News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 16-ին եւ 17-ին Վան քաղաքում շարունակվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախաձեռնությամբ իրականացված հայ-թուրքական գործարար համաժողովի աշխատանքները: Համաժողովի շրջանակներում գործարար ոլորտի հայ երիտասարդ ներկայացուցիչները շարունակեցին ակտիվ շփումներն իրենց թուրք գործընկերների հետ: Տեղի ունեցան անհատական գործարար հանդիպում-բանակցություններ, որոնց ընթացքում հայ գործարարներն այցելեցին Վանում տեղակայված տարբեր ձեռնարկություններ, գործարաններ՝ տեղի արտադրությանը և բիզնես հնարավորություններին ծանոթանալու նպատակով: Հայկական կողմը ներկա գտնվեց Վանում կաթնամթերքի, քաղցրավենիքի արտադրության ձեռնարկություններում, այցելեց գրանիտի, մարմարի, ասֆալտի, բետոնի գործարաններ, փորձեց հասկանալ տեղի երիտասարդ արտադրողների հնարավորությունները:

«Նման գործարար այցերի ժամանակ առավել սերտ կուսումնասիրվի Վանի տեղական շուկան, համատեղ ուժերով կփորձվի ուղիներ գտնել հայկական և թուրքական շուկաների միջև ապրանքափոխանակման պայմանների ստեղծման համար, որը հետագայում երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար պարարտ հող կնախապատրաստի»,- նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ծրագրերի համակարգող Արմեն Մելքոնյանը՝ հավելելով, որ հասարակական կարծիք ձևավորելու, ինչպես նաև գործընկերային հարաբերություններ զարգացնելու առումով շատ էական են նմանատիպ այցելությունները, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է լինել հետևողական և համառ քայլերով շարժվել առաջ:

Անհատական հանդիպում-բանակցություններիի ընթացքում երկու երկրների գործարարների մի մասը նախնական պայմանավորվածություններ է ձեռք բերել երկկողմ համագործակցության վերաբերյալ:

Օրվա վերջում, նախատեսվածի համաձայն, «Երևանի և հարակից մարզերի երիտասարդ գործատուների միության» (նախագահ՝ Մուշեղ Ավետիսյան) և «Վանի երիտասարդ գործարարների միության» (նախագահ՝ Էրեն Գյոքչենայ) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով երկու կողմերի երիտասարդ գործարարների միջև համագործակցության նոր հարթակի հիմք դրվեց:  

Հիշեցնենք, որ եռօրյա գործարար համաժողովն իրականացվել է «Երիտասարդ գործարարները միջսահմանային տնտեսական համագործակցության համար» ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների գործարար երիտասարդների միջև համագործակցության ստեղծմանն ու խթանմանը:

Հավելենք, որ օգոստոսի 15-ին՝ պլենար հանդիպմանը նվիրված համաժողովի մեկնարկի օրը, Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ գործարարների միջև կլոր սեղանի շուրջ հետաքրքիր քննարկումներ են ծավալվել երկկողմ առևտրատնտեսական կապեր հաստատելու հնարավորությունների և նախադրյալների, ինչպես նաև վերջիններիս առնչվող խոչընդոտների ու արգելքների վերաբերյալ: Համաժողովի ժամանակ հայկական պատվիրակության կողմից նշվեց, որ Վան հասնելու համար անցել են մոտ 900 կմ՝ ծախսելով 16 ժամ, մինչդեռ Վան-Երևան-Վան չվերթի գործարկման դեպքում հնարավոր էր էականորեն կրճատել ժամանակը՝ հասցնելով այն ընդամենը 40 րոպեի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ