News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է ծագումով Բաքվից, այժմ ԱՄՆ-ում բնակվող հայ գրող Աննա Թերքոթ Աստվածատուրյանի հարցազրույցը:

Մի փոքր պատմեք Ձեր մասին:

Ծնվել ու մեծացել եմ Բաքվում, թեեւ ծնողներս արմատներով Հայաստանի Սյունիքի մարզից են, հերոսական Խնձորեսկ գյուղից, որը դեռեւս Պետրոս Մեծի Կասպիական արշավանքի ժամանակ ինքնապաշտպանական մարտեր էր վարում պարսիկ եւ թուրք նվաճողների դեմ: Իմ նախնիների թվում կան այնպիսիք, ովքեր վերապրել են 1915թ.-ի ցեղասպանությունն ու 1918թ.-ին Բաքվի հայերի ջարդը: Իսկ ինձ վիճակված էր ականատես լինել արդեն Խորհրդային Ադրբեջանում հայկական ջարդերին: Ինչպես տեսնում եք իմ եւ իմ ընտանիքի կենսագրությունը մասամբ արտոցոլում է վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի պատմությունը՝ ջարդեր, ցեղասպանություն, նորից ջարդեր ու գոյության, արդարության համար անսպառ պայքար: Ու վերածնունդ:

1990թ.-ի հունվարը շրջադարձային էր Բաքվում հայերի ներկայության համար: Պատմեք Ձեր ընտանիքի մասնակցության մասին:

Սումգայիթյան իրադարձությունների մասին հիմնականում տեղեկանում էինք հարազատներից ու ընկերներից: Պաշտոնական տեղեկատվությունն ու առավել եւս տեղական մամուլը լռում էր այդ մասին: Մենք կարծում էին, որ Սումգայիթը մեկուսացված առանձին դեպք է, ու որ նման բան երբեք տեղի չի ունենա ջերմ բարեկամական Բաքու քաղաքում: Սակայն 88-ը փոփոխությունների տարի էր նաեւ Ադրբեջանի մայրաքաղաքի համար: Նոյեմբերին ջարդեր տեղի ունեցան Կիրովաբադում, հետո մտցրեցին խորհրդային հրասայլերը: Ես արդեն միայնակ դպրոց չէի կարող գնալ, ու մենք ստիպված էին կաշառել զինվորներին, որպեսզի նրանք պաշտպանեն մեզ: Սակայն չեմ կարծում, որ հարձակման դեպքում նրանք մեզ կպաշտպանեին: Միակ բանը, որ նրանք արեցին, այն է, որ թույլ չտվեցին ադրբեջանցի ցուցարարներին ջարդել Լենին մարմարե հուշարձանը: Շատ հայեր անցան հետդարձի սահմանն ու աստիճանաբար լքեցին Բաքուն: Մեզ համար այդպիսին 1989թ.-ն էր, երբ մենք անցանք Հայաստան, իսկ 4 ամիս անց եղավ այն, ինչ եղավ:

Արդեն ԱՄՆ-ում Դուք տպագրեցիք Բաքվի դեպքերի մասին գիրքը: Ինչպե՞ս ծնվեց գաղափարը:

Տատիկս՝ Լյուդմիլա Կաշեեւան (Ադամյան), ռուսաց լեզվի ու գրականության ուսուցչուհի էր: Երբ սկսվեց կոտորածը, նա դրդեց ինձ ամենը գրի առնել օրագրում: «Գրի այն, ինչ տեսնում ես, որպեսզի ինքդ չմոռանաս ու պատմես մյուսներին»,- ասեց նա ինձ: Բաքվում 10 տարեկանից, ապա Երեւանում, հետո ԱՄՆ-ում ես օրագիր էի վարում: Սկզբում ռուսերեն, հետո թարգմանել եմ անգլերեն, որպեսզի իմ որդու ու աղջկա համար, ովքեր ծնվել են ԱՄՆ-ում, հեշտ լինի հասկանալ, թե ինչպես  վերջացավ դարավոր հայկական քաղաքակրթությունը Բաքվում, եւ ինչպիսի դժվարությունների միջով անցան փախստականները հենց Հայաստանում: Օրագիրը պահարանում մնաց 16 տարի, հետո այն ընթերցեց ընտանիքի բարեկամ գրող Թաթուլ Սոնենց Փափազյանը: Նա էլ օգնեց գիրքը հրատարակել, իսկ հազարավոր մարդիկ ընթերցեցին այն: Մենք գիրքն անվանեցինք «Դեպի անհայտություն. Վտարման պատմություն»:

Արդյունքները գերազանցեցին սպասելիքները: Շատ ամերիկացիներ ու անգամ ամերիկահայեր պատմում էին, որ Բաքվի ջարդերի մասին առաջին անգամ իմացել են գրքից: Մյուս փախստականների համար գիրքն իր տեսակի թերապիա էր, որն օգնում էր փրկվել մոռացումից: Չէ որ նրանք մինչ այդ լռում էին ու փորձում մոռանալ ադրբեջանական հանցագործությունների մասին: Հիմա, ինչպես իրենք են խոստովանում, սկսել են խոսել ու գրել այդ մասին: Ես հանդես եմ եկել ԱՄՆ-ի Կոնգրեսում ու պատմել եմ գրքի, գոյության պայքարի մասին: Մենք այն ներկայացրել ենք ու շարունակում ենք ներկայացնել Ամերիկայի տարբեր քաղաքներում: Իսկ Washington Times-ը տպագրել է իմ նամակը:

Ի՞նչ  ծրագրեր ունեք:

Փորձում եմ միջոցներ գտնել գիրքը Հայաստանում ու Ռուսաստանում հրատարակելու համար: Աշխատում եմ գրքի նոր տարբերակի վրա: Սակայն երկրորդ հրատարակության համար ցանկանում եմ գնալ Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ: 20 տարի անց ես կվերադառնամ Հայաստան: Երբ համացանցում Ղարաբաղի մասին տեսանյութեր եմ դիտում, մտածում եմ, որ նրանց կամ, բոլորին կսպանեին, կամ նրանք կարժանանային իմ ճակատագրին՝ վտարում անհայտություն: Եթե չլիներ մեր հաղթանակը: Եթե չլիներ անկախությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ