News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մեր երկրի ու իշխանությունների համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է նախագահել Եվրոպայի խորհրդում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, Երեւանում, «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովում ունեցած ելույթում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես, ասվել է.

«Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում մենք նախաձեռնեցինք այս խորհրդաժողովի հրավիրումը` հատկապես կարեւորելով հիմնախնդիրը, որն այս օրերին բոլոր մասնակիցների կողմից դառնալու է շահագրգիռ քննարկումների առարկա:

Այս վեցամսյա ժամանակահատվածը մենք ձգտելու ենք արժեւորել այնպիսի նախաձեռնություններով, որոնք նոր խթան կդառնան եվրոպական արժեքային համակարգի հետագա զարգացման ու ամրապնդման, իրավունքի գերակայության սկզբունքի անշեղ իրագործման համար:

Ժողովրդավարական զարգացումների անխուսափելի տրամաբանությունն էր, որ եվրոպական իրավական համակարգում իրավունքի գերակայության երաշխավորումը դարձավ անկյունաքարային արժեք: Եվրոպայի խորհրդի` 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված կանոնադրության 3-րդ հոդվածում միանշանակ սահմանվեց, որ Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետք է ընդունի իրավունքի գերակայության սկզբունքը: Նման մոտեցումը նոր որակ հաղորդեց նաեւ միջազգային հարաբերությունների հետագա ծավալմանը` դրանց հիմքում դնելով արժեքային հստակ կողմնորոշիչ, որի համաձայն՝ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեք են:

Իր հերթին՝ պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք: Սրանք նաեւ մեր երկրի Սահմանադրության սահմանադրական կարգի հիմունքներում ամրագրված դրույթներ են, որոնք կանխորոշում են անհատի ու պետական իշխանության վարքագիծն իրավական պետության ու քաղաքացիական հասարակության կայացման գործում:

Համոզված եմ, որ ժողովրդավարական բոլոր երկրներում սահմանադրական մակարդակում այս կամ այլ կերպ ամրագրված է իրավունքի գերակայության սկզբունքի էությունը: Սակայն գլխավոր խնդիրն այն կյանքի կոչելն է, իրավունքով իշխանության սահմանափակումը կյանքի կանոն դարձնելը:

Հատկապես նոր ժողովրդավարության երկրների համար դա պահանջում է համակարգված ու հետեւողական աշխատանք: Պահանջում է անկախ դատական համակարգի առկայություն եւ անաչառ արդարադատության իրականացում:

Մեր երկիրն այս ոլորտներում համակարգային բարեփոխումների նոր փուլ է թեւակոխել եւ հետեւողականորեն իրականացնում է մեծ հեռանկարների միտված ծրագրեր: Դրանց բոլորի առանցքը մարդն է, նրա իրավունքների ու ազատությունների երաշխավորումը, երկրում այնպիսի մթնոլորտի ձեւավորումը, որտեղ կգերակայեն հանդուրժողականությունը, բազմակարծությունը, անխտրականությունը, արդարությունն ու փոխադարձ վստահությունը:

Համոզված եմ նաեւ, որ իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչներին ու իշխանությունների հայեցողության սահմանների հիմնախնդիրներին նվիրված համաեվրոպական այս բացառիկ խորհրդաժողովը մնայուն ավանդ կբերի ինչպես մեր երկրում, այնպես էլ Եվրախորհրդի անդամ մյուս երկրներում առկա մարտահրավերների հաղթահարման, մարդկանց իրավունքների առավել արդյունավետ երաշխավորման, ապահովման ու պաշտպանության գործում:

Կրկին ողջունում եմ խորհրդաժողովի մասնակիցներին եւ մաղթում արդյունավետ ու արգասաբեր աշխատանք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ