News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) երկրներում առողջապահական արդյունքները վերջին 50 տարիների ընթացքում ամենադանդաղն են առաջխաղացում արձանագրել: Այս մասին նշվել է Համաշխարհային բանկի «Բարելավելով առողջապահական համակարգի արդյունքները Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում» նոր զեկույցում, որն այսօր՝ հունիսի 25-ին, քննարկել են Հայաստանում առողջապահության ոլորտի պաշտոնյաներն ու մասնագետները:

Զեկույցը առաջարկում է բարելավել առողջապահական հիմնական արդյունքները, ապահովել համարժեք ֆինանսավորում եւ հզորացնել ինստիտուցիոնալ հիմքերը, որպեսզի տարածաշրջանում առողջապահության համակարգը կատարելագործվի:

ԵԿԱ-ի եւ Արեւմտյան Եվրոպայի երկրների միջեւ կյանքի տեւողության տարբերությունը 1960-ականներից ի վեր մեծացել է, մինչդեռ միջին եկամուտ ունեցող այլ տարածաշրջաններում կյանքի տեւողությունը հավասարվել, ապա եւ գերազանցել է ԵԿԱ ցուցանիշը: Մինչեւ 1990 թվականը Հայաստանի արձանագրած ցուցանիշը դեռեւս անգերազանցելի է ներկայումս երկրի արձանագրած ցուցանիշների հետ համեմատած: Բոլորովին վերջերս, տարածաշրջանի բոլոր երկրներում արձանագրվել է դրական միտում, սակայն Արեւմտյան Եվրոպայի երկրներին հասնելու համար դեռեւս երկար ճանապարհ է սպասվում:

«ԵԿԱ-ի բնակչության շրջանում ամենատարածվածը սրտանոթային հիվանդություններն են,»-նշել է Օուեն Սմիթը, ով Համաշխարհային բանկի առողջապահության ոլորտի առաջատար տնտեսագետն է եւ զեկույցի համահեղինակը: «Այս խմբի հիվանդություններով է պայմանավորված Արեւմտյան Եվրոպայի եւ ԵԿԱ-ի միջեւ արձանագրված կյանքի տեւողության տարբերության կեսից ավելին: Տարածաշրջանում սրտանոթային հիվանդությունների նման տարածվածությունը ինքնաբերաբար պետք է հանդիսանա համարժեք քաղաքականության որդեգրման թիրախ»:

Սրտանոթային հիվանդություններով պայմանավորված մահացության կրճատման համար անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ: Դրանց շարքում ամենակարեւոր երկուսը ծխախոտն ու ալկոհոլն են: Հայաստանում սրտանոթային մահացության կրճատման համար անհրաժեշտ կլինի ծխախոտի առավել խիստ հարկման, նախնական բուժօգնության միջոցով բարձր ճնշման բարելավված դիտրակման եւ առողջապահական համակարգի բոլոր մակարդակներում ծառայությունների մատուցման որակի բարձրացման համադրությունը:

Հայաստանում առողջապահական համակարգի խոցելի կետերից մեկը ֆինանսական ապահովությունն է, քանի որ տնային տնտեսությունների մի զգալի մասը բժշկական ծախսերի արդյունքում ենթակա է աղքատացման վտանգին: Միեւնույն ժամանակ աղքատների եւ հարուստների միջեւ առողջապահության մատչելիության անհավասարության առումով տարածաշրջանում երկիրը արձանագրել է բարձր ցուցանիշներից մեկը: Ֆինանսական պաշտպանվածության բարելավման համար կպահանջվի աջակցության որոշակի ընդլայնված փաթեթի համադրություն, խոցելի խմբերի դեպքում առողջապահական ծրագրերի առավել լավ թիրախավորում եւ ոչ ֆորմալ վճարումների կրճատում:

«Ֆինանսատնտեսական ճգնաժամը ստիպեց, որպեսզի Հայաստանում ամենաաղքատ տնային տնտեսությունների կեսը նվազեցնի առողջապահական ծախսերը,»-նշել է Ժան Միշել Հապին, ով Հայաստանում ղեկավարում է Համաշխարհային բանկի գրասենյակը: «Որպեսզի առավել բարձրորակ առողջապահական ծառայությունները լարցուցիչ բեռ չառաջացնեն տնային տնտեսությունների վրա, առաջարկում ենք բարելավել ծառայությունների թիրախավորումը աղքատների համար, միեւնույն ժամանակ բարելավելով հանրային առողջապահական ծախսերի արդյունավետությունը»:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ