News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: Հայաստանը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության /ԱՀԿ/ «Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիային (ԾՊՇԿ), որը հանրային առողջության ոլորտում առաջին գլոբալ համաձայնագիրն է, այն ուժի մեջ է մտել 2005 թվականի փետրվարի 28-ից:

ՀՀ կառավարությունը 2008 թվականին, հասարակական կազմակերպությունների առաջարկությամբ եւ ՀՀ առողջապահության նախարարության միջնորդությամբ, որոշում ընդունեց հոկտեմբերի 12-ը նշել որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:

ԾՊՇԿ-ի վավերացումը մեծապես խթանեց ծխախոտի դեմ պայքարի հետ կապված նոր օրենսդրության մշակումը: Ըստ այդմ, 2004 թվականից սկսած ընդունվեցին հանրապետությունում ԾՊՇԿ-ի իրականացմանն ուղղված մի շարք օրենքներ, նորմատիվ ակտեր, մշակվեցին ուղեցույցեր, պատրաստվեցին ու ներկայացվեցին զեկույցներ:

1. Կոնվեցիայի 5-րդ հոդվածի 1-կետի համաձայն` «Յուրաքանչյուր Կողմ մշակում, իրագործում, պարբերաբար նորացնում եւ վերանայում է ծխախոտի դեմ պայքարի համակողմանի ազգային ռազմավարությունները, պլանները եւ ծրագրերը` համաձայն սույն Կոնվենցիայի եւ նրա արձանագրությունների:

Այս հոդվածում ամրագրված պահանջը իրականացնելու ճանապարհին 2005 թվականի սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվեց Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի դեմ պայքարի 2005-2009 թթ. պետական ծրագիրը եւ ծխախոտի դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկը, իսկ 2010 թվականին` ծխելու դեմ պայքարի 2010-2015թթ. պետական ծրագիրը եւ ծխելու դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկը:

2. Շրջանակային կոնվեցիայի 8-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր կողմ, ազգային օրենսդրության համապատասխան, ընդունում եւ իրականացնում է եւ իր իրավասության շրջանակներում ակտիվորեն աջակցում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական եւ /կամ այլ միջոցների ընդունմանն ու իրականացմանը, որոնք ապահովում են ծխախոտի ծխի ազդեցությունից պաշտպանությունն աշխատանքային տեղերում, փակ տարածքների ներսում, հասարակական տրանսպորտում եւ, համապատասխան դեպքերում, այլ հասարակական վայրերում:

24/12/2004 ընդունված “Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին” ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը եւ դրանից հետո նույն օրենքում ու “Վարչական իրավախախտումների վերաբերյալ” ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները եւ լրացումները ուղղված էին այս հոդվածի ներդմանը:

3. Շրջանակային կոնվեցիայի 9-րդ եւ 10-րդ հոդվածների արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով ԱՀԿ ՃՊՇԿ կողմերի համաժողովը որոշում ընդունեց մշակել ուղղեցույցներ, որոնք կոգնեն երկրներին/կողմերին կիրառել հոդվածներում ամրագրված սկզբունքները:

4. Կոնվեցիայի 11-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր Կողմ տվյալ Կողմի համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից երեք տարվա ընթացքում, իր ազգային օրենսդրության համաձայն, արդյունավետ միջոցներ է ձեռնարկում եւ իրականացնում, որպեսզի ծխախոտային արտադրատեսակների յուրաքանչյուր տուփի եւ փաթեթի պիտակի վրա տեղ գտնի առողջության համար վնասակարության մասին նշումը»: Նման նախազգուշացումները եւ տեղեկությունները, որոնք հաստատվում են ազգային իրավասու մարմինների կողմից, պարբերաբար փոփոխվում են, լինում են խոշոր, պարզորոշ, տեսանելի եւ հեշտ ընթեռնելի, գրավում են հիմնական պիտակավորված մակերեսի 50 տոկոսը կամ ավելին, ոչ մի դեպքում հիմնական պիտակավորված մակերեսի 30%-ից ոչ պակաս, կարող են կատարված լինել նաեւ նկարների կամ պիկտոգրամների ձեւով:

Սույն հոդվածի ներդման նպատակին է ծառայում 24/12/2004 ընդունված «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածը, ՀՀ Կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի թիվ 540-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգը, ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 916-Ն որոշումը` մարդու առողջոււթյան վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության նախազգուշացման տեքստերը հաստատելու վերաբերյալ: Ծխախոտային արտադրատեuակների յուրաքանչյուր փաթեթավորում Հայաuտանի Հանրապետության պետական լեզվով ներառում է` խեժի, նիկոտինի պարունակության մաuին տեղեկություն, առողջության վրա ծխախոտի ներգործած բացաuական ազդեցության մաuին նախազգուշացում: Նախազգուշացման տեքuտը պետք է զբաղեցնի ոչ պակաu, քան մեծածախ եւ մանրածախ առեւտրում oգտագործվող uպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) առջեւի եւ հետեւի պատերի ծավալի 30 տոկոuը:

5. Կոնվեցիայի 12 -րդ հոդվածի համաձայն «Յուրաքանչյուր Կողմ պահպանում եւ ուժեղացնում է բնակչության ծխախոտի դեմ պայքարի հարցերի մասին իրազեկության համակարգը, համապատասխան դեպքերում օգտագործելով բոլոր առկա տեղեկատվության միջոցները: Այդ նպատակներով յուրաքանչյուր Կողմ նախաձեռնում եւ իրականացնում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցները, որոնք նպատակաուղղված են նշվածի աջակցությանը»:

2006 թվականից իրազեկման միջամտություններ եւ քարոզարշավ իրականացնելու նպատակով Հայաստանում հատկացվում են ֆինանսական միջոցներ: Աշխատանքը իրականացվում է հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, ինչպես նաեւ ՀՀ ԱՆ կողմից` օգտագործելով ԶԼՄ-ների կարողությունները:

6. Կոնվեցիայի 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր Կողմ, իր սահմանադրության կամ սահմանադրական դրույթների համաձայն, ամբողջությամբ արգելում է ծխախոտային արտադրատեսակների գովազդը, վաճառքի խթանումը եւ հովանավորությունը: Դա ներառում է, իրավական պայմանների պահպանումն ու այդ Կողմի ունեցած տեխնիկական միջոցների առկայությունը` հաշվի առնելով, իր տարածքից դուրս եկող անդրսահմանային գովազդի, վաճառքի խթանման եւ հովանավորության լիակատար արգելումը: Այդ կապակցությամբ, յուրաքանչյուր Կողմ, իր համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հինգ տարվա ընթացքում պատշաճ օրենսդրական, գործադիր, վարչական եւ/ կամ այլ միջոցներ է ձեռնարկում»:

«Գովազդի մասին» ՀՀ օրենքի համաձայն ծխախոտային ապրանքների գովազդը արգելված է հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, արտաքին գովազդով, ներառյալ` գովազդային վահանակներով (ուժի մեջ է 2006թ. հոկտեմբերի 1-ից), ցուցապաստառներով, այլ միջոցներով, ինչպես նաեւ գոյություն ունեն մասնակի սահմանափակումներ` կապված տպագիր մամուլում (օրաթերթեր եւ ամսագրեր) գովազդման ձեւի եւ բովանդակության վերաբերյալ եւ այլն: Կոնվեցիայի այս հոդվածը ամբողջությամբ ներդնելու նպատակով Ծխելու դեմ պայաքարի պետական ծրագրով մշակվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ` Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներին եւ ուղեցույցներում ամրագրված սկզբունքներին համապատասխան:

7. Կոնվեցիայի 14-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր Կողմ, հաշվի առնելով ազգային հանգամանքներն ու գերակայությունները, մշակում եւ տարածում է գիտական եւ գործնական տվյալների վրա հիմնված պատշաճ, համակողմանի եւ համալիր ղեկավար սկզբունքներ, եւ ձեռնարկում է արդյունավետ միջոցներ ծխախոտի օգտագործման դադարեցման եւ ծխախոտից կախվածության բուժման համապատասխան արդյունավետ միջոցներ»:

Այս հոդվածի ներդման նպատակով 2008-2009 թթ. ՀՀ ԱՆ կողմից մշակվեց եւ հաստատվեց «Ծխախոտի օգտագործումը դադարեցնելուն ուղղված խորհրդատվության, բուժման առողջության առաջնային պահպանման բժշկական հաստատությունների բժիշկների համար» առաջին ազգային ուղեցույցը:

8. Կոնվեցիայի 16-րդ հոդվածի համաձայն «Կողմերը ընդունում են, որ ծխախոտի ապօրինի առեւտրի բոլոր ձեւերի, այդ թվում մաքսանենգության, ապօրինի արտադրման եւ կեղծման վերացումը, ինչպես նաեւ ենթատարածաշրջանային, տարածաշրջանային եւ գլոբալ համաձայանագրերից զատ համապատասխան ազգային օրենսդրության մշակումն ու իրականացումը հանդիսանում են ծխախոտի դեմ պայքարի անհրաժեշտ բաղադրամասեր»:

Այս հոդվածի հետ կապված ԱՀԿ ՃՊՇԿ կողմերի համաժողովը որոշում ընդունեց մշակել արձանագրություն, որի մշակման գործընթացին իր մասնակցությունը ունի Հայաստանը:

9. Կոնվեցիայի 16-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում եւ իրականացնում է ազգային օրենսդրությամբ սահմանված տարիքը կամ տասնութ տարի չլրացած անձանց ծխախոտային արտադրատեսակների վաճառքի արգելմանն ուղղված արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ»:

Սույն հոդվածի ներդման նպատակին է ծառայում 2004 թվականին ընդունված «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը: Օրենքը արգելում է անչափահասների կողմից եւ անչափահասներին ծխախոտի վաճառքը (մինչեւ 18 տարեկան), բոլոր տեսակի ինքնասպասարկումները, ներառյալ` ավտոմատ սարքերի միջոցով (բացառությամբ այն վայրերի, որտեղ անչափահասների մուտքը արգելված է), հատիկով սիգարետների վաճառքը, անվճար օրինակների տրամադրումը:

10. Կոնվեցիայի 20-րդ հոդվածի համաձայն «Կողմերը ձեռնարկում են տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակներում ծխախոտի դեմ պայքարի ոլորտում ազգային հետազոտությունների զարգացմանն ու աջակցությանը, գիտա-հետազոտական ծրագրերի համակարգմանն ուղղված միջոցներ»:

Սույն հոդվածը ներդնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են մի շարք հետազոտություններ, այդ թվում` Դեռահասների գլոբալ հարցում ծխախոտի օգտագործման մասին (2004 եւ 2009), Գլոբալ հարցում առողջապահական հաստատությունների ուսանողների շրջանում (2006), նույն նպատակին են ծառաել նաեւ առողջապահության համակարգի գնահատման շրջանակներում իրականացված հարցումները (2007 եւ 2009), որոնք ուղղված էին ծխախոտի օգտագործման տարածվածության եւ իրազեկվածության աստիճանի դիտարկմանը: Այս աշխատանքը շարունակական է:

11. Կոնվեցիայի 21-րդ հոդվածի համաձայն «Յուրաքանչյուր Կողմ Քարտուղարության միջոցով Կողմերի Համաժողովին է ներկայացնում Կոնվենցիայի իր կատարման մասին պարբերական զեկույցներ: Յուրաքանչյուր Կողմ պատրաստում է իր սկզբնական/առաջին զեկույցը տվյալ Կողմի համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում»:

Համապատասխան հաստատված ձեւաչափի Հայաստանի Հանրապետությունում ԾՊՇԿ իրականացման մասին զեկույցները ներկայացվեցին ԱՀԿ ԾՊՇԿ քարտուղարություն:

12. Կոնվեցիայի 22-րդ հոդվածի համաձայն` «Կողմերը համագործակցում են, անմիջականորեն կամ իրավասու միջազգային մարմինների միջոցով, զարգացող եւ անցումային տնտեսությամբ երկրների սույն Կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարաման ներուժի հզորացման նպատակով: Այդպիսի համագործակցությունը նպատակ ունի աջակցել, փոխադարձ համաձայնությամբ, գիտա-տեխնիկական եւ իրավաբանական փորձի փախանցմանը` ծխախոտի դեմ պայքարի ոլորտում ազգային ռազմավարությունների, պլանների եւ ծրագրերի մշակման ու հզորացման նպատակով:

Այս հոդվածի պահանջների համաձայն 2008 եւ 2009 թթ. ՀՀ ԱՆ կողմից տրամադրվել է փորձագիտական աջակցություն` Ուկրաինայի «Ծխախոտի դեմ պայքարի» ազգային ռազմավարությունը մշակելու նպատակով:

13. Շրջանակային կոնվեցիայի 6-րդ հոդվածի համաձայն` «Կողմերը ընդունում են, որ գնային եւ հարկային միջոցները բնակչության տարբեր խմբերի, հատկապես երիտասարդության շրջանում ծխախոտի օգտագործման նվազեցման արդյունավետ եւ կարեւոր միջոց են: Կողմերը պարտավորվում են սեփական ժողովրդի առողջապահական նկատառումներից ելնելով, իրականացնել համապատասխան հարկային քաղաքականություն` նպատակաուղղված ծխախոտի արտադրանքի սպառման նվազեցմանը»:

Սույն հոդվածը ներդնելու ճանապարհին ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկել ծխախոտի արտադրանքի համար սահմանված հաստատագրված վճարի դրույքաչափերը բարձրացնելու ուղղությամբ` 2008 եւ 2010 թթ. «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում կատարվել են համապատասխան փոփոխություններ:

ԾՊՇԿ-ի իրականացման մեկնարկը բավական հաջող էր, ինչի մասին վկայում են արդեն իսկ ընդունված օրենքները, իրավական ակտերը եւ որոշումները: Միեւնույն ժամանակ պետք է նշել, որ սա դժվարին գործընթացի սկիզբն է միայն, քանի որ ծխախոտային արդյունաբերությունը բավական զորեղ է Հայաստանում, եւ նոր իրավական ակտերը, ինչպես նաեւ գործող օրենսդրության մեջ կատարվող լրացումները եւ փոփոխությունները դեռ պետք է քննություն անցնեն մեր իրականության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ