News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հունգարահայերը բաց նամակ են ուղարկել երկրի արդարադատության նախարար Տիբոր Նավրաչիչին, հետաքրքրվելով, թե դիմել է արդյոք Հունգարիան միջազգային որեւէ դատարան՝ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից մեկ տարի անց: Այդ մասին գրում է հունգարական Politics.hu կայքը:

Հիշեցնենք, որ 2004թ. Բուդապեշտում հայ սպայի դաժան սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը 2012թ. օգոստոսի 31-ին հայրենիք էր վերադարձվել` արտահանձնման մասին համաձայնության շրջանակներում: Թեեւ Ադրբեջանը պաշտոնապես վստահեցրել էր, որ նա  ցմահ բանտարկությունը կկրի հայրենիքում, հայրենիք վերադառնալուն պես Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել մարդասպանին: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը  նույն օրը հայտարարել էր, որը Հայաստանը խզում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Երկու օր անց Հունգարիայի արտգործնախարարության պետական քարտուղար Ժոլտ Նեմետը Ադրբեջանի դեսպանին կանչել էր իր աշխատասենյակ եւ դատապարտել Ադրբեջանի քայլը` այն անընդունելի անվանելով եւ վերջինիս դիվանագիտական նոտա հանձնելով: 

Հայ համայնքը բաց նամակում նշել է, որ Սաֆարովը միտումնավոր սպանություն է կատարել` այն անվանելով «Հայոց ցեղասպանությունը շարունակող» դաժան գործողություն: «Աստծո հինգերորդ պատվիրանն է` «մի սպանիր», այն 2012թ. օգոստոսին Բուդապեշտում կորցրեց իր կշիռը, երբ կառավարությունը սատարեց Ադրբեջանին` «ազգային շահերի» պատճառով,– ասվում է նամակում:

Հայ համայնքը հետաքրքրվել է, թե դիմել է արդյոք Հունգարիան միջազգային որեւէ դատարան, բողոքելով Ադրբեջանի գործողությններից, եւ ինչպիսի միջոցներ է պատրաստվում կիրառել կառավարությունը` օրենքի տառն ապահովելու համար: Նաեւ հավելել են, որ պետք է զգույշ լինել, որպեսզի կառավարությունը գործը կարգավորված չհամարի դիվանագիտական նոտայով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ