News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը, հանդես է եկել հայտարարությամբ` իր խորին մտահոգությունը հայտնելով Սիրիայի մշակութային ժառանգության շարունակական ավերման վերաբերյալ: Խորհուրդը նաեւ հավաստել է Սիրիայի ժառանգության պրոֆեսիոնալների կողքին գտնվելու իր պատրաստակամությունը` հանուն այդ երկրի մշակութային ժառանգության փրկության: 

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.

«Ընդհարումը, որն սկսել է 2011 թվականից եւ այսօր էլ շարունակվում է Սիրիայում, ուղեկցվում է մարդկային լայնածավալ ճգնաժամով եւ անգնահատելի մշակութային արժեքների ավերմամբ, ներառյալ` որպես Համաշխարհային ժառանգություն գրանցված ժառանգության օրինակները:

ԻԿՕՄՕՍ-ը մասնավորապես մտահոգ է «Կրակ դե Շեվալիե»  դղյակի կրած վնասների առիթով, որի վերաբերյալ բազմաթիվ զեկույցներ են հրապարակվել լրատվամիջոցներում, ինչպես նաեւ արվել են տեսակադրեր` ռմբակոծություններից պատճառված վնասների վերաբերյալ:

Մեկ անգամ եւս հիշեցնելով Զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի կոնվենցիան (1954թ.), որին անդամակցում է նաեւ Սիրիան, ԻԿՕՄՕՍ-ը սույն զինված կոնֆլիկտի բոլոր կողմերին հորդորում է հարգել եւ պաշտպանել մշակութային ժառանգությունը: ԻԿՕՄՕՍ-ը կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ մշակութային վայրերն ու նրանց մատույցները այնպիսի նպատակներով օգտագործելուց, որը կարող է վնաս պատճառել այդ ժառանգություններին: Զինված ընդհարման բոլոր կողմերը պետք է զերծ մնան թշնամական որեւէ գործողություն իրականացնելուց այդ վայրերի նկատմամբ: ԻԿՕՄՕՍ-ը պնդում է ապառազմականացնել Սիրիայի մշակութային ժառանգության բոլոր վայրերը, ներառյալ` բացառիկ համընդգրկուն արժեք ունեցող հուշարձաններն ու վայրերը: ԻԿՕՄՕՍ-ը պաշտպանում է նաեւ Համաշխարհային ժառանգության կոմիտեի որոշումը, որը Սիրիայի Արաբական Հանրապետությանը հրավիրում է վավերացնել Հաագայի 1954թ. կոնվենցիայի Երկրորդ արձանագրությունը (1999թ.):

Ասպետների եւ Սալահ էլ-Դինի դղյակները հանդիսանում են Խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանում (11-13դդ.) Մերձավոր Արեւելքի ռազմական ճարտարապետության զարգացման եւ մշակութային ազդեցությունների ուշագրավ օրինակներ: Դրանցից Ասպետների դղյակը , որի կառուցումը 13-րդ դարում շարունակել են նաեւ մամլուկները, Խաչակրաց արշավանքների դղյակների ամենից լավ պահպանված օրինակներից է:

Ցավոք, 1-ին անգամը չէ, որ այս պատերազմի ընթացքում Սիրիայի ժողովուրդը եւ միջազգային հանրությունն  ականատես են լինում Սիրիայի համաշխարհային ժառանգության ոչնչացմանը: Բազմաթիվ հուշարձաններ ու վայրեր հին Հալեպում դարձել են կոնֆլիկտի թիրախ, այդ թվում` պատմական շուկան եւ Մեծ մզկիթը:

Մեծ մտահոգությունների տեղիք են տալիս նաեւ բազմաթիվ հնագիտական վայրերի ապօրինի պեղումները, ինչպես նաեւ խորհրդանշական շատ հուշարձանների դիտավորյալ ավերումները:

Հաշվի առնելով Սիրիայի ժառանգությանը սպառնացող ահագնացող վտանգները` Համաշխարհային ժառանգության կոմիտեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցված 6 հուշարձաններն ու վայրերը հիմնական ցուցակից տեղափոխել է Համաշխարհային ժառանգության վտանգված ցուցակ: Այդ հուշարձանների թվում են պատմական Հալեպն ու Դամասկոսը, Սիրիայի հյուսիսային շրջաններում գտնվող անտիկ գյուղերը, Պալմիրան, Բոսրան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ