News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանը, որն այժմ ընդունում է հազարավոր սիրիահայ փախստականներ եւ առաջարկում է քաղաքացիություն ձեռք բերելու գերարագ ճանապարհ, շուտով մարդասիրական աղետի առջեւ կկանգնի, եթե Հալեպը անկում ապրի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ստրասբուրգում ԵԽԽՎ  նստաշրջանին իր ելույթում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

Ներկայացնում ենք նրա ելույթը:

«Սա առաջին անգամը չէ, որ ես անդրադառնում եմ այս հարցին, բայց առաջին անգամն է, որ կխոսեմ այս հարցի վերաբերյալ ավելի նեղ համատեքստում:

Թեեւ քիմիական զենքի վերաբերյալ համաձայնությունը կարծես կյանքի է կոչվում, սպանությունները դեռեւս շարունակվում են: Հակառակ հայտնի համոզմունքի, վիճելի է մնում այն հարցը, թե արդյոք կառավարությունն է, որ իրականացնում է իր քաղաքացիների ջարդը:

1915 թվականի Հայկական Եղեռնի ժամանակ հազարավոր հայեր ապաստան են գտել Սիրիայի գյուղական բնակավայրերում, որոնք Օսմանյան կայսրության մասն էին կազմում: Փրկվածները հիմնականում բնակեցվել են Հալեպի տարածքում:

Այժմ Հալեպը գտնվում է ավերակներում եւ իր՝ նախկինում բարեկեցիկ կյանքով ապրող քաղաքացիները եւ մասնավորապես հայերը շրջափակման մեջ են՝ գտնվելով դիպուկահարների փամփուշտների եւ նպատակային հարձակումների ներքո, ենթարկվելով առեւանգումների, բռնաբարությունների եւ ոչնչացման: Ոչ, չարագործներն ամենեւին իշխանական զորքերը չեն: Հանցագործները այսպես կոչված ընդդիմությունն են` «վատ տղաները», Ալ Նուսրան եւ այսպես կոչված «լավ տղաները»– չափավոր ընդդիմությունը` Ազատ Սիրիական բանակը: Մինչ կառավարությունը հոգ է տանում էթնիկ փոքրամասնությունների եւ մասնավորապես քրիստոնյաների մասին, որպես Սիրիայի հասարակության բազմաթիվ նախկին ձեռքբերումների շարժիչ ուժ, ծայրահեղական ապստամբները փորձում են ազատվել ոչ մուսուլման, ոչ սուննի փոքրամասնություններից: Մաալուլա քաղաքի հայտնի դեպքին հաջորդել է անցած շաբաթ տեղի ունեցած ավելի փոքր մի միջադեպ, երբ Ռաքքայում ընդդիմությունը գրավեց Հայկական եկեղեցին, կողոպտեց այն, հանեց խաչը եւ դրա փոխարեն տեղադրեց հայտնի սեւ դրոշը:

Սիրիայի հայկական համայնքի բազմաթիվ անդամներ հետեւողականորեն հաղորդել են, որ հատկապես Հալեպում ապստամբները որոշակի հետաքրքրություն են դրսեւորում հայերի նկատմամբ: Այն որսորդի հետաքրքրություն է իր զոհի նկատմամբ: Կան շատ լուրջ կասկածներ, որ այդ հետաքրքրությունը կարող է հրահրվել ազդեցիկ հարեւանի կողմից, որը սահմանակից է Հալեպի տարածաշրջանին:

Իր հերթին Հայաստանը, որն այժմ ընդունում է հազարավոր սիրիահայ փախստականներ եւ առաջարկում է քաղաքացիություն ձեռք բերելու գերարագ ճանապարհ, շուտով մարդասիրական աղետի առջեւ կկանգնի, եթե Հալեպը անկում ապրի: Անկասկած տեղի կունենա եւս մեկ ցեղասպանություն եւ այն հայերը, որոնց բախտ կվիճակվի փախչել, կհեղեղեն Հայաստանը: Ծանրաբեռնված լինելով Սիրիայի փախստականներով, մենք կհանդիպենք նոր մարտահրավերների, սակայն փոքր երկիրը ունի իր տնտեսական սահմանները: Ճնշումը սոցիալական համակարգի վրա չափազանց մեծ է, եւ թեեւ մենք կարողանում ենք պատշաճ կերպով հաղթահարել ստեղծված իրավիճակը:

Այն ժամանակ, երբ մենք` Արեւմուտքը, որոշում ենք զինել ընդդիմությունը եւ աջակցել այնպիսի երկրների սիրիական քաղաքականությունը, ինչպիսիք են` Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան, մենք մոռանում ենք աջակցել կամ գոնե ապահովել գոյատեւման որոշ միջոցներով` ոչ մահաբեր կամ այո անգամ մահաբեր, նրանց, ովքեր իրական կրողներն են մեր արժեքների, մեր միասնական պատմության եւ իհարկե կրոնի: Մենք պետք է բացենք մեր աչքերը եւ տեսնենք, որ այնտեղ, որտեղ հասնում են Վահաբի Սուննիի ուսմունքները, հանդուրժողականությունն եւ մարդու իրավունքները չեն կարող գոյատեւել: Ժամանակն է ընդունել, որ Մերձավոր Արեւելքի քրիստոնեական համայնքները, այս դեպքում Սիրիայի հայկական համայնքը քաղաքակիրթ աշխարհի լքված որբերն են, մոռացված եւ թողնված վարձկանների ողորմությանը: Եթե մենք չընդունենք մեր պատասխանատվությունն Մերձավոր Արեւելքի երկրների նկատմամբ, մենք շուտով կտեսնենք այլ Մերձավոր Արեւելք` Մերձավոր Արեւելք առանց քաղաքակրթության, մարդու իրավունքների եւ առանց ապագայի որեւէ հույսի: Դրա արդյունքում մենք կունենանք էապես այլ Եվրոպա, հետեւաբար եւ այլ աշխարհ: Մի աշխարհ, որ ոչ Ռոբերտ Շումանը եւ ոչ էլ մեզանից որեւէ մեկը երբեւիցե չէին կարող պատկերացնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ