանքներ ակնկալել աշխատավարձը բարձրացնելու իր քաղաքականությունից:

Սամվել Ավագյան

Տպել
Այս թեմայով
Ամբողջ
Հայաստանի հարկային համակարգը նպաստում է բնակչության եկամուտների անհավասարությանն
Եկամտահարկի սանդղակը մեզ մոտ պրոգրեսիվ է...
Մամուլ. Չինաստանն ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների սեփական «անվտանգության առան
Պեկինը Վաշինգտոնի գործողությունները գնահատում է որպես տարածաշրջանում Չինաստանի աճող ազդեցությունը սահմանափակելու փորձ...
Հայաստանին տարբերակված մոտեցում է հարկավոր էներգակիրների սակագները որոշելու համա
Պետության գործառույթներից մեկը՝ ի դեմս կառավարության եւ կարգավորող մարմինների, մենաշնորհի եւ սպառողների շահերը հավասարակշռելն է…
Ինչո՞վ է նշանավորվել հունվար-մայիսը Հայաստանի տնտեսության համար
Այս ֆոնին դրականորեն առանձնանում է ծխախոտի արդյունաբերությունը, որտեղ արտադրանքի ֆիզիկական ծավալն աճել է մեկ երրորդով...
Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը կարող է անդրադառնալ հավի տոտիկների
Մոտեցումը ողջունելի է, քանի որ համեմատաբար էժան ներկրվող արտադրանքը քիչ թե շատ…
Վրաստանը եվրաինտեգրման պատճառով ապրանքների տարանցման վճարը չի բարձրացնի
Սակագները աճում են անկախ քաղաքականությունից…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news