News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական բյուջեից 14 մլն 451 հազար դրամ սուբսիդիա է հատկացվում երեք հանրակացարանային շենքերի շահագործման նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ անդրադառնալով վերջերս մամուլում հրապարակված տեղեկությանը, թե Միգրացիոն պետական ծառայությունը  տարվա ընթացքում միայն 50 մլն 146 հազար դրամ է հատկացրել փախստականների մասին տեղեկությունների մշակման եւ տեղեկատվական փոխանակման համար` այդպիսով տեղեկատվության հավաքագրման նպատակով մոտ 3,5 անգամ ավելի գումար հատկացնելով, քան փախստականների կարիքները հոգալու համար:

Գագիկ Եգանյանը NEWS.am-ին պարզաբանեց, որ նախ 3.5 անգամ պակաս գումար հատկացվում է ոչ թե Ադրբեջանից բռնագաղթված փախստականների կարիքները հոգալու, այլ նրանցով բնակեցված հանրակացարանային մասնաշենքերի ընթացիկ շահագործման աշխատանքները կազմակերպելու համար:

«Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի սպասարկման տակ  գործում են 3 տարբեր բնակավայրերում գտնվող հանրակացարանային մասնաշենքեր, որոնցում բնակվում են Ադրբեջանից, Իրաքից, Սիրիայից եւ այլ երկրներից տեղահանված ավելի քան 700 փախստական, ինչպես նաեւ որոշ թվով տեղաբնակ ընտանիքներ: Եվ պետական բյուջեից կազմակերպությանը հատկացվող 14 մլն 451 հազար դրամ սուբսիդիայի հաշվին իրականացվում է այդ մասնաշենքերի ընդհանուր օգտագործման տարածքների եւ սանհանգույցների մաքրումը, լուսավորումը, ջրամատակարարման եւ ջրահեռացման  համակարգերի անխափան գործունեությունը, հանրակացարաններում բնակվող ընտանիքների հաշվառումը եւ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ»,-նշեց Գ. Եգանյանը: 

Իսկ ինչ վերաբերում է «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությանը, ապա Գ. Եգանյանը նշեց, որ կենտրոնի կողմից 2004 թ-ից ի վեր ստեղծվել, շահագործվում ու սպասարկվում են թվով 8 ինտերնետային տեղեկատվական համակարգեր՝ ներառյալ դրանց ծրագրային ապահովման մշակումը, տվյալների շտեմարանների ստեղծումը, համապատասխան սերվերային հանգույցի ստեղծումը եւ շահագործումը: «Այդ տվյալների շտեմարանները պարունակում են ավելի քան վեց հարյուր հազար անձանց մասին թարմացվող տվյալներ՝ Ադրբեջանից բռնագաղթված փախստականներ, ապաստան հայցողներ, ներքին տեղահանված անձինք եւ այլ կատեգորիաների միգրանտներ: Այնպես որ ՊՈԱԿ-ին հատկացվող գումարները չեն ուղղվում միայն փախստականների մասին տեղեկությունների

մշակման ու տեղեկատվության փոխանակմանը, ինչպես որ նշված էր մամուլի հրապարակման մեջ»,-ընդգծեց ծառայության պետը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ