News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհուրդը Հայաստանի փաստաբանների եւ իրավապաշտպանների համար սկսել է անցկացնել վերապատրաստողների վերապատրաստման դասընթացը, որը նվիրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) եւ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) կիրառման հարցերին՝ գլխավորապես ուշադրություն դարձնելով խտրականության չափանիշների վրա: Վերապատրաստման չորս փուլերից առաջին եռօրյա վերապատրաստումը տեղի է ունենում Երեւանում, Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում: 

Մրցույթի միջոցով ընտրված շուրջ 30 փաստաբաններ եւ իրավապաշտպաններ կմասնակցեն վերապատրաստմանը: Վերապատրաստման չորս փուլերն ավարտելուց հետո մասնակիցները քննություն կհանձնեն, որից հետո նրանք կձեւավորեն վերապատրաստողների մի խումբ, որը զինված կլինի խտրականության իրավունքի վերաբերյալ համապատասխան գիտելիքներով: Նրանք իրենց գիտելիքները կփոխանցեն փաստաբանների եւ իրավապաշտպանների այլ խմբերի` վերապատրաստելով վերջիններիս կիրառել մարդու իրավունքների համընդհանուր չափանիշները ներպետական դատական գործերում: Արդյունքում, հայ փաստաբաններն ու իրավապաշտպանները կկարողանան ավելի հիմնավոր գանգատներ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Պավլյուկը շեշտել է վերապատրաստողների վերապատրաստման դասընթացի հնարավոր արդյունքի մասին: «Կարծում եմ, որ խտրականության եվրոպական ընկալման, ինչպես նաեւ խտրականության գործերի ընդունելիության առանձնահատկությունների առավել լավ ըմբռնումը զգալիորեն կբարելավի մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկվող գործերի որակը»,- նշել է Պավլյուկը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան նշել է, որ խտրականության գործերի վերաբերյալ պատշաճ արձագանքը մեծ կարեւորություն ունի Եվրոպական միության համար, ինչպես նաեւ հույս հայտնել, որ փաստաբանները եւ իրավապաշտպանները օգուտ կքաղեն այս ուսուցման հնարավորությունից:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ընդգծել է նոր փորձագետներ բացահայտելու եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշպանության մասին կոնվենցիայով սահմանված խտրականության հասկացության վերաբերյալ վերջիններիս գիտելիքները բարձրացնելու կարեւորությունը: «Լիահույս եմ, որ վերապատրաստմանը մասնակցող փաստաբաններն ու իրավապաշտպանները կկարողանան առավելագույնս օգտվել այս բացառիկ հնարավորությունից, եւ այն մեծապես կնպաստի խտրական վերաբերմունքի ներպետական գործերի արդյունավետ քննությանը» նշել է Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ