News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիան (AJA) հոկտեմբերի 28-30-ին կազմակերպում է երրորդ միջազգային ոսկերչական խոշոր ցուցահանդեսը՝ Yerevan Show-2013, որն այս անգամ կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ցուցահանդեսի եւ հայ ոսկերչության հեռանկարների շուրջ զրուցեցինք AJA-ի փոխնախագահ եւ Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի (CIBJO) արտադրողների կոմիտեի նախագահ Արտակ Ուդումյանի հետ:

Պրն. Ուդումյան, ի՞նչ նորություններ կարող ենք ակնկալել Yerevan Show-2013 ցուցահանդեսում:

Սա երրորդ անընդմեջ միջազգային ոսկերչական ցուցահանդեսն է, եւ կարող ենք ասել՝ այն ավանդույթ է դարձել: Յուրաքանչյուր հերթական ցուցահանդեսին մասնակիցների էական աճ ենք արձանագրում, նկատում ենք, որ միջազգային ոսկերչական շուկայում սա արդեն նկատելի դերակատարում ունի: Այս տարի 100-ից ավելի մասնակից է գալու 21 կամ 22 երկրից, այդ թվում՝ Ռուսաստանից, Լիբանանից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից եւ այլն; Ամենամեծ պատվիրակությունը գալու է Թուրքիայից;  Առաջին ցուցահանդեսի մասնակիցները 28 էին, երկրորդում՝ 45 էր, հիմա 100-ից ավելի: Սա դառնում է այն ցուցահանդեսներից, որ մտնում են միջազգային օրացույցների մեջ, ինչպես օրինակ՝ Malca-Amit-ի, օրացույց (այս ընկերությունը տնօրինում է ոսկերչական իրերի տեղափոխման եւ ապահովագրման համաշխարհային շուկայի 65%-ը:

Ցուցահանդեսին միայն հայկական ոսկերչությո՞ւնն է ներկայացված:

Ոչ՝ մասնակիցներից շատերը ազգությամբ հայեր չեն, ինչը եւս այս ցուցահանդեսի առանձնահատկություններից է, նրան տալիս է տարածաշրջանային նշանակություն: Հայաստանից մասնակիցների քանակը նույնպես մեծացել է: Թեեւ տաղավարները  վճարովի են, 26-27 հայտ միայն Հայաստանից ենք ստացել: Մենք բերում ենք նաեւ մեծ խումբ մեծածախ գնորդների, որոնց ներկայությունն արդեն իսկ շահագրգռում է մասնակիցներին: Հարյուրից ավելի գնորդների ծախսերի մեծ մասը վերցնում ենք մեզ վրա, լինելու են գնորդներ Ռուսաստանից, Հոնկոնգից, ԱՄԷ-ից եւ այլն:

Վերջերս Հայաստան են եկել մեծ թվով սիրիահայ ոսկերիչներ: Նրանց կողմից հետաքրքրություն կա՞ ցուցահանդեսի նկատմամբ:

Այո: Մենք հատուկ զեղչեր ենք սահմանել սիրիահայ ոսկերիչների համար: Երբ ոսկերչության ազատ տնտեսական գոտին լինի՝ ավելի լուրջ կօգնենք, տարածքներ կտրամադրենք:

Իսկ երբ է՞ լինելու ազատ գոտին:

Մոտ կես տարուց կբացենք: Շենքի հարցը լուծվել է՝ նախկին «Ավիահամալիր» գործարանի շենքում է լինելու՝ Կաշեգործների փողոցի վրա; Արդեն սկսել ենք շենքի վերանորոգման աշխատանքները: Բոլոր ենթակառուցվածքները կստեղծենք ոսկերչության զարգացման համար, կլինեն հարկային արտոնություններ:

Ինչպե՞ս եք գնահատում հայաստանցի ոսկերիչների աշխատանքների որակը:

Հայաստանում, իհարկե, բազմաթիվ բարձրակարգ ոսկերիչներ կան: Սակայն շատերը ժամանակից ետ են մնացել, քանի որ նոր տեխնոլոգիաներ են ի հայտ գալիս ու վերապատրաստման կարիք կա: Հիմա աշխարհում զարգանում է ոսկերչական իրերի զանգվածային արտադրությունը՝ լազերային գործիքների ու 3D պրինտերների կիրառմամբ, թեեւ ձեռքի անհատական աշխատանքը, բնականաբար, իր նշանակությունը չի կորցրել: Կադրերի խնդիրը հիմա շատ կարեւոր է: ՀՀ կրթության նախարարության հետ պայմանագիր կնքեցինք, որպեսզի քոլեջներում ու ուսումնարաններում մասնագետներ պատրաստեն ազատ գոտու համար:

Ինչո՞վ եք բացատրում արծաթի նկատմամբ ներկայիս մեծ հետաքրքրությունը:

Հիմնական պատճառը ոսկու գնի շեշտակի աճն է, դժվարացել է ոսկերչական իրերի վաճառքը: Այդ պատճառով արծաթի նկատմամբ պահանջարկն ավելացել է: Ոսկու գինը, ճիշտ է, վերջին շրջանում 20-30%-ով անկման միտում ունի, սակայն մինչ այդ բարձրացել էր 5-6 անգամ;

Զրուցեց՝ Սամվել Ավագյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ