News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վրաստանի հայաբնակ շրջաններում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Նա նշեց, որ ըստ նախնական տեղեկությունների՝  Մարգվելաշվիլին Ախալքալաքում շուրջ 65 տոկոս ձայն է ստացել, իսկ Նինոծմինդայում՝  70 տոկոս: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Դավիթ Բաքրաձեն, ով երկու շրջաններում էլ հավաքել է մոտավորապես 20 տոկոս ձայն:

Դեսպանը նշեց, որ ընդհանուր առմամբ, ինչպես ողջ երկրում, ընտրողների ակտիվությունը բարձր չի եղել՝ շուրջ 40 տոկոս՝ հատկապես համեմատած նախորդ ընտրությունների հետ:

«Ընտրություններն, ընդհանուր առմամբ, անցել են հանգիստ, խաղաղ մթնոլորտում, որեւէ լուրջ միջադեպ կամ ճչացող խախտում չի արձանագրվել, կարելի է ասել՝ Վրաստանը ունեցավ հերթական քաղաքակիրթ ընտրությունները»,- ասաց Հովհաննես Մանուկյանը:

Ինչ վերաբերում է տեղի հայկական կազմակերպությունների տրամադրություններին, դեսպանի խոսքով, Ջավախքի դեպքում  արդյունքներն ինքնին  խոսում են այդ մասին, իսկ Թբիլիսում քանի որ համայնքը չունի կոմպակտ բնակեցվածություն, շատ բարդ է ասել, թե ձայների կոնկրետ ինչ բաշխում է եղել:

«Կարծում եմ տարբեր են եղել մեր ազգակիցների նախասիրությունները, սակայն մեծ հաշվով, ի նկատի ունենալով թեկնածուների ստացած ձայների հարաբերակցությունը, նույն համամասնությունն էլ կարելի է ենթադրել հայկական ընտրազանգվածի նախասիրություններում»,- ասաց դեսպանը:

Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ հայ համայնքն անկեղծ հույսեր է կապում «Վրացական երազանք» քաղաքական ուժի հետ, եւ բնականաբար, որպես այդ ուժի ներկայացուցիչ՝ նաեւ Գեւորգի Մարգվելաշվիլիի հետ:

«Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա դրանք առնչվում են թե համայնքի հոգեւոր, կրթամշակութային կյանքին, մասնավորապես՝ հայկական եկեղեցիների վերականգնման եւ հոգեւոր համայնքին վերադարձմանը, հայկական դպրոցների վիճակի բարելավմանը եւ լեզվի ուսուցման խնդիրներին, մշակութային ինքնության պահպանման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, այնպես էլ Վրաստանում բնակվող հայության սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը եւ երկրի հասարակական-քաղաքական կյանքում պատշաճ ներկայացվածությանը»,- ասաց Հովհաննես Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին փաստացի հաղթում է ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով ընտողների մեծ մասի ձայները: Այսպիսին են ԿԸՀ տվյալները, որտեղ հաշվարկվել է ընտրատեղամասերի 81 տոկոսից ստացված տվյալները:

Վրաստանը ընտրական օրենսդրության համաձայն՝ առաջին փուլում հաղթող է համարվում այն թեմնածուն, որը հավաքել է ձայների 50 տոկոսից ավելին: ԿԸՀ նախնական տվյալների համաձայն՝ Մարգվելաշվիլիի օգտին քվեարկել է 829 454 ընտրող, այսինքն ընտրություններին մասնակցած անձանց կեսից ավելին: Դա նշանակում է, որ նա հաղթել է առաջին փուլում, անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն մնացած ընտրատեղամասերի արդյունքները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ