News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դերասան Վարդան Պետրոսյանի «BMW» մակնիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենաների՝ հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ողբերգական բախման հետեւանքով 10 օր հիվանդանոցում գտնվող Տաթեւ Հակոբյանին նոյեմբերի 1-ին առաջին անգամ վիրահատել են։

«Բժիշկները սպասում էին, որպեսզի հեմոգլոբինի մակարդակը բարձրանա, որ կարողանան վիրահատել»,- NEWS.am-ին ասաց Տաթեւ Հակոբյանի համադասարանցին, որը նախընտրեց անունը չհրապարակել։

Տաթեւի ոտքը վիրահատել են, երկաթ տեղադրել։ «Բժիշկներն ասել են, որ կքայլի, բայց ժամանակի հարց է»,- ասաց նա։

Տաթեւին եղբոր եւ հորեղբոր որդու՝ 16-ամյա Էդգար եւ Էդվարդ Հակոբյանների մահվան մասին տեղեկացրել են։ «Ասեց՝ ես զգում էին, որ մահացել են»,- պատմեց  ընկերուհին՝ նշելով, որ Տաթեւը կռահել էր նրանից, որ ծնողներն այս օրերի ընթացքում եղբոր մասին ոչինչ չէին խոսել, եւ ամբողջ ժամանակ միայն իր մոտ են եղել։

Տաթեւը մանրամասներ է պատմել դեպքի մասին. «Ասաց, որ գիտակցությունը չի կորցրել ու ամեն ինչ հիշում է։ Հայրը տեսել է, որ հետուից եկող Վարդան Պետրոսյանի մեքենան արագ է քշում ու անկանոն, ասել է՝ կանգնենք, թող գա անցնի։ Կանգնել են ու մեքենան եկել, խփել է»։

Տաթեւը նաեւ հիշել է, որ սկզբում իրեն ու եղբորը շտապօգնության նույն մեքենայում են տեղավորել, բայց հետո եղբորը դուրս են բերել։ Նաեւ դրանից է աղջիկը կռահել, որ եղբայրն արդեն այդ պահին մահացած է եղել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Դերասան Վարդան Պետրոսյանի մոտ առկա էր ներքին արյունահոսություն, լյարդի եւ փայծաղի պատռվածք, փայծաղը հեռացրել են, իսկ լյարդի պատռվածքը՝ կարել: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից հորեղբոր որդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Հայկը, Արթուրը եւ Արթուրի դուստրը տեղափոխվել էին հիվանդանոց։ Հայկն ու Արթուրը հիվանդանոցից դուրս են գրվել, բուժումը շարունակում են տանը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով ( ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ. պատժվում է ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով):

Տպել
Ամենաշատ