News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրոպական մի քաղաքից ինքնաթիռով տուն էի  գալիս: Կողքիս նստած էր մի միջահասակ հայ կին իր թոռնիկի հետ: Հինգ-վեց տարեկան տղա, որն անընդհատ ինչ-որ բան էր ուզում տատիկից ու տեղում անհանգիստ պտտվում էր, հարց էր տալիս, ջուր էր ուզում ու թափում, մի խոսքով՝ կնոջ հոգին հանում էր: Ուղեկիցս «տուրիստ» էր գալիս Լոս Անջելոսից՝ իր բարեկամներին տեսակցելու: Իր ասելով՝ իննսունականների սկզբին ընտանիքով գաղթել էին Միացյալ Նահանգներ: Էջմիածնից էր, տնային տնտեսուհի, բայց խոսքի մեջ ամեն մի բառից հետո կրկնում էր «մայ գադ, մայ գադ», իսկ պատասխանները անխտիր համեմում էր «օքէ»-ով՝ կարծես, այդ բառերից մի տեսակ հաճույք էր ստանում, ասես երեսովս էր տալիս, թե՝ «տե՛ս ես ամերիկացի եմ արդեն», չնայած, առավել քան վստահ եմ, որ անգլերեն հազիվ երկու բառ կարողանար իրար կապել: «Ամերիկանիզմները» հանած, տիկինը խոսում էր Էջմիածնի շրջակա գյուղերի անապակ բարբառով՝ “ուզըմ եմ”, “ուտըմ եմ”, “ըզգըմ եմ” (“Ընենց լավ եմ ըզգըմ ինձ, օր մերոնց պտի տենամ”) և այլն:

Նկատելով իմ հետաքրքրությունը թոռան (Ջեքի էր անունը) հանդեպ (փորձում էի իմնանալ ի՛նչ է մտածում այդ մանչուկը, ի՛նչ գիտի), կինը մի թեթև իրեն հավաքեց, կարծես թռիչքի էր պատրաստվում, ու հանդիսավոր արտաբերեց՝ «սիթիզեն բալես ա է՜», ու հետո, դառնալով տղային, խանդաղատանքով շոյեց նրա գլուխն ու քնքուշ շշնջաց՝ «վա¯յ մեռնե՛մ սիթիզեն բալիս բոյին»: Ես գիտեի, որ ով ծնվում է Ամերիկայում, միանգամից այդ երկրի քաղաքացի է դառնում, բայց որ այս «սիթիզենները» այդպիսի հարգանք ու պատիվ են վայելում իրենց ընտանիքում, որ ինչ-որ ընտրյալ կաստայի պես մի բան են դարձել, առաջին անգամ էի տեսնում… Հետո, մի որոշ ժամանակ անց հայկական հեռուստաալիքներից մեկով «սիթիզեն բալայի» գովքը ևս մի անգամ հնչեց իմ ականջում, ու ես հասկացա, որ դա կայուն կարծրատիպ է նոր աշխարհում ապաստան գտած հայ տարագիրների մտայնության մեջ ու խոսքում:

Պատկերն այսպիսին էր. լրագրողը նկարահանող խմբի հետ գտնվում էր մի հայ ընտանիքում: Դատելով կահավորանքից ու տան պատերից՝ Հոլիվուդի կամ Գլենդելի, (կամ էլ նմանատիպ մի այլ քաղաքի) ստվարաթղթե հանրակացարանաձև մի բնակարան էր, որոնք հայ գաղթականները վարձում են համեմատաբար էժան գնով: Ընտանիքը սեղանի շուրջ բոլորը նստած ու կանգնած քեֆի մեջ էր՝ տանը երեխա էր ծնվել: Ու ներս է մտնում տատիկը, մի ծեր կին՝ նորածին թոռանը գրկած. բոլորը դառնում են նրան, իսկ վերջինս, զգալով ընդհանուրի ուշադրությունը, շուռ է գալիս դեպի նկարահանող սարքն ու հրճվանքով մի քանի անգամ մանկանը թեթև թռցնելով, մոգական խոսքի պես արտասանում՝ «վայ իմ սիթիզեն բալա, իմ սիթիզեն բալա, սիթիզեն բալա»: Պառավի՝ հրճվանքից խելագարված աչքերում ես մի վայրկյան նկատեցի ինքնաթիռի կնկա այդ «երեսով տալու», այսպես ասած, «ջիջիլ գցելու» կայծը, բայց, փառք Աստծու, սա «մայ գադ, մայ գադ» չասաց (հավանաբար, դեռ չէր սովորել): Պարզվեց, որ «սիթիզեն բալան» դարձել է ոչ միայն կաստային բնորոշում, այլև, միևնույն ժամանակ, ինչ-որ պատվանունի արժեք է ստացել: Ով ծնել է այդպիսի «սիթիզեն բալա», նա երջանիկ է, որովհետև հաղորդակցվել է բարձր կաստային, ծնունդ է տվել հրաշամանուկի: Հիշեցի հին հնդկական ազնվականության կոչումը՝ դվիջատյա, այսինքն՝ երկու անգամ ծնված (մի անգամ մորից, մի անգամ էլ անցնելով ձեռնադրման ծեսը, որը յուրովի ծնունդ է համարվում): Փաստորեն, այս «սիթիզեն բալեքը» նույնպես դվիջատյա են,―մտածեցի ես,―աշխարհ են գալիս ու միանգամից անցնում բարձրագույն կաստայի «ձեռնադրման» փուլը, ասել է թե՝ ԱՄՆ քաղաքացիության արարարողակարգը՝ ինիցիացիան: Մասնագիտության և աշխատանքի բերումով շփվելով բազում առաջավորասիական ժողովուրդների հետ՝ ներառյալ նրանց սփյուռքի ներկայացուցիչների, այդ թվում ԱՄՆ-ում ապրող, ես երբեք չեմ նկատել նման հրճվանք ու հպարտության այդպիսի լիաթոք զգացում ո՛չ պարսիկի, ո՛չ թուրքի, ո՛չ էլ քրդի մեջ. ծնվել է երեխան, փառք Աստծո, ու վերջ, իսկ նրա կարգավիճակը որևէ կերպ ոչ մեկին չի հետաքրքրում:

Փաստորեն, ինչքա՜ն պետք է մարդ դատարկ լինի հոգով, ի՜նչ աստիճան պետք է կտրված լինի իր հողից ու ջրից, ինչքա՜ն պիտի այլասերված ու աղճատված լինեն նրա ազգային ինքնության, հպարտության, սեփական էթնիկ տարածքին պատկանելության զգացմունքները, որ հորթային հրճվանքով ուրախանա, որ իր շառավիղը դարձել է մի այլ երկրի քաղաքացի՝ թեկուզ ԱՄՆ-ի նման պետության:

Ու ես ակամայից այդ հայ կանանց աչքերի խորքում տեսա մեր ողջ պատմության ողբերգական պատկերը՝ գաղթերը, տարբեր դարերում հայրենալքման հսկա ալիքները, հայրենիքի հանձնումը, ամրոցների հանձնումը… Այդ «ջիջիլային» սատանայական կայծից մեկ էլ ինձ պարզ դարձավ, թե ինչու հարյուր տարի առաջ Հայկական լեռնաշխարհի մեծ մասը, բնակեցված լինելով հայերով, այսօր փոքրացել, մնացել է մի փոքրիկ հատված՝ ի դեմս Հայաստանի հանրապետության և Արցախի: Իրավ էլ, ետ նայելով մեր պատմությանը, սրտի ցավով տեսնում ես, որ այն, ավա՜ղ, հաղթանակների պատմություն չէ, այլ մեծ ու փոքր գաղթերի ժամանակագրություն… Ու ես կրկին հասկացա, որ ջարդերն ու հետապնդումները, պատերազմներն ու արհավիրքները, սոցիալ-կենցաղային դժվարությունները հայրենալքման ամենակուլ այս մոլուցքի մեջ խաղացել են շատ չնչին դեր, որ հայի տևական իղձը միշտ էլ եղել է «սիթիզեն բալայի» դյութիչ տեսլականը, որի համար ո՛չ էթնիկ կենսատարածքը, ո՛չ պետականությունը, ոչ էլ ազգային արժանապատվությունը ոչ մի նշանային արժեք չեն ունեցել: Դրանք տևապես միայն խանգարիչ հանգամանքներ են եղել: Այդ պատճառով էլ հայ նոր տարագիրների շրջանում ընդունված չէ Հայաստանի մասին խոսել որպես պետության, այլ միայն որպես իրական կամ մտացածին արատների կենտրոնատեղի: Հայրենասիրության չափանիշ են դարձել խոսքային կլիշեները միայն, որոնք առավել ցայտուն արտահայտված են իրանահայոց մեջ: «Վա՜յ, Հայաստանի սմբուկն ու լոլիկը (երբեմն նաև «կանաչին») ի՜նչ համեղ են…»,  «վա՜յ, Մասիսը որ տեսնում եմ, հոգիս փառավորվում ա..» և նման դատարկ ու արդեն անեկդոտի նյութ դարձաձ փուչ արտահայտություններ:

Ըստ էության, մեզանում վաղուց արդեն սին «հայրենագովությունը» նույնացել է հայրենիքին նվիրվածության հետ: Մեր ենթագիտակության մեջ խորապես արմատացած են Գործն ու անեղծ ազգային դիրքորոշումն ու վարքը սնանկ խոսքերով փոխարինելու կործանիչ երևույթը: Մի ծանոթ ունեի, որի ուշքն ու միտքը տարիներ ի վեր «ըստեղից պրծնելն» էր, չնայած կարդացել էր Լեոյի ու Մանանդյանի հատորներն ու սիրում էր տեղի-անտեղի հայոց պատմության այս կամ այն դրվագի մասին իր կարծիքը հայտնել և նույնիսկ՝ հարկ եղած դեպքում, մարդկանց հայրենասիրության դասեր տալ: Իր հայտարարագրված հայացքներով հավատավոր կուսակցական,  ազգայնական էր իմ այդ ծանոթը, ու հիմա իր մուրազին հասել է՝ Գլենդելում է ապրում: Թե ինչ է այս մարդն իրենից ներկայացնում, վաղուց էր ինձ պարզ. այսպիսի հազարավորները կան: Բայց մի բանից ես խորապես ապշեցի՝ այն, որ նման մարդիկ շատ պարարտ ու միանգամայն բնական հող ունեն մեր իրականության մեջ՝ կարծես, իրենց տարերքում են գտնվում, կարծես, մեր ողջ ժողովուրդն է այդպիսին… Նոր էի վերադարձել մեր ամբիոնում կազմակերպվող հերթական արշավախմբից Արևմտյան Հայաստան ու մի օր պատահաբար հայտնվեցի ինչ-որ «հացի» սեղանի շուրջ, որտեղ ներկա էր իմ այդ ծանոթը:

Ես, ի միջի այլոց, պատմում էի Մուշի, Մոկսի, Դերսիմի, քրդերի, պղծված գերեզմանների, քանդված եկեղեցիների մասին, ու մեկ էլ, հիշելով այդ ազգայնական-կուսակցականի սերը հայոց հնությունների հանդեպ, դիմեցի նրան, թե՝ «բա դու՞ ինչու չես գնում էդ տեղերում ման գաս, հոգիդ փառավորես»: «Ո՞նց գնամ», - հեգնախառն ժպտաց ազգայնականը, - «բա ես ընենց կարո՞ղ եմ գնալ, կդիմանա՞մ… Միայն զենքով ես պիտի մտնեմ Էրգիր»: Ես սպասում էի, որ հիմա հոմերական քրքիջ կբարձրանա, ինքս էլ էի պատրաստվում մի թեթև խնդալ, բայց, տեսնելով սեղանակիցներիս լուռ ու հանդիսավոր դեմքերը, ժպիտը սառեց դեմքիս: Որսացի նույնիսկ նրանցից ոմանց կշտամբալից հայացքը ինձ՝ կարծես, դավաճանական արարք եմ թույլ տվել՝ հանդգնելով առանց զենքի «Էրգիր» մտնլ: Ենթադրում եմ, որ շատերն այդ պահին նույնիսկ նախանձում էին իմ ծանոթին, որ ինչու իրենք ավելի շուտ գլխի չընկան արտասանելու այդ մոգական մանթրան՝ «Զենքով Էրգիր մտնել»… Լավ է հնչում չէ՞, հերոսակա՜ն և էպիկակա՜ն… Ու այսպիսի մարդկանց սերունդներ են ծնվում ու գնում՝ ոչինչ չտալով մեր էթնոսին ու երկրին, բայց շատ բան փախցնում երկուսից էլ: Ու աշխարհով մեկ ցաքուցրիվ եղած մեր ցեղը օտար ափերում, «Էրգրի» կարոտը սրտում ապրում է «սիթիզեն բալայի» երազներով … Կենացն է խմում իր հեռավոր հայրենիքի, անարգանքի սյունին գամում «երկիրը քանդողներին ու թալանչիներին», ներբողյան երգում հայոց հողին ու նրա առատ բերքին՝ չգիտես ինչու, նախևառաջ «լոլիկին ու սմբուկին» (ծիրանն, օրինակ, ինչո՞վ է վատ), արտասվալից աչքերով հիշում Արարատի վեհաշուք տեսարանը իրիկնամուտին, ու այսպես շարունակ… Անցնում է ժամանակը, ծուխ են դառնում օրերը (Չարենցի ասած), բայց աշխարհը «յարին» չի մնում, որովհետև աշխարհ չկա, ամայություն է… Ովքեր գեթ մի անգամ մասնակցել են լոսանջելեսյան հարսանիքներին կամ մի երկու րոպե (ավել հնարավոր չէ) դիտել են դրանց հեռուստահաղորդումները, կարող են գոնե ընդհանուր գծերով պատկերացնել, թե ինչ «աշխարհ» է դա:

Աշխարհը մարդու համար ցեղն է իր էթնիկ տարածքում: Դրանք առանց իրար օտարվում են՝ ցեղը առանց տարածքի և տարածքն առանց ցեղի: Ավանդական հասարակություններում տղամարդու հասցեին հնչած բարձրագույն գովեստը «աշիրեթի (ցեղի) տղա» կոչումն է: Քրդերն ասում են՝ «կուռե աշիրե»: Ցեղի շրջանակներում է մարդս մարդ, դրանից դուրս նա ոչինչ է. ուստի մեծագույն պատիժը ցեղից վտարումն է: «Ցեղի տղա»լինելը ոչ միայն պատիվ է, այլև մեծ պատասխանատվություն: Այդ կոչումը ամեն մարդ ձգտում է պահպանել մինչ իր կյանքի վերջին շունչը՝ երբեք չլքելով կենսատարածքն ու չհարելով օտար հանրույթներին՝ ինչ արհավիրքներ էլ գլխին չգան: Այսպիսին է «ցեղի տղայի» հավատամքը: Այսօր Հայաստանում ու Արցախում ապրող յուրաքանչյուր մարդ (լինի հայ, թե եզդի, թե մի այլ ազգի ներկայացուցիչ) «ի պաշտոնո» «ցեղի տղա» է, ու նա՛ պետք է լինի մեր պետության ուշադրության ու հոգածության կիզակետում: Հենց այս «ցեղի տղան» է մեր «լավ գալիքի գանգրահեր մանուկը», հայ հնագույն էթնոսի հարատևության գրավականը, Հայաստան երկիրը շենացնողն ու նրա սահմանների իրական պաշտպանը: «Սիթիզենները»՝ լինեն «բալա» թե արդեն հասուն մարդիկ, այս սխեմայի մեջ տեղ չունեն: Ազգի իդեալը, միակ հույսն ու ապավենը «ցեղի տղան» է՝ իր շիտակ ու ազնիվ գաղափարով, որը հիմնված է միայն հողի ու ցեղի դիալեկտիկական երկմիասնության դրույթի վրա:   

Իսկ ահա ես մտածում եմ՝ լավ, բա ի՞նչ է լինելու այս «սիթիզեն բալաների» հետ, ինչ-որ բան տալու՞ են նրանք մեր ժողովրդին արդյոք, կամ՝ իրենց նոր հայրենիքին թեկուզ: Այն, որ էս «բալեքը» մի երկու սերունդ հետո հայից բան չեն ունենալու, կասկածից դուրս է, բայց ցավն էն է, որ նանցից շատերը չեն լինելու նույնիսկ ԱՄՆ-ի օրինավոր քաղաքացիներ, որովհետև դաստիարակվում են հայկական սփյուռքի գետոյական ամենաստորին ենթամշակույթի վրա՝ հայաստանյան պրիմիտիվ ու անքանքար սերիալների արգահատելի կերպարների՝ «ճպլների», «մառիշներ», «հալալ-զուլալների» վրա: Եվս երկու սերունդ ու այս «սիթիզեն բալաների» «առավել սիթիզեն բալեքը» հայության հետ կունենան շատ հարաբերական կապ: Ու, փա՛ռք Աստծո, որ այդպես է լինելու, քանզի այս «սիթիզենների» որևէ ներթափանցում Հայաստանի ընկերային ու մանավանդ քաղաքական կյանք ուղղակի բոլոր առումներով սպառնալիք է դառնալու մեր ազգային անվտանգությանը՝ որպես անտիմշակույթի կրողներ, գետոյական մտայնության ու արևմտյան սուբկուլտուրայի խորթ ու հոռի բարքերի տարածողներ, որպես ապապետական էլեմենտներ և, ի վերջո, օտար ծառայությունների ազդեցության գործակալներ:

Այստեղ, իմ աշակերտուհին, որին ես թելադրում էի այս տողերը, բացականչեց՝  «Ընկե՛ր Ասատրյան, ախր Դուք լրիվ սևացրիք այս խեղճերին»: Երիցս ո՛չ: Ես էդ «խեղճերի» որևէ մեղք այստեղ չեմ էլ տեսնում, չէ՛ որ նրանց փոխարեն Ընտրությունն արդեն արվել է: Եվ հավատացե՛ք, սա ընտրություն չի եղել բնավ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կամ Հայաստանի և Եվրոպայի միջև: Այս ընտրությունը սահմանների երկայնքով չի ընթանում: «Սիթիզենների» կաստան արդեն իսկ ապրում է այնպիսի մի միջավայրում, որտեղ առհասարակ բացակայում է Ընտրության գաղափարը:  Կարծում եմ, հասկանալի է, որ ընտրությունը պեպսի-կոլայի ու սպրայտի, իսկ, մեծ հաշվով՝ Հանրապետականների ու Դեմոկրատների միջև Ընտրանքի պատրանք է լոկ, քանզի այդպիսի  «ընտրության» համակարգում ի սկզբանե բացակայում են ավանդական հոգևոր արժեքները: Այս առումով պատահական չէ, որ հայ տարագիրներից շատերը, դժվարությամբ թաքցնելով գոհունակությունը, իսկ իրականում ներքուստ արդարացնելով իրենց քայլը, սովորաբար ասում են՝ «մեկ ա շուտով Հայաստանում էլ ա ըտենց լինելու»: Ո՛չ, «ըտենց» չի լինելու: Եթե անգամ միջազգային կառույցների ճնշման ներքո մեզանում ընդունվեն բոլոր հակաքրիստոնեական և հակաավանդական օրենքները:

Այսպես՝ «բալա», «բալա» ասելով՝ ակամայից մարդ հիշում է խորհրդային ժամանակների «ինժեներ-բալային»՝ ոչ միայն որպես երգ, այլ՝ կոնցեպտ, գաղափար: Պատկերացնում ես հայրենիքում ապրող, հայրենիքը շենացնող, «ուսում ստացած», «մոր պարծանք» տղային, որը երկրի աղն է, ժայռակոփ հիմքը, այն ժամանակվա «ցեղի տղան»: Էն «բալան» ո¯ւր, էսօրվա «բալան» ո¯ւր: Էսօրվանը «սիթիզենն» ու մեկ էլ հայտնի ռաբիզ երգչի ռեֆրենը՝ «բալե¯ս, բալե¯ս…»:

Վստահ եմ, հայկական նոր պետականության կայացմանն ու մեր կենսատարածքների պահպանմանն ուղղված կարևոր խնդիրներից մեկը պետք է լինի այս «սիթիզեն բալեքից» ոչ հեռու ապագայում մեր երկիրը ապահովագրելու քաղաքականության մշակումը: Բարեբախտաբար այս «բալեքը», ի տարբերություն «աշիրեթի տղերքի», կրում են ոչ թե նորմալ հայի (նույնիսկ նորմալ մարդու) անուն (ասենք՝ Հակոբ, Սարգիս, Վարդան, Արշավիր, Արշակ, Հուսիկ, Հասմիկ, Հայկուհի և այլն), այլ, ի մեծի մասամբ, երկվանկ «կլիչկաներ», որոնք հեշտացնելու են նրանց տարբերակումը (իդենտիֆիկացիան) բազմության մեջ (Դոնի, Դենի, Ռոնի, Ջեկի, Ջեսի, Էդի, Մենի, Ջոնի, Ջենի և այլն): Սա, իհարկե՝ որպես տխուր կատակ:

Հընթացս նշեմ, որ մեր ժողովրդը (մանավանդ պարսկահայությունը) մի եզակի հատկություն ունի, այն է՝ նորածնի անվանակոչության ժամանակ ի նկատի է առնում ոչ թե սեփական հանրույթի ու իր հավատքի ու կրոնի ավանդույթները, այլ, նախևառաջ, թե ինչպես է նորածնի անունը հնչելու օտարի «բերնին մեջ» (արևմտահայերեն ասած)՝ ամերիկացու, ռուսի և այլն: Նման երևույթ ես չեմ նկատել որևէ այլ ժողովրդի մոտ, որովհետև բոլորը թքած ունեն, թե ինչպես են արտասանելու իրենց երեխաների անունները օտարները. նրանց համար կարևոր է առավելապես, թե որքանով է այդ անունը համապատասխանում իրենց ավանդությանը և ինչ պատմական, կրոնական ու հոգևոր  լիցք է այն իր մեջ պարունակում: Հավատս, անկեղծ ասած, չի գալիս, որ ինչ-որ մարդ՝ Դոնի, Դենի կամ Ռոնի անունով, կարողանա որևէ լուրջ բան ստեղծել իր կյանքում. նա միշտ էլ մնալու է Դոնի, Դենի կամ Ռոնի…

Ի վերջո, պետք է հիշել միշտ, որ յուրաքանչյուր էթնիկ հանրույթ, թեկուզ շատ փոքր, որն ունի պետություն և կենսատարածք, այդ կենսատարածքի պահպանման համար իր Ազգային Գաղափարի մեջ պետք է անպայման ունենա ծավալապաշտական տարրեր, այսինքն՝ կենսատարածքի ընդլայնման հստակ և գործնական ծրագրեր: Չի կարելի միայն պահպանել հողը, պետք է ձգտել ընդլայնել այն. այդ դեպքում այդ հողը կպահպանվի, գոնե անփոփոխ:

Իսկ «սիթիզեն բալայի» գաղափարն ու գաղափարախոսությունը արմատապես հակոտնյա է ոչ միայն կայսերական մղումներին, այլև հայրենիքի, հողի գաղափարին, կենսատարածքի գաղափարին, ինքնության գաղափարին, ազգային արժանապատվության գաղափարին…

Եվ պետք է վերստին ի նկատի ունենալ, որ չկա այլ արժեք, քան մեր էթնոսի կենսատարածքը, ասել է թե՝ Հայաստանի հանրապետությունը և Արցախը: Ուրիշ արժեք հայի համար չի կարող գոյություն ունենալ: Հայի գերնպատակը պիտի լինի ապրել այդ տարածքում ու պահպանել այն, ինչպես մորը. մնացած ամեն ինչը միֆ է, օդ, հեքիաթ, բորբոքված ուղեղի զառանցանք՝ հայրենասիարական ճառերն էլ, «Ստամբուլը արյան ծով» դարձնելն էլ, «զենքով Էրգիր մտնելն» էլ, «սմբուկի ու լոլիկի համն էլ», «Մասիսի պատկերից նվաղելն» էլ՝ ամեն ինչ: Հայի ամենամեծ Գործն այսօր, նրա հայրենասիրական մեծագույն ակտը արարելն է Հայաստանում: Եվ ՈՉ ՄԻ պատճառ չի կարող արդարացնել հայրենալքության երևույթը, էլ չեմ ասում «սիթիզեն բալաների» կուլտիվացիան: 

Գառնիկ Ասատրյան

Տպել
Ամենաշատ