News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վրաստանի կառավարությունը կգլխավորի Բիձինա Իվանիշվիլիի թիմի ամենաերիտասարդ նախարարը՝ ներքին գործերի 31-ամյա նախարար Իրակլի Գարիբաշվիլին:

«Վրաստանը կունենա եվրապական ազդեցիկ կառավարություն եւ արժանի վարչապետ», - նոյեմբերի 2-ին հայտարարել է Իվանիշվիլին՝ Գարիբաշվիլիին առաջադրելով վարչապետի պաշտոնում: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ապագա վարչապետի թեկնածությունը հավանություն էր ստացել դաշինքի կողմից, սակայն թեկնածուի անունը գաղտնի էր պահվում: 

Իվանիշվիլին հրաժարական կտա նոյեմբերի 24-ին՝ Վրաստանի նոր նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունից տասը օր անց:

«Իրակլի Գարիբաշվիլին նախարար աշխատելու ընթացքում ապացուցել է, որ արժանի է նաեւ վարչապետի պաշտոնին: Վարչապետն ավելի մեծ իշխանություն կունենա, եւ Իրակլին համապատասխան կլինի այդ պաշտոնին», - ասել է Իվանիշվիլին, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:

Իրակլի Գարիբաշվիլին ի պատասխան խոստացել է շարունակել Իվանիշվիլիի վարած քաղաքականությունը եւ շնորհակալություն է հայտնել իրեն ցուցաբերած վստահության համար:

Նա հայտնել է, որ կառավարությունում կտրուկ փոփոխություններ չի նախատեսում: Գարիբաշվիլին նաեւ ձեռնպահ է մնացել ներքին գործերի նախարարի թեկնածուի անունը հայտնելուց: 

Իրակլի Գարիբաշվիլին ավարտել է Իվանե Ջավախաշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (1999-2004):  2002-2004թթ. զուգահեռ սովորել է Փարիզի Սորբոնի համալսարանում՝ միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ:  2004-2012թթ. ղեկավար պաշտոններ է զբաղեցրել  Բիձինա Իվանիշվիլիին պատկանող Cartu Group ընկերության տարբեր կազմակերպություններում:

2012թ. դարձել է  «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիրներից մեկը: 2012թ. նոյեմբերից զբաղեցնում է Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնը: Տիրապետում է վրացերենին, անգլերենին, ֆրանսերենին եւ ռուսերենին: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ