News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հունիսի 14-ին տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը։

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ ժյուրիի նախագահ Արամ Թալալյանը հայտարարել է հաղթողների անունները։ Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի հաղթող ճանաչվեց Ռումինիան ներկայացնող թավջութակահար Անդրեյ Իոնիցան։ Երկրորդ մրցանակը ստացավ Աննա Մորոզովան (Ռուսաստան)։ Ժյուրին սահմանել էր երկու երրորդ մրցանակ, որոնց արժանացան Ալեքսանդրա Պերլովան (Ռուսաստան) եւ Գայանե Խաչատրյանը (Հայաստան)։

Սահմանվել էին նաեւ մի շարք հատուկ մրցանակներ։

Մրցույթի պատվավոր հյուր, Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Պավել Կոգանը, իր խոսքում կարեւորելով փառատոնի անցկացումը տաղանդավոր երիտասարդների ճանապարհ հարթելու գործում, նշեց, որ հաղթողը՝ Անդրեյ Իոնիցան, հնարավորություն ունի հանդես գալ Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ:

MIDEM classical and jazz worldwide-ի տնօրեն Կորնելիա Մուխը հատուկ մրցանակ հանձնեց Անդրեյ Իոնիցային՝ նրան հրավիրելով մասնակցել 2014 թ. փառատոնին: Նա դաշնակահար Արմեն Բաբախանյանին ու թավջութակահար Գայանե Խաչատրյանին եւս հրավիրեց մասնակցելու փառատոնին: Կորնելիա Մուխը շատ բարձր գնահատեց խաչատրյանական մրցույթի անցկացումը։ Նա կարեւորեց նաեւ ժյուրիի անաչառ եւ պրոֆեսիոնալ աշխատանքը։

Մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը սահմանել է հատուկ մրցանակ ՙՀանդիսատեսի համակրանք՚ անվանակարգում: Այն շնորհվեց Լեւոն Առաքելյանին (Հայաստան):

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան սահմանել էր հատուկ մրցանակ Արամ Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի լավագույն դաշնակահարին: Ժյուրիի որոշմամբ մրցանակը շնորհվեց Արմեն Բաբախանյանին եւ Արթուր Ավանեսովին:

ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամն էլ սահմանել էր հատուկ մրցանակ երկու հայ մասնակցի` Հակոբ Աթյանի եւ Միքայել Նավասարդյանի համար, որոնք 2013-2014թթ. համերգաշրջանի ընթացքում կմեկնեն ԱՊՀ երկրներ հյուրախաղերի:

Արամ Խաչատրյան տուն թանգարանը, ըստ ավանդույթի, սահմանել էր մրցանակ Արամ Խաչատրյանի սոլո սոնատի լավագույն կատարման համար: Այն հանձնվեց Անդրեյ Իոնիցային (Ռումինիա):

Դրեզդենի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգային գործունեության պլանավորման ղեկավար Քերն Քոփը, խոսելով Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի մասին, այն համեմատեց եվրոպական մրցույթների հետ։ Քերն Քոփն ընդգծեց, որ բացի շնորհալի երաժիշտներին բացահայտելուց, մրցույթն աշխարհում տարածում է Արամ Խաչատրյանի երաժշտությունը։ 

Հիշեցնենք, որ հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային մրցույթը, որն այս տարի ուղղված էր երիտասարդ թավջութակահարների բացահայտմանը, մեկնարկել էր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի օրը՝ հունիսի 6-ին, եւ անցկացվել է 3 փուլով։

Փակման հանդիսավոր արարողությանն առաջին մրցանակակիրը հանդես եկավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։ Հիշեցնենք, որ մրցույթի բացման արարողությանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես էր եկել մենակատար, աշխարհահռչակ թավջութակահար Գոտյե Կապյուսոնը Ֆրանսիայից, ով կատարել էր Արամ Խաչատրյանի թավջութակի կոնցերտը:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում եւ անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարի անցկացվել է նոր կարգավիճակում. այն մայիսին դարձել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ