News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երեւանում հուլիսի 9-ին կայացել է մարդու իրավունքների հարցերով միջգերատեսչական առաջին նիստը: Հանձնաժողովը գլխավորել է Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Դրա կազմում ներառվել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Առաջին նիստին ներկա են գտնվել Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ, ԵԽ եւ ԵԱՀԿ պատվիրակությունների ղեկավարները:

Բացելով հանձնաժողովի նիստը՝ Արթուր Բաղդասարյանը հիշեցրել է, որ այն ձեւավորվել է նախորդ տարի Մարդու իրավունքների վերաբերյալ ռազմավարության շրջանակներում: Ծրագրվում է, որ առաջիկայում կընդունվի տվյալ ռազմավարության Իրականացման գործողությունների ծրագիր, որը շրջանառության մեջ է:   «Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի ազգային անվտանգության առաջնային խնդիրներից է»,-ընդգծել է Բաղդասարյանը: Նա ընդգծել է, որ մինչ օրս մի շարք օրենքներ կան, որոնք մարդու իրավունքների խախտման համար որոշակի հնարավորություններ են տալիս: Նա նշել է, որ հանձնաժողովի աշխատանքը պարբերական մոնիթորինգներով կուղեկցվի: Աշխատանքն ավելի նպատակային դարձնելու համար աշխատանքային խմբեր կձեւավորվեն:

Իր հերթին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը մեծ կարեւորություն ունի եվրոպական արժեքների համատեքստում:

ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկը հիշեցրել է, որ Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի ձեւավորումը համընկել է ԵԽ-ում Հայաստանի առաջին նախագահության հետ, ինչը Հայաստանին այս ոլորտում ավելի կատարելագործվելու հնարավորություն է ընձեռում:

Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինն ընդգծել է, որ մարդու իրավունքների հարցն անբաժան է իր ներկայացրած կազմակերպության մանդատից եւ հիշեցրել, որ ԵԱՀԿ գրասենյակը Հայաստանի հետ այս ուղղությամբ սերտ աշխատանքներ է տանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ