News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արդեն մեկնարկել են բնակարանաշինության «Նոր Հալեպ» ծրագրի իրականացման աշխատանքները. նախատեսվում է ամենաորակյալ կառուցվածքներով եւ բարձր սեյսմակայունությամբ շենքեր կառուցել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսում նշել է Քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը՝ հավելելով, որ շինարարությունը կսկսվի մոտ ժամանակներս:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ 2013թ հունիսի 6-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանն աջակցելու մասին» որոշումը եւ դիմել է Աշտարակի քաղաքապետին, որի հիման վրա Աշտարակի ավագանին 2013թ հուլիսի 23-ին որոշում է կայացրել Աշտարակում «Նոր Հալեպ» անվամբ բնակելի թաղամաս հիմնելու եւ այն կառուցապատելու նպատակով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ին 4.8 հա հողամաս անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերելու վերաբերյալ:

Նախատեսվում է կառուցել 5-10  երկու մուտք ունեցող չորսհարկանի բնակելի շենք եւ շուրջ 100 առանձնատուն: «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի կողմից հաշվառվել է շուրջ 300 սիրիահայ ընտանիք, որոնք ցանկանում են բնակարան ձեռք բերել «Նոր Հալեպ» բնակելի թաղամասում, նրանցից մի քանիսը հալեպաբնակ են եւ մշտական բնակության նպատակով վերադառնալու են Երեւան: Կազմակերպությունը զբաղվում է սիրիահայերի կարիքների գնահատմամբ եւ կկազմակերպի բնակարանների բաշխումը:

Նախարարը նշել է, որ ծրագիրը նախատեսված է իրականացնել պետության, հովանավորների, բարերարների աջակցությամբ: Գումարի մի մասը վճարելու են սիրիահայերը: «Նոր Հալեպ» բնակելի թաղամասի կառուցման նպատակով առաջին նվիրատվությունն արել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանը՝ նվիրաբերելով 100 հազար ԱՄՆ դոլար: Բարերարներ Կարեն եւ Սամվել Կարապետյանները եւս պատրաստակամություն են հայտնել աջակցել այս ծրագրին: Նախարարը նշել է, որ 36 հայ նկարիչներ եւս աջակցում են այս ծրագրին եւ նրանց աշխատանքների ցուցահանդես-վաճառքից ստացված գումարները նվիրաբերելու են սիրիահայերի աջակցության ֆոնդին:

ԵՊՃՇՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Տիգրան Բարսեղյանն էլ ասել է, որ նախագծային քայլերը կատարելիս յուրովի մոտեցում են ցուցաբերելու եւ նախագծային առաջադրանքի հստակեցման դեպքում, նախագծումը ավարտուն տեսք կստանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ