News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բոլոր երկրներում առողջապահության ոլորտում կադրերի պատրաստումը կարեւորագույն ներդրում եւ գործոն է, իսկ մարդկային ռեսուրսներն այս ոլորտում լուրջ դերակատարություն ունեն։ Այս մասին, Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ կայացած հանդիպման ընթացքում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահության ոլորտում մարդկային ռեսուրսների ծրագրի ղեկավար Գալինա Պերֆիլիեւան:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ներկայացրել է, թե ինչու է առողջապահության ոլորտում մարդկային ռեսուրսներով ապահովումը ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի գերակա ուղղություններից մեկը եւ ինչպիսի խնդիրների հետ են առընչվում ԱՀԿ անդամ պետություններն այս ոլորտում:

Բանախոսն ընդգծել է, որ տնտեսական համաշխարհային ճգնաժամի ընթացքում ավելի մեծ ծավալներով աշխատել է միայն առողջապահական համակարգը։ Ռազմավարական այս կապիտալը` բուժաշխատողները կազմում են ընդհանուր աշխատուժի շուրջ 10%-ը: Միաժամանակ առողջապահական բյուջեի 62-80%-ը որպես աշխատավարձ տրամադրվում է հենց մարդկային ռեսուրսներին: Նշվել է նաեւ, որ առողջապահական ծառայությունների հասանելիությունն եւ արդյունավետությունը, ինչպես նաեւ առողջապահական համակարգի զարգացումն անմիջականորեն պայմանավորված են մարդկային ռեսուրսների առկայությամբ եւ արդյունավետ աշխատանքով:

Գալինա Պերֆիլիեւան փաստել է, որ առողջապահության ոլորտի կադրերն աշխարհագրորեն խիստ անհամաչափ են բաշխված։ Ուսումնասիրությունները վկայում են, որ բուժաշխատողների պակասն ուղղակիորեն անդրադառնում է մարդկանց կյանքի որակի եւ առողջական վիճակի վրա։ Որպես դրա վկայություն բանախոսը հիշատակել է այն փաստը, որ մայրական մահացության ցուցանիշներն անմիջականորեն կապված են մարդկային ռեսուրսների կրիտիկական պակասի հետ։ Նա ընդգծել է, որ ամբողջ աշխարհի համար լրջագույն այս խնդիրը խոչընդոտում է հազարամյակի զարգացման նպատակների ցուցանիշներին հասնելու գործին։

Եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում` Հայաստանի համար ընդհանուր խնդիր է առողջապահության ոլորտում մարդկային ռեսուրսների վերաբերյալ պատշաճ վիճակագրության բացակայությունը եւ անհրաժեշտ կադրերով ոչ լիարժեք ապահովվածությունը: Այս ցուցանիշներով Հայաստանի Հանրապետությունը գտնվում է միջին տեղերում հետեւյալ ցուցանիշներով` 100,000 բնակչի հաշվով 251,1 բժիշկ, 48,5 առաջնային օղակի բժիշկ, 463,0 բուժքույր։ Այս առումով ամենաբարձր ցուցանիշները Հունաստանում են` 612,6 բժիշկ, 159,4 առաջնային օղակի բժիշկ, իսկ ամենացածրը` Ալբանիայում` 113,6 բժիշկ, 20,6 առաջնային օղակի բժիշկ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ԱՀԿ կողմից վերջին տարիներին ընդունված մի շարք ռազմավարական կարեւոր փաստաթղթեր` ուղղված առողջապահության ոլորտում մարդկային ռեսուրսների բազմազան խնդիրների լուծմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ