News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Երեւանի Արցախի պողոտայում տեղի ունեցած խոշոր վթարից  երկու ամիս անց «Շտապօգնության» բժիշկ Արմեն Մկրտչյանը դուրս է գրվել «Էրեբունի» հիվանդանոցից, բայց դեռ լիովին չի ապաքինվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնության» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Նա նշեց, որ բժիշկը բավականին լուրջ վիրահատություններ է տարել` ոտքերի, ծնոտի, եւ երկար ժամանակ կպահանջվի ապաքինման համար: Թագուհի Ստեփանյանն ասաց, որ վերջինս արդեն այցելում է Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն, օգտվում մի շարք ծառայություններից: Հստակ չէ, թե ինչքան կպահանջվի նրա ապաքինման համար, դա կախված է բուժման ընթացքից եւ օրգանիզմից: Թագուհի Ստեփանյանը հույս ունի, որ բժիշկը լիովին կվերականգնվի:

Ինչ վերաբերում է վթարի հետեւանքով տուժած «Շտապօգնության» վարորդին`  Հակոբ Գալստյանին եւ բուժքրոջը` Անյա Մովսիսյանին, ապա նրանք երկուսը ապաքինվում են ու դեռ չեն վերադարձել աշխատանքի:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ի ուշ երեկոյան, ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Արցախի պողոտայում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել էր, որ վթարը տեղի է ունեցել Արցախի պողոտայի թիվ 32 Ա շենքի մոտակայքում: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել էին շտապօգնության 007 ՍԼ 64 եւ «Մերսեդես» մակնիշի 03 ՕՍ 078 համարանիշեր ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Մերսեդեսի» վարորդ՝ 34-ամյա Ա. Չիբուխչյանը տեղում մահացել էր: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցներ` բժիշկ, 33-ամյա Ա. Մկրտչյանը, բուժքույր Ա. Մովսիսյանը եւ վարորդ Հ. Գալստյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրանք տարբեր օրգանների համակցված վնասվածքներ էին ստացել՝ պոլիտրավմա:

Հիվանդանոցից հայտնել էին, որ բժշկի մոտ առկա է ծանր գանգուղեղային վնասվածք, թոքերի վնասվածք, ազդոսկրի կոտրվածք: Բուժքրոջ մոտ առկա է թոքերի ծանրագույն սալջարդ, վիրահատել են փայծաղը լյարդը կարել են եւ այլն: Վարորդ Հակոբ Գալստյանն ունի վնասվածքներ կրծքավանդակի, կոնքի, ազդոսկրի, սրունքոսկրի հատվածներում:

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը Թագուհի Ստեփանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ նրանք գնում էին Խարբերդ` կանչ սպասարկելու: Այդ ժամանակ նույն ճանապարհով «Շտապօգնության» երկու մեքենաներ էին ընթանում իրար հետեւից, առաջին մեքենայի վարորդը կարողացել էր խուսափել դիմացից եկող «Մերսեդեսի» հետ բախումից, իսկ երկրորդին դա չէր հաջողվել: «Շտապօգնության» վարորդը պատմել էր, որ դիմացից եկող «Մերսեդեսը» լույսերը չէր միացրել:

Տնօրենը նաեւ տեղեկացրել էր, որ «Շտպաօգնության» երեք աշխատակիցներն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ: Բուժքույրը եւ վարորդը երկար տարիներ է` աշխատում են «Շտապօգնությունում», իսկ բժիշկը` մեկ տարվա աշխատող է,նախկինում նա աշխատել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ