News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Նոր Մոսկվայում» վթարի հիմնական մեղավորը ոչ թե բեռնատարի վարորդն է, այլ դրա սեփականատերը: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայնի «Հատուկ կարծիք» հաղորդման ընթացքում հայտնել է իրավաբան Միխայիլ Բարշեւսկին:

«Ես չգիտեմ, միգուցե այդ երկու անձինք համընկնում են: Բայց եթե նա սեփականատերը չէ, այլ ուրիշ մարդ է, մեղավորը սեփականատերն է, քանի որ ակնհայտ է, որ վարորդը կանխամտածված չի խախտել կանոնները»,- նկատել է Բարշեւսկին:

Նրա խոսքով, վթարի կադրերն ու սխեմաները ցույց են տալիս, որ առանց արգելակների երթեւեկող վարորդը փորձել է խուսափել իր առջեւ գտնվող մեքենաների հետ բախումից:

«Մայրուղի դուրս գալուս առաջ նա շրջել է մեքենան, հարվածը ճակատային չէր: Նա ղեկը շրջել է ձախ, մեքենան ընկել է, եւ արդեն այդ վիճակում բախվել ավտոբուսին: Այսինքն, նա փորձել է ինչ-որ բան անել: Ուստի բոլոր մեղքերը նրան վերագրելը վաղաժամ է: Ես, իհարկե, քննիչ չեմ, բայց վթարների գործերով փորձ ունեմ, մեքենան եղել է առանց արգելաների եւ հավաքված էր պահեստամասերից, դա սեփականատիրոջ մեղքն է»,- ասել է Բարշեւսկին:

Հաղորդավարի դիտարկմանը, թե վարորդը պետք է վստահ լիներ, որ արգելակներն աշխատում են, Բարշեւսկին պատասխանել է, թե «արգելակների խողովակնրը սովորություն ունեն պատռվել ոչ այն պահին, երբ պետք է, եւ ոչ էլ երբ ստուգում են»:

Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով: Հարությունյանը Բոտկինսկի հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով՝ բժիշկները նրան դուրս են բերել դեղորայքային քնից: Նրան առանց սափրվելու, հողաթափերով եւ կանացի խալաթով դատարան են բերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ