News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ՝ օգոստոսի 16-ին հյուրընկալել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին: Բազեականները նախարարին դիմավորեցին հայկական բանակի հիմնի իրենց կատարումով։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հավաքի մասնակիցներին՝ Սեյրան Օհանյանն անդրադարձել է մի շարք խնդիրների, ինչպես նաեւ պատասխանել է երիտասարդների հարցերին։

Պաշտպանության նախարարը, դիմելով բազեականներին, համոզմունք է հայտնել, որ եթե վաղն անհրաժեշտ լինի ոտքի կանգնել եւ պաշտպանել հայրենիքը, ապա երիտասարդներն անձնազոհությամբ կկատարեն դա, ինչպես ժամանակին՝ իր սերնդակիցները. «1994թ. ի վեր, չնայած գոյություն ունի զինադադարի պայմանագիր, այնուամենայնիվ, խախտումներ լինում են։ Դրանք տեղի են ունենում մեր հակառակորդի կողմից, եւ այդ իրավիճակում մեր երիտասարդներն ամեն օր այդ քննությունը հանձնում են։ Մեր իրականությունը բացառիկ երեւույթ է, քանի որ առանց որեւէ խաղաղապահ ստորաբաժանման, մեր զինծառայողները, դեմ առ դեմ կանգնած հակառակորդի առջեւ, ոգու, պատրաստության, որակական չափանիշների շնորհիվ այդ քննությունն ամեն օր հանձնում են՝ պաշտպանելով մեր հայրենիքի սահմանները»։

Անդրադառնալով ԼՂՀ բանակցային գործընթացին՝ Սերյրան Օհանյանը նշել է, որ ԼՂՀ հակամարտության լուծման խնդրում մեր տեսակետները համապատասխանում են միջազգային նորմերին՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն։ Նախարարն ավելացրել է նաեւ, որ պատմաիրավական հիմքերը վեր հանելիս կտեսնենք, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, մանավանդ Լեռնային Ղարաբաղի հետ ոչ մի առնչություն չունի. Լեռնային Ղարաբաղի տարածքը շատ ավելի մեծ է, քան այսօր ԼՂ Հանրապետության տարածքն է։ Ղարաբաղ ասելով՝ մենք պետք է հասկանանք եւ լեռնային, եւ հարթավայրային Ղարաբաղը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի սպառազինմանը, ապա մեր ուժերը բավարար են պաշտպանվելու եւ հակահարձակողական եւ հակագրոհային միջոցառումներ իրականացնելու համար։ ՙԱռօրյա մարտական հերթապահության ժամանակ մենք չենք տեսնում հակառակորդի ուժը, առաջին գծում մենք պարտադրողի դերում ենք՚,- նշեց նախարարը։

Սեյրան Օհանյանը, անդրադառնալով բանակում կարգապահական խնդիրներին, ընդգծեց. «Բանակն ամրոց է պետության մեջ։ Մեր ամրոցում պետք է ապրել մեր ամրոցի օրենքներով։ Ով չի ուզում ապրել մեր ամրոցի օրենքներով, կգնա ապրելու ուրիշ օրենքներով՝ բերդի օրենքներով»։

Նախարարը պատասխանել է նաեւ Ադրբեջանում պահվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանին վերադարձնելու մասին հարցին։ Սեյրան Օհանյանը նշել է, որ արվում է հնարավորը՝ Հակոբին վերադարձնելու համար, ինչի հիմքերը կան։ Նա նաեւ ընդգծել է, որ Հակոբի նկատմամբ քրեական հետապնդում չի լինելու, քանի որ նրա գործողությունների մեջ ոչ մի քրեական բան չկա, եւ նա վերադարձվելու է, ինչպես շատերը:

Հանդիպումից հետո պաշտպանության նախարարն ընթրել է երիտասարդների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ