News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի արտաքին քաղաքականությունը հետեւողական ու կանխատեսելի է, եւ Ուկրաինան շարունակում է մնալ իր եվրոպական ընտրությանը հավատարիմ պետություն: Այդ մասին սեպտեմբերի 16-ին հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտան՝ Ուկրաինայի անկախության 22-ամյա տարեդարձի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ:

Դիմելով հյուրերին՝ դեսպանը հավելել է, որ ողջ տարվա ընթացքում Ուկրաինան աշխատել է ԵՄ հետ ասոցացման եւ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի կնքման ուղղությամբ: «Մենք հույս ունենք, որ այս տարի նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության վեհաժողովի ընթացքում կհաջողվի կնքել համաձայնագիրը»,- հայտարարել է դեսպանը:

Նրա խոսքով, 2013թ.-ը Ուկրաինայի համար խորհրդանշական է, քանի որ երկիրն իր վրա է վերցրել ԵԱՀԿ նախագահությունը: «Ուկրաինայի արտաքին քաղաքականությունը միտված է մեր ռազմավարական գործընկերների հետ բազմակողմանի համագործակցության, ինչպես օրինակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների հետ»,- ընդգծել է դեսպանը:

Խոսելով հայ-ուկրանական հարաբերությունների մասին՝ Կուխտան նշել է, որ այս տարիների ընթացքում հաջողվել է նկատելիորեն զարգացնել կապերը բոլոր ոլորտներում: Նա մասնավոր նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի այցը Հայաստան, ինչպես նաեւ երկրների միջեւ տնտեսական համագործակցության, մշակութային ու հումանիտար կապերի միջկառավարական հանձնաժողովների նախատեսված նիստը:

Դեսպանն ընդգծել է, որ ինչպես Ուկրաինայի հայկական սփյուռքը, այնպես էլ Հայաստանի ուկրանական համայնքը երկկողմանի հարաբերությունների զարգացման ու ամրապնդման հարցում մեծ ներդրում են կատարում, ինչը վկայում է հարաբերությունների հետագա զարգացման մեծ ներուժի մասին:

Ուկրաինայի անկախության հռչակմանը նվիրված միջոցառմանը ներկա էին օտարերկրացի դիվանագետներ, հայ քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ Հայաստանում ուկրաինական համայնքի ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ