News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի լրատվամիջոցները ծաղրում են Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահավոր վթարի մեղավոր համարվող Հայաստանի քաղաքացուն: Սա Տվերի շրջանային դատարանի երեկվա նիստի մասին մոսկովյան հեռուստաալիքների ռեպորտաժները դիտելուց եւ ռուսական լրատվական գործակալությունների հրապարակած հոդվածները կարդալուց մնացած միակ եզրակացությունն է:  Դատական նիստում որոշվել էր նախնական երկամսյա կալանք սահմանել ամբաստանյալ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ:

Ակներեւաբար, «առավելագույնս համոզիչ պատկեր» ստեղծելու համար առավել ծաղրական նյութը պատրաստել էր Համառուսական պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությունը եւ դրա տեղեկատվական «Վեստի» բաժնի թղթակից Օլգա Սկաբեեւան՝ Վլադիմիր Պուտինի սիրելի լրագրողներից մեկը, որը Ռուսաստանի նախագահին ուղեկցում է գրեթե բոլոր այցերի ընթացքում:

Սյուժեն ցուցադրվել է «Ռոսիա 1», «ՌՏՌ-Պլանետա» («Ռոսիա 1»-ի միջազգային տարբերակը, որը Հայաստանի տարածքում շատ կասկածելի հիմունքներով հեռարձակվում է ազգային մետրային հաճախականությամբ) եւ մի քանի անգամ՝ «Ռոսիա-24» շուրջօրյա տեղեկատվական հեռուստաալիքով:

«Գույնզգույն տաք բամբազե խալաթով եւ բոբիկ ոտքերին հագած հողաթափերով մարդը հենց Հրաչյա Հարությունյանն է: Ասֆալտին ընկնելու հետեւանքով ձեռքին եղած երեք քերծվածքները (խալաթի տակից վիրակապ է նշմարվում) Հայաստանի 46-ամյա քաղաքացու կյանքին չեն սպառնում: Կրկնակի հետազոտությունից հետո վարորդին հասցնում են Մոսկվայի Տվերի դատարան: Հարությունյանը ոչ մի անգամ հայացքը չբարձրացրեց: Նրա բառաչը (այդպես են ասում քննիչները) եւ առավոտյան ցուցմունք տալուց հրաժարվելը առողջական վիճակի հետ հաստատ կապ չունեն, դերասանություն են:  Բայց, ավելի շուտ, շոկ կամ վախ են. Հարությունյանն արդեն գիտի, որ իր ԿԱՄԱԶ-ից թափված խիճը ավտոբուսի 18 ուղեւորների է սպանել: Հայաստանի քաղաքացուն 2 ամսով կալանավորում են», - այսպես է իր սյուժեն սկսում http://www.vesti.ru/doc.html?id=1106115&cid=8 ռուսական պետական հեռուստաընկերության առաջատար լրագրողը՝ ոչ միայն խախտելով  լրագրողական էթիկայի նորմերը, այլեւ  մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հերթական  անտեղյակությունը դրսեւորելով: Անմեղության կանխավարկածը եւ այն, որ Հարությունյանն առայժմ ամբաստանյալ է, իսկ քննությունը նախնական փուլում է, սյուժեի հեղինակին ակնհայտորեն քիչ են հուզում:

Հետո գալիս է ամենակարեւոր մասը՝ կանացի խալաթով տղամարդու կադրերը: Սյուժեում բազմիցս ցուցադրելով դրանք եւ շեշտելով  «գույնզգույն տաք բամբազե խալաթով եւ բոբիկ ոտքերին հագած հողաթափերով մարդը» արտահայտությունը, Սկաբեեւան մշտապես «մոռանում է» նշել, որ տղամարդուն դատարան են տարել հենց կանացի խալաթով, ինչը մարդու տարրական իրավունքների կոպիտ խախտում է, ծաղր՝ ռազմավարական դաշնակից հանդիսացող պետության քաղաքացու նկատմամբ:

Թղթակիցը, նյութը հեռարձակած խմբագիրները, հակառակը, հաճույք են ստանում մեղադրյալի արտաքին տեսքից՝ ասես փորձելով Ռուսաստան ապօրինի հիմունքներով աշխատելու գնացած ատելի կովկասցու հավաքական կերպար ստեղծել:  Սակայն գործընկերները մի կարեւոր դետալ հաշվի չեն առել. կանացի քրչուփալասով դատարան տարված տղամարդը, անգամ եթե նա սերիական մարդասպան է, այլ ոչ թե ահավոր ավտովթարի մեղավոր, ոչ թե իր պետության դեմքն է ներկայացնում, այլ այն երկրի, որտեղ հնարավոր է դառնում նման ծաղրը:

Սակայն սա ռուսական լրագրողներին քիչ էր թվացել, եւ որոշվել էր պարտադիր հիշատակել ամբաստանյալի «բառաչը»՝ մոսկովյան ոստիկանության մամուլի ծառայության ինքնատիպ մարգարիտը. «Նրա բառաչը (այդպես են ասում քննիչները) եւ առավոտյան ցուցմունք տալուց հրաժարվելը առողջական վիճակի հետ հաստատ կապ չունեն, դերասանություն են: Բայց, ավելի շուտ, շոկ են կամ վախ. Հարությունյանն արդեն գիտի, որ իր ԿԱՄԱԶ-ից թափված խիճը ավտոբուսի 18 ուղեւորների է սպանել»: Այստեղ արդեն Օլգա Սկաբեեւան ակնհայտորեն շփոթության մեջ է. մեկ իրեն իրավունք է վերապահում «հաստատ» ինչ-որ բան պնդելու, մեկ եզրահանգումներն «ավելի շուտ»-ի մակարդակում են:

Իսկ անմեղ մարդկանց մահվան պատճառ դարձած ահավոր ողբերգության գլխավոր «հերոս» է դառնում ոչ թե վերջնականապես կործանված ճակատագրով Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ոչ թե ժամանակին  «թռած» ապօրինաբար էժան աշխատուժ օգտագործած ռուսաստանյան ընկերության ղեկավարությունը, այլ  Մոսկվայի քաղաքապետի պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը: Փորձելով սեպտեմբերի 8-ին կայանալիք Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների համար գրավել մոսկվացիների համակրանքը՝ մայրաքաղաք եկած  ազգությամբ բնավ ոչ ռուս այս սիբիրցին կտրուկ վերածվեց «ռուս հայրենասերի», որը մշտապես բարձրացնում է ապօրինի միգրանտների եւ նրանց արտաքսման հարցը:

Դա նաեւ հասկանալի է. Մոսկվայում վերջին խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում «Եդինայա Ռոսիայի» եւ Վլադիմիր Պուտինի ցուցանիշներն ամենաձախողվածն էին, եւ մայրաքաղաքային ընտրազանգվածի ղեկավարը դրա հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Ուստի «շուտափույթ» հարկավոր է կադրում երեւալ եւ ապօրինի միգրանտների մասին երգել:

Ահա այսպիսի տեղեկատվական քաղաքականություն է վարում Ռուսաստանի գլխավոր հեռուստառադիոընկերությունը, որի համար կանացի հագուստով տղամարդը, ակնհայտորեն, բնական երեւույթ է: Իսկ արդյունքում ռուս-հայկական ռազմավարական եւ տնտեսական ամուր միության կողմնակիցներին մնում է ոչ թե հիշել ահավոր ողբերգության զոհերին, այլ մտածել ՌԴ պետական լրատվամիջոցների քաղաքականության հետեւանքների մասին, որը Ռուսաստանում հակակովկասյան, իսկ Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում,  հակառուսական տրամադրությունների աճ է հրահրում: Ժամանակը չէ՞, որ Հայաստանի համապատասխան պետական կառույցները խորհեն կատարվող դեպքերի պատճառների մասին: Գոնե ԱԳՆ հրավիրեն Ռուսաստանի դեսպանին եւ Համառուսական պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության քաղաքականության վերաբերյալ պարզաբանում պահանջեն:

Սարգիս Աղախանյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ