News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Արզնի» առողջարան, որը վերակառուցվել է ՀՀ կառավարության որոշմամբ` փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցելու նպատակով ստեղծված «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից տրամադրված միջոցների հաշվին:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վարչապետը շրջել է առողջարանի մասնաշենքերով, բուժական կաբինետներով, ծանոթացել հանգստի եւ բուժման կազմակերպման պայմաններին ու հնարավորություններին, վարկային միջոցների հաշվին կատարված ներդրումային եւ շինարարական աշխատանքներին: Տիգրան Սարգսյանը հանդիպել է նաեւ ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվող սոցիալական փաթեթի շրջանակում առողջարանում հանգստացող եւ բուժվող քաղաքացիներին, ովքեր գոհունակություն եւ շնորհակալություն են հայտնել առողջարանում ստեղծված պայմանների եւ սոցիալական փաթեթի ներդրման ծրագրի համար:

2013 թ. առողջարանը «ՓՄՁ ներդրումներ» կազմակերպությունից ստացել է 300 մլն ՀՀ դրամ վարկային միջոցներ, որից շուրջ 235 մլն ՀՀ դրամն ուղղվել է առողջարանի առաջին մասնաշենքի վերակառուցմանը: Աշխատանքներն սկսվել են 2013 թ. մարտին, ավարտվել` հուլիսին: Վերակառուցվել են ինչպես կեցության սենյակները, այնպես էլ բուժական կաբինետները: Առողջարանը բուժական նոր կաբինետներ է ստեղծել, ներկրել բուժական ժամանակակից տեխնիկա: Խորհրդային տարիներին համամիութենական համբավ ունեցող բազմապրոֆիլ համալիր-առողջարանը, նոր շունչ ստանալով, շարունակում է սիրտ-անոթային համակարգի, աղեստամոքսային տրակտի խրոնիկ հիվանդությունների, հենաշարժիչ ապարատի հիվանդութունների, նյութափոխանակության խանգարումների, շաքարային դիաբետի, ճարպային փոխանակության խանգարումների, նեւրոզի եւ մի շարք այլ հիվանդությունների բուժումը:

Առողջարանային հանգստի ոլորտի զարգացմանը նոր շունչ է հաղորդել նաեւ կառավարության նախաձեռնություններից մեկը՝ սոցիալական փաթեթի ներդրումը, որի ներդրման օրվանից սկսած` «Արզնի» առողջարանում բուժվել եւ հանգստացել է տարեկան շուրջ 300 սոցիալական փաթեթի շահառու՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Բացի այդ, պետպատվերի շրջանակում առողջարանում իրենց բուժումն են կազմակերպում Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ