News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը բարձր է գնահատում ԵԽ նախարարների խորհրդում նախագահելու ընթացքում Հայաստանի ձեռքբերումները: Այս մասին նա հայտարարել է «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ» խորհրդաժողովի ընթացքում:

Անդրադառնալով խորհրդաժողովի բուն թեմային` ԵԽ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է այլատյացության եւ անհանդուրժողականության դրսեւորման անթույլատրելիությունը  հատկապես քաղաքական գործիչների եւ լրատվամիջոցների արտահայտություններում: Ըստ նրա` ազգային եւ մշակութային բազմազանությունը անհրաժեշտ է դիտարկել եվրոպական տարածաշրջանի զարգացման դրական գործոն, այլ ոչ թե հակառակը: Այս համատեքստում նա հիշեցրել է, որ անցյալում ռասիզմն ու այլատյացությունն արդեն  խիստ խանգարել են Եվրոպային եւ չպետք է խանգարեն ապագայում:

ԵԽ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է նացիստական Գերմանիայի իրադարձությունները եւ հրեաների հալածանքները: «Նման դրսեւորումները խանգարում են մարդու իրավունքների պաշտպանությանը», - ընդգծել է ԵԽ-ի գլխավոր քարտուղարը, նշելով, որ իրենց հայտարարություններում քաղաքական գործիչները  պետք է նրբանկատ լինեն: Նա հավելել է, որ մի քանի եվրոպական քաղաքական կուսակցություններ մեծ վտանգ կարող են ներկայացնել: Մասնավորապես հակասեմականության եւ իսլամատյացության  դրսեւորումները կարող են վտանգավոր լինել, եւ քաղաքական գործիչները պետք է գիտակցեն, թե ուր կարող են տանել նման միտումները:  «Ռասիզմը քայքայում է հասարակությունը: Այդ երեւույթի դեմ պայքարը պայքար է հանուն հասարակության: Եվրոպան միշտ էլ բազմազան է եղել եւ այդպիսին էլ պետք է լինի», - ընդգծել է ԵԽ-ի գլխավոր քարտուղարը:

Ըստ նրա` անհրաժեշտ է ուժեղացնել բնագավառի մշտադիտարկումը, քանի որ անհանդուրժողականության դրսեւորումները խոչընդոտում են ժողովդրավարության զարգացմանը:  Այդ հարցում կարեւոր են համատեղ ջանքերը, հիշեցրել է ԵԽ-ի գլխավոր քարտուղարը: Ըստ նրա` ՄԻԵԴ-ը 70 տարբեր բանաձեւ է հստակեցրել, որոնք կարող են վիրավորական համարվել ռասիզմի, ինչպես նաեւ՝ ծայրահեղականության եւ խոսքի ազատության տեսանկյունից:

Նշենք, որ խորհրդաժողովը լրատվամիջոցների համար փակ է` բացի ներածական մասից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ