News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում գինու արտադրությունը 2013 թ. ընթացքում աճել է 30%-ով, եւ 7 ամսվա կտրվածքով կազմել մոտ 3 մլն լիտր: Շուտով Հայաստանում կսկսվեն խաղողի մթերումները, ինչն առիթ է՝ եւս մեկ անգամ հայացք նետել գինեգործության խնդիրներին:

Գինու սպառումն աշխարհում աճում է սրընթաց կերպով (տարեկան 10-15 %-ով), ինչին նպաստեցին կարմիր գինու օգտակարության մասին բազմաթիվ հրապարակումները: Հայաստանը գինու արտադրության հին ավանդույթներ ունի, սակայն հայկական գինին միջազգային շուկաներում շարժվում էր կրիայի քայլերով: Սակայն 2013 թ. ընթացքում կարծես թե նկատվում է բեկում՝ գինու արտահանումն ավելացել է կրկնակի, ու 6 ամսվա տվյալներով  հասել 617 հազ. լիտրի: Փաստորեն՝ Հայաստանում արտադրվող գինու յուրաքանչյուր երրորդ լիտրն արտահանվում է: Վերջին 3 տարիներին Հայաստանից գինու արտահանումը նվազման միտում ուներ, ու շատերին թերեւս մտահոգում է՝ որքանո՞վ նոր միտումները կպահպանվեն:

Մաքսային վիճակագրությունը փաստում է, որ հայկական գինու արտահանման ծավալներն աճել են շնորհիվ Ռուսաստանի: 2013 թ. 6 ամսում Ռուսաստան է արտահանվել 557 հազ. լիտր գինի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 265 հազ. լիտրի համեմատ: Այս ցուցանիշը բավական արտառոց է: Երբ Ռուսաստանը 2008 թ. արգելեց վրացական գինիների ներկրումը, բոլորը սպասում էին, որ վրացական գինիների տեղը ռուսական շուկայում կզբաղեցնի Հայաստանը: Սակայն նման բան տեղի չունեցավ: Հիմա, երբ Ռուսաստանը կրկին հանել է վրացական գինու նկատմամբ սահմանափակումները՝ Հայաստանից Ռուսաստան գինու արտահանումը շեշտակի աճել է: Դա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ վրացական ու հայկական գինիները բոլորովին այլ գնային սեգմենտներում են՝ վրացական գինին թանկ գնային սեգմենտում է, հայկականը՝ միջին:

Նշենք, որ Հայաստանից գինին արտահանվել է լիտրը 3.4 դոլարն մաքսային արժեքով՝ նախորդ տարվա 4 դոլարի համեմատ: Գինու գնի նվազումը կարելի է համարել արտահանմանը նպաստող էական գործոն, թեեւ 3.4 դոլարը բնավ էլ էժան գին չէ: Ռուսական շուկան, կարծում ենք, դեռեւս հսկայական պոտենցիալ ունի՝ գինու սպառումն այդ երկրում շատ արագ է աճում, ու գերազանցում է տարեկան 1 մլրդ լիտրը; Փաստորեն՝ Հայաստանը կարողացել է այդ սպառման աճի մի փոքր մասը բավարարել, թեեւ ռուսական շուկայում մեր մասնաբաժինը մոտ 0.3%-ի շրջանակում է: Համեմատության համար՝ Չիլին իր մասնաբաժինն ավելացրել է մինչեւ 5%, ու դա ընդամենը 5 տարում:

Իհարկե՝ միայն ռուսական շուկայով աշխարհը չի ավարտվում: Ամենամեծ ու հեռանկարային շուկան համարվում է Չինաստանը, սակայն գործնականում այդ երկիր գինի չենք արտահանում: Փոխարենը՝ Հայաստանը կարողացել է մեծացնել արտահանման ծավալները գինեգործության այնպիսի օջախներում, ինչպես Ֆրանսիան, Իտալիան ու Վրաստանը: Փոխարենը՝ 2013 թ. գործնականում կորցրել ենք այնպիսի շուկաներ, ինչպիսին Ուկրաինան է կամ Լիտվան: Օրինակ՝ անցյալ տարի Ուկրաինա արտահանել էին 6,5 հազ. լիտր գինի, իսկ այս տարի արտահանում չի եղել: Հայկական գինու սպառման երկրորդ խոշոր շուկան մնում է ԱՄՆ-ը՝ արտահանումը 6 ամսվա կտրվածքով 8,3 հազ. լիտր (2012 թ. համեմատ առկա է նվազում):

Հայկական գինեգործարանների մի մասում տեղակայվում են նորագույն սարքավորումներ, ինչը նպաստում է գինու որակի բարձրացմանը: Ընկերությունները մեծ ուշադրություն են դարձնում նաեւ գինու շշի դիզայնին: Այս ներդրումներն արդեն արդյունք են ապահովում, սակայն պետք է հաշվի առնել, որ ներկայում Հայաստանը մոտ 15 անգամ ավելի քիչ գինի է արտադրում, քան 1980-ական թվականներին, երբ արտադրության ծավալները հասել էին տարեկան 90 մլն լիտրի: Ակնհայտ է նաեւ, որ գինեգործության առավել կայուն զարգացման համար անհրաժեշտ է նաեւ ավելի դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները՝ խորացնելով նաեւ ներկայությունը ռուսական շուկայում:

Սամվել Ավագյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ