News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Շալվա Փիփիայի գլխավորած պատվիրակությանը: «Մենք կարեւորում ենք Վրաստանի հետ փոխհարաբերությունների ամրապնդումն ու խորացումը եւ քայլեր կձեռնարկենք, որպեսզի այդ կապերը կոնկրետ արդյունքներ տան», -  ողջույնի խոսքում նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետը կարեւորել է երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների համար փոխգործակցության նպաստավոր միջավայրի ձեւավորումը եւ տեղեկատվության փոխանակումը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Վրաստանի գյուղատնտեսության նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ընդունելության համար ու տեղեկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում եւ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում ունեցած հանդիպումների արդյունքների եւ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ կապերի սերտացման եւ համագործակցության հեռանկարային ուղղությունները: Անդրադարձ է եղել երկու երկրների միջեւ գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման եւ արտահանման  ծավալներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում եւ Վրաստանում գյուղատնտեսության զարգացման առաջնահերթությունների, ինչպես նաեւ պետության աջակցությամբ ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Հայաստանի վարչապետը ջերմ ողջույններ է փոխանցել Վրաստանի իր գործընկերոջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ