News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Մոսկվայում Մաքսային միությանն անդամագրվելու մասին հայտնի հուշագրի ստորագրումը լրջագույն մարտահրավեր դարձավ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների ինքնիշխանության համար: Այս մասին, «Հ1» հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում, հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նրա հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Եթե Խորհրդային Հայաստանի իշխանությունները հնարավորություն չունեին լիարժեք պահանջներ ներկայացնել հայոց ազգային իրավունքների վերաբերյալ եւ հարկադրված էին լռել, ապա Խորհրդային միության անկումից հետո հայկական երկու հանրապետությունների իշխանությունները ազգային-ազատագրական պայքարի դրոշը, պայքարի ղեկավարումը պարտավոր էին տանել բոլոր ճակատներում:

Շուրջ 20 տարի առաջ հայ ժողովուրդը իր  պատմական ընթացքի մեջ արձանագրեց բեկում. մենք մեր պատմական հայրենիքում ժողովրդի քվեի ուժով հաստատեցինք հայկական իշխանություն, որի արդյունքը Արցախի ազատագրումն էր:

Սակայն ձեռք բերված հաղթանակը, այնուամենայնիվ, արմատական շրջադարձ չունեցավ հայկական բնօրրանում՝ հայ ժողովրդի ապրելու բացարձակ եւ անվիճելի իրավունքների համար:

Ժողովրդի քվեի ուժով հաստատված հայկական իշխանությունը 1995 թվականից հետո  փոխվեց եւ այսօր արդեն նրա տեղում  հակահայ իշխանություն է:

Հակահայ իշխանությունը լայնածավալ գործունեություն է իրականացնում՝ վերացնելու երկու հայկական պետությունները: Ինչպես անցյալ դարի սկզբին գործում էր ծրագիր հայկական բարձրավանդակից բնաջնջել հայերին, այնպես էլ այսօր գործում է հայերին իրենց հայրենիքից տարհանելու հակահայ ծրագիրը:

Այս պահին հակահայ ծրագիրը իրականացվում է Սերժ Սարգսյանի գործուն մասնակցությամբ: Նրա կողմից, սույն թվականի սեպտեմբերի 3-ին, երկրի արտաքին քաղաքական ուղեգծի միանձնյա եւ կտրուկ փոփոխությունը, Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի կնքման փոխարեն Մոսկվայում Մաքսային միությանն անդամագրվելու մասին հայտնի հուշագրի ստորագրումը լրջագույն մարտահրավեր դարձան Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների ինքնիշխանության համար: Այդ միության մաքսային դրույքաչափերի ընդունումը մեր երկրին սպառնում է գների շեշտակի աճով եւ բնակչության սոցիալական վիճակի էլ ավելի վատթարացմամբ եւ արտագաղթի ծավալների էլ ավելի մեծացմամբ:

Ուրեմն ի՞նչ վերջնանպատակ ունեն հակահայերը` մեր պատմական հայրենիքում թողնել այնքան բնակչություն եւ այդ բնակչությանը վերահսկող Սերժ Սարգսյաններ, ովքեր ի զորու չեն լինի հանդես գալ որպես ազատ եւ անկախ պետության քաղաքացիներ:

Սիրելի հայրենակիցներ,  

Արթնացե´ք, արթնացրե´ք Ձեր մեջ Հայրենիքը կորցնելու վտանգի զգացումը,

Արդարության մարտիկնե'ր, ոտքի ելե´ք. Հայրենիքը պաշտպանության կարիք ունի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ